Հոդված 11. Սակագները և օգտագործման վճարները երկաթուղային տրանսպորտում
Հոդված 11. Սակագները և օգտագործման վճարները երկաթուղային տրանսպորտում
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (այսուհետ` Կարգավորող հանձնաժողով)`
1) մշակում և հաստատում է օգտագործման վճարների հաշվարկման մեթոդաբանությունը (մեթոդիկան).
2) հաստատում և իրականացնում է օգտագործման վճարի հաշվարկը:
2. Օգտագործման վճարների սահմանման և վերանայման կարգը, այդ առնչությամբ ենթակառուցվածքի կառավարչի կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը և ցանկը (հայտի փաթեթը) սահմանում է Կարգավորող հանձնաժողովը:
3. Օգտագործման վճարների հաստատման մասին հայտը կառավարչի կողմից ներկայացվում է Կարգավորող հանձնաժողով` դրանք ուժի մեջ մտնելուց առնվազն 90 օր առաջ: Կարգավորող հանձնաժողովը օգտագործման վճարների հաստատման մասին որոշումն ընդունում է դրանք ուժի մեջ մտնելուց առնվազն 60 օր առաջ, բացառությամբ`
1) ենթակառուցվածքի կառավարչի գործունեության համար առաջին անգամ լիցենզիա ստացող անձի գործունեության օգտագործման վճարների, որոնք ուժի մեջ են մտնում Կարգավորող հանձնաժողովի որոշմամբ սահմանված ժամկետում.
2) եթե Կարգավորող հանձնաժողովի որոշմամբ ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:
4. Օգտագործման վճարների գործողության ժամկետը մեկ տարուց պակաս չի կարող լինել, բացառությամբ այն դեպքերի, երբ սահմանված օգտագործման վճարների մեծությունների` դատական կարգով բողոքարկման արդյունքում դատարանի վճռի հիման վրա Կարգավորող հանձնաժողովն ընդունում է օգտագործման վճարների սահմանման վերաբերյալ նոր որոշում:
5. Կարգավորող հանձնաժողովը կարող է սահմանել ենթակառուցվածքի կառավարչի գործունեության երկարաժամկետ օգտագործման վճար, իսկ անհրաժեշտության դեպքում` դրա ճշգրտման սկզբունքները:
6. Օգտագործման վճարները պետք է արտահայտեն որոշակի թվային արժեք:
7. Օգտագործման վճարը կարող է վերանայվել ենթակառուցվածքի կառավարչի նախաձեռնությամբ:
8. Կարգավորող հանձնաժողովը լիազոր մարմնի առաջարկությամբ կարող է վերանայել գործող օգտագործման վճարը և սահմանել նոր վճար` իր կողմից հաստատված ընթացակարգի համաձայն:
9. Ենթակառուցվածքի կառավարիչը կարող է կիրառել Կարգավորող հանձնաժողովի սահմանած վճարից ավելի ցածր վճար` բացառելով գնային խտրականությունը: Ավելի ցածր վճար կիրառելու արդյունքում ենթակառուցվածքի կառավարչի կրած հնարավոր վնասները Կարգավորող հանձնաժողովի կողմից չեն փոխհատուցվում:
10. Ենթակառուցվածքի կառավարիչը իր ֆինանսատնտեսական գործունեությանը վերաբերող հաշվետվությունները և հանձնաժողովի կողմից պահանջվող այլ տեղեկատվությունն անհրաժեշտ հիմնավորող փաստաթղթերով ներկայացնում է Կարգավորող հանձնաժողով` վերջինիս սահմանած ձևերով և կարգով:
11. Կարգավորող հանձնաժողովը օպերատորի բողոքի դեպքում իրավասու է վերահսկողություն իրականացնելու ենթակառուցվածքի կառավարչի կողմից օգտագործման վճարների կիրառման ճշտության նկատմամբ, ինչպես նաև ներկայացված հաշվետվությունների ու տեղեկատվությունների հավաստիության ճշգրտման նպատակով իրականացնելու կամ կազմակերպելու ֆինանսատնտեսական գործունեության ուսումնասիրություններ` պահանջելով հիմնավորող անհրաժեշտ փաստաթղթեր` օգտագործման վճարների կիրառման մասով:
12. Կարգավորող հանձնաժողովը ենթակառուցվածքի կառավարչի համար սահմանում է Հայաստանի Հանրապետության օրենքներին, ազգային հաշվային պլանին և իրավական այլ ակտերին համապատասխանող կարգավորմանը վերաբերող հաշիվներ և ենթահաշիվներ:
13. Կարգավորող հանձնաժողովն ընդունում է որոշումներ, որոնցով ապահովում է օգտագործման վճարների կիրառումը:
14. Միջազգային փոխադրումների սակագները սահմանվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն:
15. Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում և կարգով հայտարարված արտակարգ իրավիճակներում կառավարությունն իրավասու է անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու երկաթուղային տրանսպորտի բնագավառի կառավարման և (կամ) գործունեության կանոնակարգման համար, ներառյալ` օգտագործման վճարների և սակագների սահմանումը: