Հոդված 6. Օրենսգրքի 431-րդ հոդվածում՝
Հոդված 6. Օրենսգրքի 431-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Օրենսգրքի 398-րդ հոդվածով սահմանված դեպքերում չվճարված հարկային պարտավորությունները գանձելու և (կամ) չվճարված պարտավորության չափով հարկ վճարողի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով գույքային իրավունքների գրանցում կամ հաշվառում նախատեսող շարժական կամ անշարժ գույքի նկատմամբ արգելանք կիրառելու վերաբերյալ որոշման մեջ նշվում են որոշում կայացնող անձի անունը, ազգանունը, պաշտոնը, տարին, ամիսը, ամսաթիվը, հարկ վճարողի անունը, ազգանունը, հանրային ծառայությունների համարանիշը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, կազմակերպության դեպքում՝ լրիվ անվանումը, հարկ վճարողի ՀՎՀՀ-ն՝ առկայության դեպքում, չկատարված հարկային պարտավորության չափը և որոշում կայացնելու իրավական հիմքերը:».
2) 2-7-րդ մասերը, 8-րդ մասի երկրորդ նախադասությունը, 9-րդ, 10-րդ և 12-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.
3) 11-րդ մասի «Սույն հոդվածով սահմանված» բառերը փոխարինել «Չվճարված հարկային պարտավորության գումարը 2 միլիոն և ավելի կազմելու դեպքում կիրառված» բառերով.
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ մասով.
«13. Հարկ վճարողի գույքի վրա արգելանք կիրառելուց հետո՝ 30-օրյա ժամկետում, հարկային պարտավորությունները չդադարելու դեպքում հարկային մարմինը չվճարված հարկային պարտավորությունները գանձելու և (կամ) չվճարված պարտավորության չափով հարկ վճարողի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով գույքային իրավունքների գրանցում կամ հաշվառում նախատեսող շարժական կամ անշարժ գույքի նկատմամբ արգելանք կիրառելու վերաբերյալ որոշումը և չկատարված պարտավորության չափի վերաբերյալ տեղեկատվությունը էլեկտրոնային եղանակով ներկայացնում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն (այսուհետ՝ Ծառայություն)՝ չկատարված պարտավորությունները «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարկադիր կատարելու նպատակով: Հարկային մարմինը Ծառայություն է ներկայացնում հարկ վճարողի անունը, ազգանունը, հանրային ծառայությունների համարանիշը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, կազմակերպության դեպքում՝ լրիվ անվանումը, հարկ վճարողի ՀՎՀՀ-ն՝ առկայության դեպքում, արգելադրված գույքի, այդ թվում՝ դրամական միջոցների չափի կամ դրանց բացակայության վերաբերյալ տեղեկատվություն: Օրենսգրքի 398-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված՝ հարկային մարմնի կիրառած արգելանքի որոշումը Ծառայություն է ներկայացվում անբողոքարկելի դարձած ստուգման կամ այլ վարչական ակտերի հետ միաժամանակ: Հարկային մարմնի և Ծառայության միջև էլեկտրոնային տեղեկատվության փոխանակման կարգը և ձևաչափը հաստատվում են Կառավարության որոշմամբ:»: