Հոդված 18. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության իրավասությունը սեփականաշնորհման և ապապետականացման գործում
Հոդված 18. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության իրավասությունը սեփականաշնորհման և ապապետականացման գործում
1. Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների օտարումը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, նրանց խմբերին, ոչ պետական ձեռնարկություններին, պետական մասնակցությամբ ձեռնարկություններին, ինչպես նաև օտարերկրյա անձանց իրականացնում է միայն Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությունը:
2. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությունը`
ա) գնահատում է սեփականաշնորհվող, ոչ պետական ձեռնարկություններ կամ պետական մասնակցությամբ ձեռնարկություններ ստեղծելու համար տրամադրվող և գնման իրավունքով վարձակալությամբ տրվող պետական ձեռնարկությունների գույքի, ինչպես նաև անավարտ շինարարության օբյեկտների արժեքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
բ) իրականացնում է պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների վաճառքը սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ ակտերով սահմանված կարգով.
գ) ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումից, սահմանում է սեփականաշնորհվող օբյեկտի համար վճարումների չափերը, ժամկետները և կարգը, հետևում է վճարումների կատարմանը և խախտումներ հայտնաբերելու դեպքում իրեն վերապահված իրավասության շրջանակներում կիրառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տույժեր.
դ) ելնելով ծրագրից, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի համապատասխան որոշումից, սահմանափակումներ է դնում սեփականաշնորհվող օբյեկտների գործունեության վրա (այդ թվում գործունեության պրոֆիլի պահպանմանը և աշխատակիցների քանակին վերաբերող), հետևում է դրանց կատարմանը և խախտումներ հայտնաբերելու դեպքում իրեն վերապահված իրավասության շրջանակներում կիրառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տույժեր.
ե) տվյալ օբյեկտը ձեռք բերող անձի հետ կնքում է սեփականաշնորհման պայմանագիր, հետևում է դրա կատարմանը և պայմանագիրը խախտելու դեպքում իրեն վերապահված իրավասության շրջանակներում կիրառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տույժեր.
զ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով իրեն վերապահված այլ լիազորություններ:
3. Պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությունը իր գործունեությունն իրականացնելու համար կարող է ստեղծել տարածքային բաժանմունքներ: