Հոդված 8.1. Պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհումը
Հոդված 8.1. Պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհումը
Պետական ձեռնարկության գույքի հաշվեկշռային արժեքի 20 տոկոսը ենթակա է անհատույց սեփականաշնորհման պետական ձեռնարկության այն աշխատողներին, որոնք այդ մասին որոշում ընդունելու պահին տվյալ ձեռնարկությունում ունեն առնվազն մեկ տարվա անընդհատ աշխատանքային ստաժ և իրենց ցանկությունն են հայտնել մասնակցելու մասնակի անհատույց սեփականաշնորհմանը:
Պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհմանը մասնակցում են նաև`
ա) տվյալ ձեռնարկությունից ժամկետային ծառայության այն զորակոչվածները, որոնք ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին որոշման ընդունման պահին տվյալ ձեռնարկությունում ունեն առնվազն մեկ տարվա անընդհատ աշխատանքային ստաժ,
բ) 1988 թվականի հունվարի 1-ից հետո ձեռնարկությունից զինվորական ծառայության մեկնած անձինք և կամավորները, որոնք ծառայության ընթացքում ստացած վնասվածքների, խեղումների կամ հիվանդությունների հետևանքով հաշմանդամության խումբ են ձեռք բերել,
գ) 1988 թվականի հունվարի 1-ից հետո տվյալ ձեռնարկությունից զինվորական ծառայության մեկնած և զոհված զինծառայողի, կամավորի ժառանգները` օրենսդրությամբ սահմանված կարգով,
դ) աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով աշխատանքը թողած և այդ կապակցությամբ հաշմանդամության խումբ ստացած կամ տվյալ ձեռնարկությունից վնասի փոխհատուցում ստացող անձինք,
ե) օրենսդրությամբ սահմանված կարգով տվյալ ձեռնարկություն փոխադրվածները, որոնք ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին որոշման ընդունման պահին ունեն առնվազն մեկ տարվա անընդհատ աշխատանքային ստաժ,
զ) պետական ձեռնարկությունում աշխատող արհմիութենական հաստիքային աշխատողները:
Բաժնետիրական ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի (լիազորների ժողովի կամ կոնֆերանսի) կամ մասնակի անհատույց սեփականաշնորհման մասնակիցների որոշմամբ մասնակի անհատույց սեփականաշնորհմանը կարող են մասնակցել նաև`
ա) անձինք, որոնք արտադրական վնասվածքի հետևանքով կորցրել են տվյալ ձեռնարկությունում աշխատած կերակրողին և այդ ձեռնարկությունից ստանում են փոխհատուցում կամ կենսաթոշակ,
բ) կենսաթոշակառուները, որոնք կենսաթոշակի են անցել տվյալ ձեռնարկությունից և մինչև կենսաթոշակի անցնելն այդ ձեռնարկությունում ունեցել են առնվազն տաս տարվա անընդհատ աշխատանքային ստաժ:
Քաղաքացիները պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհմանը մասնակցելու իրավունքից կարող են օգտվել նշված ենթակետերից միայն մեկով նախատեսված դեպքում և միայն մեկ ձեռնարկությունում:
Մասնակի անհատույց սեփականաշնորհման ենթակա ձեռնարկությունների ցանկում չեն կարող ընդգրկվել «փոքր» օբյեկտները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացմամբ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության կողմից հաստատված ցանկի մեջ մտնող ձեռնարկությունները:
Մասնակի անհատույց սեփականաշնորհման ենթարկվելու մասին իր ցանկությունը պետական ձեռնարկությունը հաստատում է իր աշխատավորական կոլեկտիվի ընդհանուր ժողովի (լիազորների ժողովի կամ կոնֆերանսի) որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով և ժամկետներում:
Մասնակի անհատույց սեփականաշնորհումն իրականացվում է մինչև Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման առաջին ծրագրի գործողության սկիզբը:
Պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհումից հետո տվյալ ձեռնարկության շահույթի պետական սեփականություն հանդիսացող մասի հաշվին ձեռք բերված հիմնական ֆոնդերը համարվում են ձեռքբերման պահին տվյալ ձեռնարկությունում առնվազն մեկ տարվա անընդհատ աշխատանքային ստաժ ունեցող աշխատողների սեփականությունը` անկախ մասնակի անհատույց սեփականաշնորհմանը այդ աշխատողների մասնակցության հանգամանքից: Սույն արտոնությունը գործում է մինչև տվյալ ձեռնարկության սեփականաշնորհման փաստացի սկիզբը` համաձայն Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման տարեկան ծրագրի:
(8.1-ին հոդվածը լրաց. 16.11.93 ՀՕ-87, լրաց., փոփ. 09.11.94 ՀՕ-125)