Հոդված 1
Հոդված 1
Սույն Պայմանագրի նպատակներով օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝
1) դրամական գործիքներ՝ ճանապարհային չեկեր, մուրհակներ, չեկեր (բանկային չեկեր), ինչպես նաև փաստաթղթային արժեթղթեր, որոնցով հաստատվում է թողարկողի (պարտապանի)՝ այն դրամական միջոցները վճարելու պարտավորությունը, որոնց դեպքում չի նշվում այն անձը, որին կատարվում է այդ վճարումը,
2) հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներ՝ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) և ահաբեկչության ֆինանսավորման դեմ՝ սույն Պայմանագրով նախատեսված հակազդման միջոցներ ընդունող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության (այսուհետ, համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություն) օրենսդրության համաձայն որպես հանցագործություն ճանաչված արարքների կատարման արդյունքում ստացված դրամական միջոցներ կամ այլ գույք,
3) հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացում (լվացում)՝ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների տիրապետումը, օգտագործումը կամ տնօրինումն իրավաչափ դարձնելուն ուղղված գործողություններ,
4) կանխիկ դրամական միջոցներ՝ թղթադրամների ու գանձապետական տոմսերի, մետաղադրամների տեսքով դրամանիշեր՝ բացառությամբ թանկարժեք մետաղներից պատրաստված մետաղադրամների, որոնք շրջանառության մեջ են գտնվում և օրինական վճարամիջոց են հանդիսանում կամ Միության անդամներ չհանդիսացող պետություններում (պետությունների խմբում), այդ թվում՝ շրջանառությունից հանված կամ հանվող, սակայն շրջանառության մեջ գտնվող դրամանիշերի հետ փոխանակման ենթակա դրամանիշերը,
5) կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման կասեցում՝ Միության մաքսային սահմանով տեղափոխվող դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տիրապետման, օգտագործման ու տնօրինման իրավունքի ժամանակավոր սահմանափակման ուղղությամբ իրավապահ մարմինների և (կամ) լիազոր մարմինների կողմից տրամադրված տեղեկությունների հիման վրա մաքսային մարմինների կողմից իրականացվող գործողություններ, որոնք նախորդում են այդ կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների՝ բացթողման կամ առգրավման (դրանց վրա արգելանք դնելու) մասին որոշման ընդունմանը,
6) լիազոր մարմին՝ անդամ պետության մարմին, որը, այդ անդամ պետության օրենսդրության համաձայն, լիազորված է հավաքել, վերլուծել ու իրավապահ և (կամ) մաքսային մարմիններին փոխանցել հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) և ահաբեկչության ֆինանսավորման հնարավոր դեպքերին առնչվող տեղեկությունները,
7) ահաբեկչության ֆինանսավորում՝ միջոցների տրամադրում կամ հավաքում կամ ֆինանսական ծառայությունների մատուցում՝ այն գիտակցմամբ, որ դրանք նախատեսված են ահաբեկչական բնույթի առնվազն մեկ հանցագործության կազմակերպման, նախապատրաստման կամ իրականացման ֆինանսավորման համար կամ առնվազն մեկ այդպիսի հանցագործության կատարման նպատակով ստեղծված կամ ստեղծվող կազմակերպված խմբի, ապօրինի զինված միավորման, հանցավոր համագործակցության (հանցավոր կազմակերպության) ապահովման համար:
(1-ն հոդվածը փոփ. լրաց. ԵՎՏՄԱՊ 20.07.21)