Հոդված 8. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ և ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՇԱՐՔԻՆ ԴԱՍԵԼՈՒ և ԴՐԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ և ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 8. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ և ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՇԱՐՔԻՆ ԴԱՍԵԼՈՒ և ԴՐԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ և ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Հայաստանի Հանրապետության Նախագահը`
ա) որոշում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմում պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանության ապահովման ուղղությամբ պաշտոնատար անձանց լիազորությունները.
բ) իր իրավասության սահմաններում իրականացնում է տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու և դրանց պաշտպանության բնագավառում այլ լիազորություններ:
2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը`
ա) իրականացնում է տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու և դրանց պաշտպանության բնագավառում հարաբերությունների օրենսդրական կարգավորումը.
բ) որոշում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանության ապահովման ուղղությամբ պաշտոնատար անձանց լիազորությունները.
գ) իր իրավասության սահմաններում իրականացնում է տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու և դրանց պաշտպանության բնագավառում այլ լիազորություններ:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`
ա) ապահովում է սույն օրենքի կատարումը.
բ) մշակում և հաստատում է պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանության բնագավառում պետական ծրագրերը և ապահովում այդ ծրագրերի գործնական իրականացումը.
գ) մշակում և հաստատում է տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու լիազորություններով օժտված պետական մարմինների պաշտոնատար անձանց ցանկը.
դ) մշակում և հաստատում է պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների ցանկը.
ե) ձեռնարկում է միջոցներ պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները համատեղ օգտագործելու և պաշտպանելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կատարման ուղղությամբ և իր կողմից, սահմանված կարգով, որոշումներ է ընդունում պետական գաղտնիքի տեղեկակիրներն այլ պետություններին փոխանցելու հնարավորության մասին.
զ) սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրս պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հաշվառման, պահպանման և փոխանցման կարգը.
է) սահմանում է մամուլում և լրատվության մյուս միջոցներում, ինչպես նաև արտասահման առաքվող նյութերում պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների տարածման նկատմամբ պետական վերահսկողության իրականացման կարգը.
ը) («ը» կետն ուժը կորցրել է 20.03.02 ՀՕ-317)
թ) սահմանում է պետական և ծառայողական գաղտնիքի տեղեկակիրների հետ ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և ֆիզիկական անձանց վարվելու կարգը.
ժ) հաստատում է պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանության կառուցվածքային ստորաբաժանումների ձևավորման և գործունեության կազմակերպման կարգը.
ժա) սահմանում է մշտական հիմունքներով պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարող քաղաքացիների և այդպիսի գաղտնիքի պաշտպանության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցների համար արտոնությունների հատկացման չափերն ու կարգը.
ժբ) որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմում պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանության ապահովման ուղղությամբ պաշտոնատար անձանց լիազորությունները.
ժգ) իր իրավասության սահմաններում իրականացնում է տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու և դրանց պաշտպանության բնագավառում այլ լիազորություններ:
4. Հանրապետական գործադիր, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները`
ա) ապահովում են պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանության բնագավառում համապատասխան ծրագրերի իրականացումը, ինչպես նաև պետական և ծառայողական գաղտնիքի մասին օրենսդրության պահանջների կատարումն իրենց ենթակա ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում.
բ) իրենց իրավասության սահմաններում ապահովում են պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանության կառուցվածքային ստորաբաժանումների ստեղծումն ու գործունեությունն իրենց ենթակա ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում, որոշումներ են ընդունում այդպիսի ստորաբաժանումների վերակազմավորման կամ լուծարման մասին.
գ) իրենց իրավասության սահմաններում ապահովում են պետական կամ ծառայողական գաղտնիքին իրազեկ լինելու իրավունք ձեռք բերող քաղաքացիների նկատմամբ ստուգողական միջոցառումների անցկացումը.
դ) իրենց իրավասության սահմաններում իրացնում են պետական և ծառայողական գաղտնիքի մասին օրենսդրությամբ նախատեսված միջոցները` համապատասխան անձանց արտոնությունների հատկացման և իրավունքների սահմանափակման ուղղությամբ.
ե) պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանության համակարգի ձևավորման և գործող համակարգի կատարելագործման վերաբերյալ կարող են մշակել առաջարկություններ և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը.
զ) իրենց իրավասության սահմաններում իրականացնում են տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու և դրանց պաշտպանության բնագավառում այլ լիազորություններ:
5. Սահմանադրական դատարանը, դատական և դատախազական մարմինները`
ա) ապահովում են պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանությունն իրենց գործունեության ընթացքում.
բ) սահմանում են սահմանադրական դատարանում, դատական և դատախազական մարմիններում պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանության ապահովման ուղղությամբ պաշտոնատար անձանց լրազորությունները:
(8-րդ հոդվածը փոփ. 20.03.02 ՀՕ-317)