Հոդված 34. Անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման կարգը
Հոդված 34. Անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման կարգը
1. Անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի ներկայացմամբ` ելնելով ծրագրից:
Անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման հայտերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին:
2. Անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումը իրականացվում է`
ա) աճուրդով կամ մրցույթով.
բ) սեփականաշնորհվող ձեռնարկության գույքի բաղկացուցիչ մասը կազմող անավարտ շինարարության օբյեկտը այդ ձեռնարկության այլ գույքի հետ միասին` ձեռնարկության գնորդի համաձայնության դեպքում:
3. Անավարտ շինարարության օբյեկտի գինը որոշվում է նրա նախահաշվային արժեքի, փաստացի կատարված շինմոնտաժային աշխատանքների և օբյեկտի համար ձեռք բերված գույքի արժեքի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության, Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարության, գերատեսչության կամ պետական կառավարման տեղական մարմնի կողմից:
Սույն հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված դեպքերում անավարտ շինարարության օբյեկտները այդ գնով առաջարկվում են սեփականաշնորհվող ձեռնարկությունների աշխատավորական կոլեկտիվներին:
Անավարտ շինարարության օբյեկտները աճուրդով կամ մրցույթով սեփականաշնորհելու ժամանակ այդ գները համարվում են մեկնարկային:
Ծրագրով սահմանված անավարտ շինարարության առավել արժեքավոր առանձին օբյեկտների մեկնարկային գինը որոշելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է հրավիրել օտարերկրյա փորձագետներ կամ մասնագիտացված կազմակերպություններ:
Ձեռք բերվող անավարտ շինարարության օբյեկտների համար վճարումը գնորդի ցանկությամբ կարող է իրականացվել միանվագ կամ տարաժամկետ` ելնելով ծրագրում սահմանված սանդղակից:
Վճարման ձևը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` ելնելով ծրագրից: