Հոդված 30. Պետական ձեռնարկությունների վաճառքը աճուրդով
Հոդված 30. Պետական ձեռնարկությունների վաճառքը աճուրդով
1. Աճուրդով վաճառվում են.
ա) այն ձեռնարկությունները, որոնք ծրագրով նախատեսված են սեփականաշնորհման միջազգային աճուրդով.
բ) այն «փոքր» օբյեկտները, որոնք ձեռք չեն բերվել աշխատավորական կոլեկտիվների կողմից.
գ) լուծարված պետական ձեռնարկությունների գույքը:
2. Աճուրդի ձևով սեփականաշնորհմանն իրավունք ունեն մասնակցելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, քաղաքացիների խմբերը, ոչ պետական ձեռնարկությունները և օտարերկրյա անձինք` առանց սահմանափակման: «Փոքր» օբյեկտների աշխատավորական կոլեկտիվներն իրավունք ունեն մասնակցելու «փոքր» օբյեկտների աճուրդին ընդհանուր հիմունքներով:
3. Նշված օբյեկտներն աճուրդով վաճառելու և աճուրդի ձևի մասին որոշումներն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի ներկայացմամբ:
Աճուրդով վաճառքը կատարվում է այն դեպքում, եթե գնորդից չի պահանջվում որևէ պայմանի կատարում (բացի սույն օրենքով նշված աշխատավորական կոլեկտիվի շահերի և ձեռնարկության արտադրական պրոֆիլի պահպանման հետ կապված պայմաններից):
Աճուրդի մասին որոշումն ընդունվելուց հետո Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությունն ստեղծում է աճուրդային հանձնաժողով, որը հրապարակայնորեն հայտարարում է աճուրդի մասին և իրականացնում այն:
Աճուրդի հաղթող է ճանաչվում այն անձը, որի առաջարկած գինը ամենաբարձրն է: Աճուրդի ժամանակ գինը չի կարող իջնել մեկնարկային գնի 50 տոկոսից, հակառակ դեպքում աճուրդը համարվում է չկայացած:
4. Աճուրդով պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների վաճառքի ընդհանուր կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, նշելով աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ պայմանները, աճուրդային հանձնաժողով կազմելու, աճուրդի հաղթողին որոշելու, աճուրդը չկայացած համարելու, աճուրդի հաղթողին սեփականության իրավունքը փոխանցելու կարգը:
Աճուրդային հանձնաժողովները չեն կարող սահմանափակել առանձին (այդ թվում և օտարերկրյա) անձանց աճուրդին մասնակցելու իրավունքը, եթե այդ մասին նշված չէ սույն օրենքում, ծրագրում կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված աճուրդների անցկացման ընդհանուր կարգում:
5. Միջազգային աճուրդի ձևով վաճառքի է ենթակա ձեռնարկությունն ամբողջությամբ, կամ ձեռնարկության գործունեությունը վերահսկել թույլատրող մասը, եթե այն կազմում է ձեռնարկության մեկնարկային արժեքի 51 տոկոսից ոչ պակաս:
Ձեռնարկությունը կարող է վաճառվել ամբողջությամբ այն դեպքում, եթե դրան իր համաձայնությունը տվել է ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ընդհանուր ժողովը (լիազորների ժողովը, կոնֆերանսը) սույն օրենքի 23 հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով:
Միջազգային աճուրդով սեփականաշնորհման ենթակա ձեռնարկությունների աշխատավորական կոլեկտիվներն իրավունք ունեն ձեռք բերելու այդ ձեռնարկությունների գույքի մինչև 30 տոկոսը իրենց ընդհանուր ժողովի (լիազորների ժողովի, կոնֆերանսի) որոշմամբ և սույն օրենքով սահմանված կարգով:
Եթե ծրագրով նախատեսված է միջազգային աճուրդով վաճառքի ենթակա ձեռնարկության գույքի մի մասը իրացնել բաժնեմասերի տեսքով, ապա այդ մասի և ձեռնարկության կոլեկտիվին հասանելիք մասի գումարը չի կարող գերազանցել սեփականաշնորհվող ձեռնարկության մեկնարկային գնի 49 տոկոսը: Ծրագրով նախատեսված դեպքերում որոշ ձեռնարկությունների համար աճուրդն իրականացվում է միայն օտարերկրյա փոխարկելի արժույթով:
Այն դեպքում, եթե միջազգային աճուրդը համարվել է չկայացած, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովը մեկ ամսվա ընթացքում պետք է մշակի ձեռնարկության կամ դրա միջազգային աճուրդով վաճառվող բաժնեմասի սեփականաշնորհման նոր տարբերակ:
6. «Փոքր» օբյեկտներն աճուրդով վաճառելու մասին հրապարակային հայտարարության մեջ պետք է նշված լինեն այն սահմանափակումները, որոնց պարտավոր է հետևել «փոքր» օբյեկտի նոր սեփականատերը:
Այն դեպքում, եթե աճուրդը համարվում է չկայացած, նշված «փոքր» օբյեկտը սահմանված կարգով լուծարվում է և նրա գույքը վաճառվում է մրցույթով կամ աճուրդով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
7. Օտարերկրյա անձինք մասնակցում են աճուրդով պետական ձեռնարկությունների վաճառքին սույն օրենքի 29 հոդվածի 7-րդ կետով սահմանված կարգով: