Հոդված 3
Հոդված 3
Անդամ պետության մաքսային մարմինը սույն Պայմանագրի 2-րդ հոդվածում նշված նպատակներով կասեցնում է կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխումը իրավապահ մարմինների և (կամ) այդ անդամ պետության լիազոր մարմնի կողմից իրեն տրամադրված տեղեկությունների հիման վրա և դրա մասին անհապաղ տեղեկացնում է համապատասխան տեղեկությունները տրամադրած մարմնին:
Տեղեկությունները, որոնց հիման վրա անդամ պետության մաքսային մարմինը կասեցնում է դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխումը, պետք է պարունակեն կանխիկ դրամական միջոցները և (կամ) դրամական գործիքները տեղափոխող անձի նույնականացման համար անհրաժեշտ հետևյալ տվյալները՝
ֆիզիկական անձանց դեպքում՝ ազգանունը, անունը և (եթե այլ բան չի բխում օրենքից կամ ազգային սովորույթից) հայրանունը, ծննդյան ամսաթիվն ու վայրը, քաղաքացիությունը,
իրավաբանական անձանց դեպքում՝ կազմակերպության անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրի հասցեն:
Առկայության դեպքում լրացուցիչ նշվում են հետևյալ տվյալները՝
անձը հաստատող փաստաթղթի տեսակն ու վավերապայմանները, փաստաթղթի սերիան ու համարը, փաստաթղթի տրման ամսաթիվը (ֆիզիկական անձանց դեպքում),
հարկեր, հավաքագրումներ (տուրքեր) վճարողի նույնականացման (հաշվառման) համարը կամ գրանցված երկրում տրամադրված համանման համարը (իրավաբանական անձանց դեպքում),
երթուղու վերաբերյալ տվյալներ՝ ներառյալ մեկնման (ժամանման) երկիրը, ամսաթիվը, տրանսպորտային միջոցի կամ չվերթի տեսակն ու համարը,
լիազոր մարմնի և (կամ) իրավապահ մարմինների մոտ եղած այլ տվյալներ, որոնք նրանց կարծիքով կարող են դյուրացնել կանխիկ դրամական միջոցներ և (կամ) դրամական գործիքներ տեղափոխող անձի նույնականացումը:
Մաքսային մարմին ներկայացված այն տեղեկությունների հավաստիության ու հիմնավորվածության համար պատասխանատվությունը, որոնց հիման վրա կասեցվում է կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխումը, կրում է այդ տեղեկությունները ներկայացրած մարմինը:
Անհրաժեշտության դեպքում անդամ պետության մաքսային մարմինները, տվյալ անդամ պետության օրենսդրության համաձայն, համագործակցում են այդ անդամ պետության այլ պետական մարմինների հետ այն անձի նույնականացման նպատակով, որի կողմից կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխումն անհրաժեշտ է կասեցնել:
(3-րդ հոդվածը փոփ. ԵՎՏՄԱՊ 20.07.21)