Հոդված 50. Հարկադիր կատարողի որոշումները
Հոդված 50. Հարկադիր կատարողի որոշումները
1. Կատարողական վարույթի ընթացքը լուծելիս հարկադիր կատարողը կայացնում է որոշումներ։ Հարկադիր կատարողը որոշում է կայացնում դրա փաստական հիմքը հայտնի դառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, եթե օրենքով ավելի կարճ ժամկետ նախատեսված չէ:
2. Կատարողական վարույթի մասնակցի կամ այլ անձի համար միջամտող վարչական ակտ ընդունելուց առաջ հարկադիր կատարողն այդ անձին լսում է սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով։
3. Հարկադիր կատարողի որոշման մեջ նշվում են՝
1) որոշումը կայացնելու օրը և վայրը.
2) որոշում կայացրած հարկադիր կատարողի պաշտոնը, անունը և ազգանունը.
3) կատարողական վարույթը, որով կայացվում է որոշումը.
4) կատարման ենթակա ակտը, որի հիման վրա հարուցվել է կատարողական վարույթը․
5) քննվող հարցը.
6) կայացվող որոշման փաստական և իրավական հիմքերը.
7) քննվող հարցի վերաբերյալ եզրահանգումը.
8) որոշման բողոքարկման կարգը և ժամկետը:
4. Որոշումը կայացրած հարկադիր կատարողը ստորագրում, իսկ որոշումը թղթային կրիչով տրամադրվելու դեպքում նաև կնքում է այն։
5. Հարկադիր կատարողի որոշումը ոչ ուշ, քան որոշումը կայացնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, հանձնվում (ուղարկվում) է կատարողական վարույթի մասնակիցներին, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված այլ անձանց և մարմիններ։
6. Հարկադիր կատարողի կայացրած որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կարգով որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում, կամ վարչական դատարան՝ օրենքով սահմանված ժամկետներում: Հարկադիր կատարողի որոշման բողոքարկումը չի կասեցնում կատարողական գործողությունները: