Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1993-11-16-ից մինչև 1994-11-08։Բացել գործող տեքստը

Հոդված 17. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովը, նրա իրավասությունը

գործել է մինչև 1994-11-08Բացել ARLIS-ում

Հոդված 17. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովը, նրա իրավասությունը

1. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովը ստեղծվում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի և Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից և հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում պետական ձեռնարկությունների սեփականաշնորհումն ու ապապետականացումն իրականացնող իրավասու պետական մարմին:

Պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման և ապապետականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի որոշումներն իրավական ուժ են ստանում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելուց հետո:

Հանձնաժողովի կազմը սահմանվում է 20 հոգուց, որոնցից 10-ին ընտրում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը, իսկ մնացած 10-ին նշանակում է Հայաստանի Հանրապետության նախագահը: Հանձնաժողովի կազմից հանձնաժողովի նախագահի թեկնածությունը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի հաստատմանն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության վարչապետը: Հանձնաժողովի անդամների և նախագահի իրավասությունների ժամկետը հինգ տարի է: Հանձնաժողովի նախագահը չի կարող զբաղեցնել այլ վճարովի պաշտոն:

Հանձնաժողովում որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում նախագահի ձայնը որոշիչ է:

2. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովը`

ա) մշակում է պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման ծրագրի նախագիծը, ինչպես նաև ծրագրում առաջարկվող լրացումների և փոփոխությունների նախագծերը և ներկայացնում Հայաստանի Հանրապետության նախագահին.

բ) ծրագրին համապատասխան և սույն օրենքով սահմանված կարգով կազմակերպում է սեփականաշնորհման և ապապետականացման ընթացքը, քննարկում է սեփականաշնորհման և ապապետականացման հայտերը, որոշումներ է ընդունում պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին (բացառությամբ աշխատավորական կոլեկտիվներին առանց գնման իրավունքի պետական գույքը վարձակալությամբ հանձնելու հարցերի).

գ) մշակում է սեփականաշնորհվող և ապապետականացվող ձեռնարկությունների գույքի և անավարտ շինարարության օբյեկտների գնահատման կարգը և դրանց սեփականաշնորհումն ու ապապետականացումը կարգավորող նորմատիվ այլ ակտերի նախագծերը և ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը.

դ) ելնելով ծրագրից, սեփականաշնորհման մասնակիցների նկատմամբ կիրառում է սահմանափակումներ, որոնք վերաբերում են`

անհատ մասնակցին հասանելիք բաժնեմասի կամ բաժնետոմսերի գումարին կամ տոկոսաչափին.

առանձին մասնակիցներին (ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի անդամներին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և նրանց խմբերին, ոչ պետական ձեռնարկություններին և պետական մասնակցությամբ ձեռնարկություններին, օտարերկրյա անձանց) հասանելիք բաժնեմասերի կամ բաժնետոմսերի գումարին կամ տոկոսաչափին.

բոլոր մասնակիցներին հասանելիք գումարային բաժնեմասին կամ բաժնետոմսերին` նշելով պետությանը պատկանող մասը.

ե) ծրագրի պահանջներից ելնելով իրականացնում է ձեռնարկությունների նախապատրաստումը սեփականաշնորհման, այդ նպատակով ստեղծելով համապատասխան հանձնաժողովներ կամ Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարություններին, գերատեսչություններին և պետական կառավարման տեղական մարմիններին առաջարկելով իրականացնել սեփականաշնորհման նախապատրաստական աշխատանքները.

զ) վերահսկում է ծրագրով սահմանված սեփականաշնորհման և ապապետականացման ընթացքում գտնվող ձեռնարկությունների նկատմամբ համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների և պետական կառավարման տեղական մարմինների իրավասությունների սահմանափակումների կատարումը.

է) վերահսկում է սեփականաշնորհման և ապապետականացման ընթացքը, այդ թվում սեփականաշնորհման նախապատրաստման աշխատանքները և պետական ձեռնարկությունների վարձակալությունը դրանց աշխատավորական կոլեկտիվի կողմից, սահմանված ձևով հաշվետվություններ ստանալով Հայաստանի Հանրապետության նախարարություններից, գերատեսչություններից և պետական կառավարման տեղական մարմիններից.

ը) կասեցնում է պետական կառավարման և հանրապետական և տեղական մարմինների սեփականաշնորհմանը և ապապետականացմանը վերաբերող այն որոշումները, որոնք հակասում են սույն օրենքին, ծրագրին, Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ ակտերին, ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ կետի «դ», «ե», «զ» ենթակետերի հիման վրա Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի կայացրած որոշումներին և դիմում Հայաստանի Հանրապետության նախագահին առաջարկելով վերացնել այդ որոշումները.

թ) որոշում, հրապարակում և եռամսյակը մեկ անգամ ճշգրտում է սեփականաշնորհվող «փոքր» օբյեկտների տարածքի արժեքի հաշվարկման ուղղիչ գործակիցները` ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված այդ գործակիցների նվազագույն և առավելագույն չափերից.

ժ) քննարկում է սեփականաշնորհմանը և ապապետականացմանը վերաբերող առաջարկությունները, դիմումները և գանգատները.

ժա) տարին առնվազն երկու անգամ հաշվետվություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին և Հայաստանի Հանրապետության նախագահին, որոնցում տրվում է հաշվետու ժամանակաշրջանում իրականացված սեփականաշնորհման և ապապետականացման ընթացքը, տեղ գտած խախտումների և թերությունների վերլուծությունը, արվում առաջարկություններ սեփականաշնորհման և ապապետականացման կազմակերպման, ինչպես նաև գործող օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ.

ժբ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի և Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից իրեն վերապահված այլ լիազորությունները:

3. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի գործունեությունն ապահովելու նպատակով ստեղծվում է աշխատակազմ, որի ղեկավարը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի անդամ և նշանակվում է Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից: Աշխատակազմի կառուցվածքը և հաստիքացուցակը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի ներկայացմամբ: Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի և նրա աշխատակազմի գործունեությունը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։