Հոդված 5. Կատարողական վարույթն իրականացնող մարմինը
Հոդված 5. Կատարողական վարույթն իրականացնող մարմինը
1. Կատարողական վարույթն իրականացնում է հարկադիր կատարողը։
2. Կատարողական վարույթով առանձին կատարողական գործողության իրականացումը գլխավոր հարկադիր կատարողի սահմանած դեպքերում և կարգով կարող է վերապահվել այլ հարկադիր կատարողի՝ առանց կատարողական վարույթը փոխանցելու:
3. Կատարողական վարույթով առանձին օժանդակ գործողություններ կարող են իրականացվել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) այլ ստորաբաժանման կամ այլ աշխատողի կողմից։ Օժանդակ գործողությունների ցանկը և դրանց իրականացման կարգը սահմանվում են արդարադատության նախարարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով:
4. Բարդ կամ ծավալուն կատարողական գործողություններ պահանջող վարույթների ընթացքն արդյունավետ լուծելու համար գլխավոր հարկադիր կատարողի կամ Ծառայության ստորաբաժանման պետի որոշմամբ կարող է ստեղծվել հարկադիր կատարողների խումբ: Ստորաբաժանման պետի որոշմամբ ստեղծվող հարկադիր կատարողների խմբում կարող են ընդգրկվել միայն տվյալ ստորաբաժանման հարկադիր կատարողներ։ Հարկադիր կատարողների խումբ ստեղծելու մասին որոշում կայացրած պաշտոնատար անձը նշանակում է հարկադիր կատարողների խմբի ղեկավարի, որը կազմակերպում և համակարգում է խմբի աշխատանքը:
5. Կատարողական վարույթի մասնակիցները կարող են հարկադիր կատարողին բացարկ հայտնել, իսկ հարկադիր կատարողը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված հիմքերով և կարգով։ Բացարկի հարցը լուծվում է նույն օրենքով սահմանված կանոններով։ Բացարկն ընդունվելու կամ ինքնաբացարկի դեպքում հարկադիր կատարողի փոխարինումը կատարում է ստորաբաժանման ղեկավարը։