Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ, ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ, ԲԵՌՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ, ՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 25. Երկաթուղային տրանսպորտի շահագործման և երթևեկության անվտանգության ոլորտի հիմնական դրույթները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 25. Երկաթուղային տրանսպորտի շահագործման և երթևեկության անվտանգության ոլորտի հիմնական դրույթները

1. Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերը և ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերը, երկաթուղային կայարանները, ուղևորների համար նախատեսված կառամատույցները, ինչպես նաև գնացքների երթևեկության և մանևրային աշխատանքների հետ կապված երկաթուղային տրանսպորտի այլ օբյեկտները հանդիսանում են առավել վտանգավոր գոտիներ և անհրաժեշտության դեպքում պետք է պարսպապատվեն ենթակառուցվածքի կառավարչի (ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի սեփականատերերի) միջոցների հաշվին:

2. Առավել վտանգավոր գոտիներում օբյեկտների տեղակայման և քաղաքացիների գտնվելու կանոնները, այդ գոտիներում աշխատանքների իրականացումը, երկաթուղային գծերով երթևեկության և երկաթուղային գծերի անցման կանոնները հաստատում է կառավարությունը:

3. Օբյեկտները, որոնց տարածքներում իրականացվում են վտանգավոր բեռների արտադրությունը, բեռնումը, փոխադրումը և բեռնաթափումը, պետք է տեղադրվեն ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերից և նրանց վրա տեղակայված շենքերից, շինություններից և կառույցներից այնպիսի հեռավորության վրա, որը կապահովի երկաթուղային տրանսպորտի անվտանգ գործունեությունը: Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերից նշված օբյեկտների և նրանց վրա տեղակայված շենքերի, շինությունների, կառույցների, ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերին կապի գծերի, էլեկտրահաղորդումների, նավթամուղների, գազամուղների և այլ վերգետնյա և ստորգետնյա կառույցների հատման վայրերից նվազագույն հեռավորությունը սահմանում է կառավարությունը:

4. Կապի գծերի, էլեկտրահաղորդիչների, նավթամուղների, գազամուղների և ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերը հատող կամ այդ գծերի անմիջական հարևանությամբ գտնվող կառույցների սեփականատերերը պատասխանատվություն են կրում նշված կառույցների շինարարության և շահագործման սահմանված նորմերի պահպանման և նշված օբյեկտների գործունեության անվտանգության ապահովման համար: Նշված կառույցների սեփականատերերը պարտավոր են ժամանակին տեղեկացնել ենթակառուցվածքի կառավարչին վթարավտանգ իրավիճակների առաջացման մասին, որոնք կարող են ազդել երկաթուղային տրանսպորտի աշխատանքների կազմակերպման վրա, ինչպես նաև տեղեկացնել վթարների կանխման ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումների մասին:

5. Հատուկ և վտանգավոր բեռների փոխադրման, բեռնման ու բեռնաթափման ժամանակ բեռնառաքողները և բեռ ստացողները պետք է ապահովեն այդ փոխադրումների, բեռնման ու բեռնաթափման անվտանգությունը, ինչպես նաև ունենան վթարային իրավիճակների և դրանց հետևանքների վերացման համար նախատեսված համապատասխան միջոցներ: Ենթակառուցվածքի կառավարիչը և փոխադրողներն իրենց տեխնիկական և տեխնոլոգիական հնարավորությունների սահմաններում ունեցած վերականգնողական և հակահրդեհային միջոցների օգտագործմամբ պարտավոր են մասնակցել տրանսպորտային պատահարների հետևանքների վերացմանը:

6. Երկաթուղային տրանսպորտում անվտանգության ապահովման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը: Լիազոր մարմինը վերահսկողություն է իրականացնում երկաթուղային տրանսպորտում անվտանգության ապահովման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ:

7. Երկաթուղային տրանսպորտում երթևեկության անվտանգության, տրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործման և փոխադրման գործընթացի հետ կապված այլ կանոնների խախտման համար մեղավոր անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

8. Երկաթուղային գծերի ավտոմոբիլային ճանապարհների հետ հատման կարգը և երկաթուղային գծերի հատման կանոնները, երկաթուղային գծանցների շահագործման պայմանները, դրանց գործարկման և փակման կարգը սահմանում է կառավարությունը:

9. Երկաթուղային տրանսպորտում անվտանգությունն ապահովում է ենթակառուցվածքի կառավարչի անվտանգության ծառայությունը, որը հանդիսանում է հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող ծառայություն: Ենթակառուցվածքի կառավարչի անվտանգության ծառայության աշխատակիցներին իրենց գործունեությունն իրականացնելու նպատակով տրվում է վկայական, որի ձևը սահմանում է լիազոր մարմինը: Ենթակառուցվածքի կառավարչի անվտանգության ծառայության աշխատակիցներին ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում թույլատրվում է պահել և կրել քաղաքացիական և ծառայողական զենք` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

10. Երկաթուղային տրանսպորտում տրանսպորտային պատահարների և երկաթուղային տրանսպորտի շահագործման և երթևեկության անվտանգության կանոնների խախտման հետ կապված միջադեպերի ծառայողական քննության և հաշվառման կարգերը սահմանում է լիազոր մարմինը:

(25-րդ հոդվածը փոփ., լրաց. 05.02.13 ՀՕ-7-Ն, փոփ. 16.01.24 ՀՕ-40-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։