Հոդված 20. ՊԵՏԱԿԱՆ և ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻՆ ԻՐԱԶԵԿ ԼԻՆԵԼԸ
Հոդված 20. ՊԵՏԱԿԱՆ և ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻՆ ԻՐԱԶԵԿ ԼԻՆԵԼԸ
Պետական և ծառայողական գաղտնիքին իրազեկ կարող են լինել`
ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիները` կամավորության հիման վրա.
բ) օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
Պետական և ծառայողական գաղտնիքին իրազեկ լինելու համար քաղաքացիները պարտավոր են ունենալ դրա իրավունքը, որը տրվում է քաղաքացիների գրավոր համաձայնությամբ, լիազորված մարմինների կողմից, իրենց նկատմամբ ստուգողական միջոցառումներ անցկացնելու և այդ միջոցառումների դրական արդյունքների հիման վրա պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների կամ կազմակերպությունների կողմից իրենց հետ աշխատանքային պայմանագիր կնքելու միջոցով:
Քաղաքացիների նկատմամբ ստուգողական միջոցառումները, որոնց անցկացման նպատակը սույն օրենքի 21 հոդվածով նախատեսված հիմքերի հայտնաբերումն է, իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Համապատասխան քաղաքացու հետ կնքվող աշխատանքային պայմանագրում նախատեսվում են`
ա) իրեն վստահված պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները չտարածելու ուղղությամբ պետության առջև քաղաքացու պարտավորությունը.
բ) սույն օրենքի 23 հոդվածին համապատասխան, քաղաքացու իրավունքների ժամանակավոր սահմանափակումների կիրառման, ինչպես նաև որոշակի արտոնությունների հատկացման պայմանները.
գ) պետական և ծառայողական գաղտնիքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրական նորմերին քաղաքացու իրազեկ լինելը.
դ) կողմերի իրավունքներն ու պարտականությունները.
ե) պայմանագրի գործողության վաղաժամկետ դադարեցման հիմքերը.
զ) պայմանագրի գործողության ժամկետը:
Աշխատանքային պայմանագրում կարող են նախատեսվել նաև այլ պայմաններ, որոնք կողմերն անհրաժեշտ կհամարեն: Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների գաղտնիության երեք աստիճաններին համապատասխան սահմանվում են պետական և ծառայողական գաղտնիքին իրազեկ լինելու իրավունք տալու երեք ձևեր`
ա) հատուկ կարևորության տեղեկություններին.
բ) հույժ գաղտնի տեղեկություններին.
գ) գաղտնի տեղեկություններին:
Գաղտնիության առավել բարձր աստիճանի տեղեկություններին իրազեկ լինելու իրավունքի առկայությունը հիմք է հանդիսանում գաղտնիության ավելի ցածր աստիճանի տեղեկություններին իրազեկ լինելու իրավունք ունենալու համար:
Պետական և ծառայողական գաղտնիքին քաղաքացիների, ինչպես նաև պաշտոնատար անձանց իրազեկ լինելու իրավունք տալու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: