Հոդված 29. Պետական ձեռնարկությունների սեփականաշնորհումը մրցույթով
Հոդված 29. Պետական ձեռնարկությունների սեփականաշնորհումը մրցույթով
1. Մրցույթով վաճառվում են.
ա) այն ձեռնարկությունները, որոնք ծրագրով նախատեսված են սեփականաշնորհման միջազգային մրցույթով կամ օտարերկրյա փոխարկելի արժույթով.
բ) այն «փոքր» օբյեկտները, որոնք ձեռք չեն բերվել դրանց աշխատավորական կոլեկտիվների կողմից.
գ) լուծարված պետական ձեռնարկությունների գույքը:
2. Մրցույթի ձևով սեփականաշնորհմանը իրավունք ունեն մասնակցելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, քաղաքացիների խմբերը, ոչ պետական ձեռնարկությունները և օտարերկրյա անձինք` առանց սահմանափակման: «Փոքր» օբյեկտների աշխատավորական կոլեկտիվներն իրավունք ունեն մասնակցելու «փոքր» օբյեկտների մրցույթին ընդհանուր հիմունքներով:
3. Նշված օբյեկտները մրցույթով վաճառելու մասին որոշումներն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի ներկայացմամբ:
Մրցույթով վաճառքը կատարվում է այն դեպքում, եթե գնորդից պահանջվում է կատարել մրցույթի մասին որոշում ընդունած մարմնի կողմից սահմանված որոշակի պայմանները: Մրցույթով վաճառքի մասին որոշումն ընդունած մարմինը կազմում է մրցութային հանձնաժողով, որը հրապարակայնորեն հայտարարում է մրցույթի մասին, նախապատրաստում մրցույթը, իրականացնում այն, որոշում մրցույթի հաղթողին:
Մրցույթի հաղթող է ճանաչվում այն անձը, որի առաջարկները առավելագույն չափով բավարարում են ներկայացված պահանջներին:
Այն առաջարկները, որոնցում օբյեկտի առաջարկվող գինը ցածր է մեկնարկային գնի 50 տոկոսից, մրցութային հանձնաժողովի կողմից չեն քննարկվում:
Մրցույթը առանց հաղթողին հայտարարելու դադարեցվում է այն դեպքում, եթե սահմանված ժամկետում մրցութային հանձնաժողովը ոչ մի առաջարկ չի ստացել կամ` եթե ստացված առաջարկները չեն համապատասխանում մրցույթի պայմաններին: Միայն մեկ առաջարկի առկայությունը չի կարող առանց հաղթողին հայտարարելու մրցույթը դադարեցնելու պատճառ հանդիսանա:
4. Մրցույթով պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների վաճառքի ընդհանուր կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, նշելով մրցույթին մասնակցելու անհրաժեշտ պայմանները, մրցութային հանձնաժողով կազմելու, մրցութային առաջարկներ քննարկելու, մրցույթի հաղթողին որոշելու, առանց հաղթողին հայտարարելու մրցույթը դադարեցնելու, սեփականության իրավունքը մրցույթի հաղթողին փոխանցելու կարգը:
Առանձին օբյեկտների մրցույթի անցկացման ժամկետները, մասնակիցների և նրանց կողմից ներկայացված առաջարկների նկատմամբ պահանջները սահմանում է մրցութային հանձնաժողովը:
Մրցութային հանձնաժողովները չեն կարող սահմանափակել առանձին (այդ թվում և օտարերկրյա) անձանց` մրցույթին մասնակցելու իրավունքը, եթե այդ մասին նշված չէ սույն օրենքում, ծրագրում կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ ակտերում:
Մրցույթի և դրա պայմանների մասին պետք է հայտարարվի հրապարակայնորեն մրցույթն սկսվելուց առնվազն մեկ ամիս առաջ:
5. Միջազգային մրցույթի ձևով վաճառքի է ենթակա ձեռնարկությունն ամբողջությամբ կամ ձեռնարկության գործունեությունը վերահսկել թույլատրող մասը, եթե այն կազմում է ձեռնարկության մեկնարկային արժեքի 51 տոկոսից ոչ պակաս:
Ձեռնարկությունը կարող է վաճառվել ամբողջությամբ այն դեպքում, եթե դրան իր համաձայնությունն է տվել ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ընդհանուր ժողովը (լիազորների ժողովը, կոնֆերանսը) սույն օրենքի 23 հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով:
Միջազգային մրցույթով սեփականաշնորհման ենթակա ձեռնարկությունների աշխատավորական կոլեկտիվներն իրավունք ունեն ձեռք բերելու այդ ձեռնարկությունների գույքի մինչև 30 տոկոսը իրենց ընդհանուր ժողովի (լիազորների ժողովի, կոնֆերանսի) որոշմամբ և սույն օրենքով սահմանված կարգով:
Այն դեպքում, եթե ծրագրով նախատեսված է միջազգային մրցույթի ենթակա ձեռնարկության գույքի մի մասը իրացնել բաժնեմասերի տեսքով, ապա այդ մասի և ձեռնարկության կոլեկտիվին հասանելիք մասի գումարը չի կարող գերազանցել սեփականաշնորհվող ձեռնարկության մեկնարկային գնի 49 տոկոսը:
Այն դեպքում, եթե միջազգային մրցույթը դադարեցվել է առանց հաղթողին հայտարարելու, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովը մեկ ամսվա ընթացքում պետք է մշակի ձեռնարկության կամ միջազգային մրցույթով սեփականաշնորհվող դրա բաժնեմասի սեփականաշնորհման նոր տարբերակ:
6. Մրցույթով «փոքր» օբյեկտների վաճառքի մասին հրապարակային հայտարարության մեջ պետք է նշված լինեն գործունեության այն ձևերը, որոնցով թույլատրվում է զբաղվել այդ տարածքում: Նշված գործունեության ձևերը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով պետք է համաձայնեցված լինեն պետական կառավարման տեղական մարմնի հետ:
Այն դեպքում, եթե մրցույթը դադարեցվել է առանց հաղթողին հայտարարելու, նշված «փոքր» օբյեկտը սահմանված կարգով լուծարվում է, և նրա գույքը վաճառվում է մրցույթով կամ աճուրդով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
7. Օտարերկրյա անձինք միջազգային, ինչպես նաև «փոքր» օբյեկտների մրցույթին մասնակցում են Հայաստանի Հանրապետության պաշտոնական արժույթով: Օտարերկրյա փոխարկելի արժույթը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որոշված Հայաստանի Հանրապետության բանկային հիմնարկներից մեկում պետք է փոխանակվի Հայաստանի Հանրապետության պաշտոնական արժույթով` ընդհանուր առևտրային կուրսով: Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում կարող է նախօրոք մրցույթի մասին հրապարակայնորեն հայտարարելու ժամանակ սահմանել փոխանակման հատուկ կուրս:
Ծրագրով նախատեսված ձեռնարկությունների համար միջազգային մրցույթն իրականացվում է միայն օտարերկրյա փոխարկելի արժույթով: