Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) պետական արարողակարգ՝ Հայաստանի Հանրապետության միջազգային հարաբերությունների շրջանակներում կիրառվող համընդհանուր կանոնների, ազգային ավանդույթների և պայմանականությունների ամբողջություն.
2) արարողակարգային ավագություն՝ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց ավագությունը, որով որոշվում է ներպետական և միջազգային բնույթի միջոցառումների ժամանակ պետական յուրաքանչյուր մարմնի և դրա ներկայացուցչի ներկայության աստիճանակարգությունը.
3) բարձրաստիճան պատվիրակություններ՝ Հայաստանի Հանրապետության նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի և արտաքին գործերի բնագավառում լիազորված մարմնի ղեկավարի հրավերով Հայաստանի Հանրապետություն ժամանող օտարերկրյա պետությունների, կառավարությունների, խորհրդարանների և արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարների, միջազգային կազմակերպությունների ղեկավարների և նրանց լիազորած պաշտոնատար անձանց գլխավորած և այլ պատվիրակություններ.
4) դիվանագիտական անձնակազմ՝ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների անձնակազմ, որոնց վրա տարածվում են Վիեննայի դիվանագիտական և հյուպատոսական հարաբերությունների մասին կոնվենցիաներով նախատեսված արտոնություններն ու անձեռնմխելիությունը.
5) փոխադարձության սկզբունք՝ միջազգային իրավունքի սկզբունք, որի համաձայն՝ պետությունները արարողակարգային միջոցառումների և արարողակարգային ընթացակարգերի առումով միմյանց նկատմամբ ցուցաբերում են նույնաբովանդակ վերաբերմունք, ապահովում են համանման պայմաններ և հնարավորություններ: