Հոդված 35. ․1․ Բուժաշխատողի անհատական լիցենզավորման կազմակերպման գործընթացը
Հոդված 35․1․ Բուժաշխատողի անհատական լիցենզավորման կազմակերպման գործընթացը
1. Առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեություն ինքնուրույն իրականացնելու համար ավագ բուժաշխատողները, որպես ֆիզիկական անձինք, պետք է ստանան անհատական լիցենզիա՝ անկախ իրենց աշխատանքի վայրից, իսկ կլինիկական օրդինատորները (կլինիկական ռեզիդենտները), ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատությունում ուսումնառող անձինք՝ անցումային անհատական լիցենզիա:
2. Անհատական լիցենզիան և անցումային անհատական լիցենզիան տրամադրվում են կենտրոնացված քննության հանձնման արդյունքով:
3. Կենտրոնացված քննության կազմակերպման և իրականացման կարգը՝ ըստ առողջապահության բնագավառի մասնագիտությունների առանձնահատկությունների, կենտրոնացված քննության արդյունքների բողոքարկման կարգը, կենտրոնացված քննություն իրականացնող լիցենզավորող հանձնաժողովի ձևավորման կարգը, աշխատակարգը և անհատական կազմը սահմանում է լիազոր մարմինը:
4. Անհատական լիցենզիա ստանալու համար կենտրոնացված քննությունն իրականացվում է հետբուհական կրթական ծրագրերի շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման ավարտից հետո՝ առանձին փուլով, լիազոր մարմնի ձևավորած լիցենզավորող հանձնաժողովի կողմից։
5․ Կենտրոնացված քննությունն իրականացվում է մասնագիտական հանձնաժողովների կազմած՝ տեսական գիտելիքների և գործնական հմտությունների վերաբերյալ առաջադրանքների հիման վրա: Մասնագիտական հանձնաժողովների ձևավորման կարգը, անհատական կազմը և աշխատակարգը սահմանում է լիազոր մարմինը:
6․ Կենտրոնացված քննությունը կազմակերպվում է ըստ առողջապահության բնագավառի հիմնական մասնագիտությունների։
7․ Անհատական լիցենզիան տրամադրվում է առողջապահության բնագավառի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավարտած, անհատական լիցենզիա ստանալու համար կենտրոնացված քննությունը հանձնած անձանց:
8․ Անցումային անհատական լիցենզիան տրամադրվում է առողջապահության բնագավառի բարձրագույն մասնագիտական կրթության փաստը հաստատող ավարտական փաստաթղթի (դիպլոմի) հիման վրա՝ անցումային անհատական լիցենզիա ստանալու համար կազմակերպվող կենտրոնացված քննության հանձնման արդյունքով կլինիկական օրդինատուրա (կլինիկական ռեզիդենտուրա) կամ ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատություն ընդունված անձանց ուսումնառությունն սկսելու պահից:
9․ Անհատական լիցենզիա և անցումային անհատական լիցենզիա տալու, դրանց տրամադրումը մերժելու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ եզրակացությունները տրվում են լիցենզավորող հանձնաժողովի կողմից, որի կազմում լիազոր մարմնի ղեկավարի հրամանով կարող են ներգրավվել նաև միջգերատեսչական ներկայացուցիչներ:
10․ Լիցենզավորող հանձնաժողովը իրավասու է քննելու նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից բուժաշխատողի գործունեության որակի վերաբերյալ բողոքները՝ լիազոր մարմնի հրամաններով սահմանված որակի պահանջներին համապատասխան։ Բողոք ներկայացնելու և այն քննելու կարգը սահմանում է լիազոր մարմինը:
11․ Սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված բողոքների քննության արդյունքով լիցենզավորող հանձնաժողովը կարող է՝
1) մեկ տարվա ընթացքում առաջին անգամ բուժաշխատողի կողմից խախտում կատարվելու դեպքում լիազոր մարմին ներկայացնել առաջարկություն բուժաշխատողի անհատական լիցենզիայի կամ անցումային անհատական լիցենզիայի գործողությունը մեկ ամիս ժամկետով կասեցնելու վերաբերյալ․
2) մեկ տարվա ընթացքում բուժաշխատողի կողմից կրկին խախտում կատարվելու դեպքում լիազոր մարմին ներկայացնել առաջարկություն բուժաշխատողի անհատական լիցենզիայի կամ անցումային անհատական լիցենզիայի գործողությունը երեք ամիս ժամկետով կասեցնելու վերաբերյալ։
12․ Սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված դեպքերում լիցենզավորող հանձնաժողովի առաջարկությունն ստանալուց հետո լիազոր մարմնի ղեկավարը հնգօրյա ժամկետում որոշում է կայացնում տվյալ բուժաշխատողի անհատական լիցենզիայի կամ անցումային անհատական լիցենզիայի գործողությունը կասեցնելու վերաբերյալ։
13․ Անհատական լիցենզիայի և անցումային անհատական լիցենզիա ստանալու հայտերի ձևերը, անհատական լիցենզիայի և անցումային անհատական լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, անհատական լիցենզիայի և անցումային անհատական լիցենզիայի ձևերը, դրանց տրամադրումը մերժելու հիմքերը և կարգը, տրամադրման և գործողության ժամկետի երկարաձգման կարգը սահմանում է Կառավարությունը:
14․ Առողջապահության բնագավառի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող այն ուսումնական հաստատությունները, որոնց շրջանավարտների 70 և ավելի տոկոսը կենտրոնացված քննությունը հանձնելու և դրա արդյունքների հիման վրա անհատական կամ անցումային լիցենզիա չի ստանում, զրկվում են տվյալ տարվա պետական նպատակային ծրագրերի շրջանակներում ֆինանսավորման հնարավորությունից:
15․ Անհատական լիցենզիան և անցումային անհատական լիցենզիան տրամադրում է լիազոր մարմինը՝ էլեկտրոնային եղանակով:
16․ Անհատական լիցենզիան տրվում է հինգ տարի ժամկետով՝ դրա երկարաձգման հնարավորությամբ:
17․ Սույն հոդվածի 16-րդ մասով նախատեսված ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան երեք ամիս առաջ ավագ բուժաշխատողը դիմում է հաջորդ հինգ տարիների համար անհատական լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու նպատակով:
18․ Անհատական լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգվում է, եթե բուժաշխատողը անցել է ՇՄԶ հավաստագրում, և առկա չեն բուժաշխատողի անհատական լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ օրենքով սահմանված հիմքեր:
19․ Անցումային անհատական լիցենզիան տրվում է հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող հաստատությունում ուսում ստանալու ժամանակահատվածի համար:
20․ Կլինիկական օրդինատորները (կլինիկական ռեզիդենտները), ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատությունում ուսումնառող անձինք իրավունք ունեն իրականացնելու բժշկական օգնություն և սպասարկում միայն լիազոր մարմնի սահմանած ծավալով:
21․ Ռազմաբժշկական ուսումնական հաստատություն կամ պետական լիազոր մարմնի պատվերով բարձրագույն բժշկական ուսումնական հաստատություններ ավարտած և սահմանված կարգով անհատական լիցենզիա չստանալու հիմքով պայմանագրային զինվորական ծառայությունից արձակված ավագ բուժաշխատողին սահմանված կարգով անհատական լիցենզիա կարող է տրամադրվել պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելու օրվանից հինգ տարի հետո։
22․ Անհատական լիցենզիայի և անցումային անհատական լիցենզիայի տրամադրման համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով և չափով:
23․ Անցումային անհատական լիցենզիայի և անհատական լիցենզիայի տրամադրման, դրանց գործողության կասեցման կամ դադարեցման, անհատական լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման վերաբերյալ տվյալները մուտքագրվում են բուժաշխատողների ռեգիստր:
24․ Անձը կարող է ունենալ մեկից ավելի գործող անհատական լիցենզիա, եթե բավարարում է սույն օրենքով սահմանված պահանջները և դրանց հիման վրա մասնագիտական գործունեություն է իրականացնում։