Հոդված 6. Սեփականաշնորհման և ապապետականացման սուբյեկտները
Հոդված 6. Սեփականաշնորհման և ապապետականացման սուբյեկտները
1. Սեփականաշնորհման (պետական գույքի ձեռքբերման) սուբյեկտներն են`
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և քաղաքացիների խմբերը, այդ թվում սեփականաշնորհվող ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի անդամները.
ոչ պետական ձեռնարկությունները.
պետական մասնակցությամբ ձեռնարկությունները` այն դեպքում, եթե սեփականաշնորհվում է տվյալ ձեռնարկության պետական սեփականություն հանդիսացող մասը.
օտարերկրյա անձինք:
2. Ապապետականացման (իրավունքի ձեռք բերման) սուբյեկտներն են`
ապապետականացվող ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի անդամները.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և քաղաքացիների խմբերը.
ոչ պետական ձեռնարկությունները.
պետական մասնակցությամբ ձեռնարկությունները` այն դեպքում, եթե ապապետականացվում է տվյալ ձեռնարկության պետական սեփականություն հանդիսացող մասը.
օտարերկրյա անձինք:
3. Պետական մասնակցությամբ ձեռնարկությունները (այլ ձեռնարկությունների սեփականաշնորհման կամ ապապետականացման դեպքում), շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունները, հասարակական կազմակերպությունները, բարեգործական և այլ հասարակական հիմնադրամները սեփականաշնորհմանը և ապապետականացմանը կարող են մասնակցել այն դեպքում, եթե այդ մասին նշված է ծրագրում:
4. Քաղաքացիները, նրանց խմբերը, այդ թվում սեփականաշնորհվող պետական ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի անդամները հանդես են գալիս որպես սեփականաշնորհման սուբյեկտ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավաբանական անձ հանդիսացող կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություն ստեղծելուց հետո: Սեփականաշնորհման ժամանակ սեփականաշնորհման սերտիֆիկատներ օգտագործելու դեպքում քաղաքացիների շահերը կարող են ներկայացնել համապատասխան ինվեստիցիոն հիմնադրամները` սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ ակտերով սահմանված կարգով:
Քաղաքացիները, նրանց խմբերը, այդ թվում սեփականաշնորհվող պետական ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի անդամները ապապետականացմանը մասնակցելու համար սույն օրենքով սահմանված կարգով պետք է ստեղծեն համապատասխան ձեռնարկություն:
5. Սեփականաշնորհվող ձեռնարկության աճուրդին, մրցույթին, բաժնետոմսերի բաժանորդագրությանը, սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ ակտերով սահմանված սեփականաշնորհման այլ ձևերին, ինչպես նաև ապապետականացմանը մասնակցելու համար իրավաբանական անձինք և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով հայտ են ներկայացնում սեփականաշնորհումը կամ ապապետականացումը իրականացնող պետական լիազորված մարմնին, որտեղ նշում են տեղեկություններ այդ ձեռնարկությունների սեփականատիրոջ (սեփականատերերի) և կանոնադրական հիմնադրամի նրա բաժնեմասի (բաժնեմասերի) վերաբերյալ:
6. Սեփականաշնորհման հետևանքով սեփականության իրավունք ձեռք բերած, ինչպես նաև ապապետականացման հետևանքով պետական գույքի տիրապետման կամ տիրապետման և օգտագործման իրավունք ստացած սուբյեկտների վրա չեն տարածվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նորաստեղծ ձեռնարկությունների համար սահմանված հարկային արտոնությունները, բացառությամբ այն դեպքերի, երբ նորաստեղծ ձեռնարկությունը սեփականաշնորհման սուբյեկտ է դարձել լուծարված պետական ձեռնարկության գույքի սեփականաշնորհման հետևանքով:
7. Ազգայնացված, բռնագրավված կամ այլ ձևով պետականացված ձեռնարկությունների նախկին սեփականատերերը, նրանց ժառանգները, իրավահաջորդները այդ ձեռնարկությունների սեփականաշնորհմանը մասնակցում են ընդհանուր հիմունքներով: