Հոդված 20. Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերին ներկայացվող հիմնական պահանջները
Հոդված 20. Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերին ներկայացվող հիմնական պահանջները
1. Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերը և դրանց վրա տեղակայված շինություններն ու սարքերը պետք է պահվեն երկաթուղային տրանսպորտի շահագործման և երթևեկության անվտանգության կանոնների պահպանմամբ այնպիսի տեխնիկական վիճակում, որը համապատասխանում է լիազոր մարմնի հետ կնքված պայմանագրի պայմաններին, ինչպես նաև իրավական ակտերի, ստանդարտների և տեխնիկական նորմերի պահանջներին:
2. Լիազոր մարմինն իրավունք ունի երկաթուղային տրանսպորտի գործունեություն իրականացնող կազմակերպություններում ստուգելու երկաթուղային տրանսպորտի շահագործման և երթևեկության անվտանգության պահանջների պահպանումը, ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի, երկաթուղային շարժակազմի և բեռնարկղերի տեխնիկական վիճակը, ինչպես նաև բեռնատար վագոնների և բեռնարկղերի բեռնման ու բեռնաթափման աշխատանքների կատարումը:
3. Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի նախագծումը և կառուցումն իրականացվում են կառավարության սահմանած կարգով:
4. Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի հատումը կառուցվող, նոր կամ վերակառուցված ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերին իրականացվում է գործող քաղաքաշինական և ճանապարհաշինական նորմերին համապատասխան` լիազոր մարմնի համաձայնությամբ:
5. Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի գործարկումը մշտական շահագործման համար իրականացվում է լիազոր մարմնի համաձայնությամբ` ենթակառուցվածքի կառավարչի առաջարկների հիման վրա:
6. Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի, երկաթուղային կայարանների փակումը և ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի անցումը ոչ ընդհանուր օգտագործման գծերի իրականացվում է լիազոր մարմնի առաջարկության հիման վրա` կառավարության կողմից:
7. Պետական, սոցիալական կամ պաշտպանական նշանակության ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի փակման անհնարինության դեպքում կառավարության կողմից սահմանվում է այդ երկաթուղային գծերի պահպանման և ֆինանսավորման աղբյուրը:
8. Գնացքների ժամանման և մեկնման, բեռների բեռնման, բեռնաթափման, տեսակավորման, պահպանման (այդ թվում նաև` բեռնարկղերում) հետ կապված բոլոր կամ որոշ գործողությունների իրականացման նպատակով երկաթուղային կայարանների գործարկումն իրականացվում է լիազոր մարմնի համաձայնությամբ:
9. Լիազոր մարմինն իրավասու չէ մերժելու երկաթուղային կայարանների գործարկումը, եթե դրանք համապատասխանում են նախագծման, կառուցման, շահագործման հանձնման և շահագործման այլ պահանջներին և եթե չեն խախտել սույն օրենքի, այլ իրավական ակտերի, ինչպես նաև համապատասխան տեխնիկական նորմերի պահանջները:
10. (մասն ուժը կորցրել է 05.02.13 ՀՕ-7-Ն)
11. Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի հատումը կառուցվող, նոր կամ վերակառուցված ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերին, ինչպես նաև մշտական շահագործման համար ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի գործարկման համաձայնություն տալու կարգը սահմանում է լիազոր մարմինը:
(20-րդ հոդվածը խմբ., փոփ. 05.02.13 ՀՕ-7-Ն)