Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածում՝
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածում՝
1) «օտարման շերտ» և «հողային պաստառ» հասկացությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«օտարման շերտ՝ հողատարածք (հողամասի նշանակությունից անկախ), որը նախատեսված է ավտոմոբիլային ճանապարհի կառուցվածքային տարրերի և ճանապարհային շինությունների (կառուցվածքների) տեղակայման համար: Ընդ որում՝ օտարման շերտն ընդգրկում է հողային պաստառը և հողային պաստառի զույգ կողմերից մեկ մետրի չափով հավելյալ գոտիները, իսկ ավտոմոբիլային ճանապարհների փոխհատումների և միացումների տեղերում՝ աջ շրջադարձերի թևերի արտաքին եզրագծով տարածությունը՝ սահմանափակված մեկ մետր լայնությամբ պահպանիչ գոտիներով.
հողային պաստառ` օտարման շերտի այն տարածքը, որտեղ կատարվել են հողային աշխատանքներ, որն ընդգրկում է ճանապարհի երթևեկային մասը, կողնակները կամ մայթերը, հեծանվային արահետները, լիցքի և հանույթի շեպերն ու կողային առուները.».
2) «արհեստական կառույցներ» հասկացության «և այլն» բառերը փոխարինել «և նմանատիպ այլ կառույցներ» բառերով.
3) «ճանապարհային ծառայություն» հասկացության «նորոգման» բառը փոխարինել «միջին նորոգման (նորոգման)» բառերով, իսկ «ճանապարհային ծառայության շինություններ» հասկացության «նորոգմանը» բառը՝ «միջին նորոգմանը (նորոգմանը)» բառերով.
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր հասկացություններով.
«ճանապարհի կառուցում՝ ավտոմոբիլային ճանապարհի կամ դրա հատվածի շինարարության նպատակով իրականացվող տեխնոլոգիական, ենթակառուցվածքային և կառավարման գործընթացների ամբողջականություն.
ճանապարհի վերակառուցում՝ ճանապարհի շինարարական աշխատանքների ամբողջություն, որի ընթացքում կատարվող աշխատանքների արդյունքով փոխվում են ավտոմոբիլային ճանապարհի, դրա հատվածների պարամետրերը, և որը հանգեցնում է ավտոմոբիլային ճանապարհի նշանակության և կարգի կամ դրանցից մեկի փոփոխությանը, կամ որի արդյունքով փոփոխվում են ճանապարհի օտարման շերտի չափերը.
ճանապարհի հիմնանորոգում՝ ավտոմոբիլային ճանապարհի, արհեստական կառույցների կամ դրանց մասերի կառուցվածքային տարրերի փոխարինման կամ վերականգնման աշխատանքների ամբողջություն, որի իրականացմամբ պահպանվում են ճանապարհի համար նախկինում սահմանված նշանակության կամ կարգի պարամետրերը և տեխնիկական բնութագրերը, և որի իրականացման արդյունքով ապահովվում են ճանապարհի հուսալիության և անվտանգության կառուցվածքային և այլ բնութագրերի պահանջները, և փոփոխության չեն ենթարկվում ճանապարհի օտարման շերտի չափերը․
միջին նորոգում (նորոգում)՝ ավտոմոբիլային ճանապարհների տրանսպորտային և գործառնական բնութագրերը վերականգնելու նպատակով ավտոմոբիլային ճանապարհի պատվածքի մաշված վերին շերտը վերականգնելու, ավտոմոբիլային ճանապարհի, արհեստական կառույցների, ինչպես նաև ճանապարհային կահավորանքի շինարարական նորմերով նախատեսված սկզբնական որակական ցուցանիշների ապահովման նպատակով իրականացվող նորոգման աշխատանքներ, որոնց իրականացումն ազդեցություն չի ունենում ճանապարհի կառուցվածքային և այլ բնութագրերի հուսալիության և անվտանգության վրա.
ճանապարհների պահպանում՝ ավտոմոբիլային ճանապարհների, այդ թվում՝ ճանապարհի հողային պաստառի, արհեստական կառույցների, տրանսպորտային հանգույցների, կահավորանքի և ինժեներական շինությունների առկա տեխնիկական վիճակի պահպանման, դրա տեխնիկական վիճակի գնահատման աշխատանքների ամբողջություն, որը համապատասխանում է անվտանգ և անխափան երթևեկության ապահովման պահանջներին.
ճանապարհային տեխնոլոգիական կապ՝ ավտոմոբիլային ճանապարհների կապի համակարգ, որն ապահովում է ավտոմոբիլային ճանապարհների և արհեստական կառույցների շահագործման, նախագծման և կառուցման աշխատանքների գործառնական կառավարումը, որի հիմնական նպատակն է օպերատիվ տեղեկատվություն ստանալ ավտոմոբիլային ճանապարհների և արհեստական կառույցների, դրանց առանձին տարրերի աշխատանքի վիճակի մասին: Ճանապարհային տեխնոլոգիական կապի համակարգի մեջ մտնում են ավտոմոբիլային ճանապարհների հողային պաստառի վիճակի և հիդրոօդերևութաբանական պայմանների վերահսկման տեխնիկական, ռադիոհեռախոսային կապի, երթևեկության հոսքերի վերահսկման տեխնիկական միջոցները, շրջակա միջավայրի վրա ազդեցության գործոնների մշտադիտարկման կայանները և արտակարգ իրավիճակների կանչի կետերը.
ճանապարհային ակտիվների կառավարման համակարգ՝ ավտոմոբիլային ճանապարհների, արհեստական կառույցների և դրանց կառուցվածքային տարրերի տվյալների հավաքման, կառավարման և վերլուծության համակարգ, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհային ցանցի պահպանման և զարգացման ծրագրերի կազմման և դրանց իրականացման բնականոն գործընթացի ապահովման համար.
ճանապարհի տեխնիկական վիճակի գնահատում՝ ճանապարհների վերանորոգման միջոցառումների անհրաժեշտությունը որոշելու, ինչպես նաև ճանապարհի վիճակը հետագա շահագործման ընթացքում գնահատելու և կանխատեսելու նպատակով ճանապարհի և ճանապարհի արհեստական կառույցների կառուցվածքային տարրերի պարամետրերի և վիճակի, երթևեկության հոսքերի բնութագրերի, տեղեկատվության ուսումնասիրություն, հավաքում և վերլուծություն.
ճանապարհային ենթակառուցվածք՝ ճանապարհային ֆիզիկական ակտիվների համակարգի ամբողջություն, որն ընդգրկում է ավտոմոբիլային ճանապարհի օտարման շերտը՝ ֆիզիկապես ներառված բոլոր տարրերով, արհեստական կառույցները, ճանապարհային կահավորանքը, ճանապարհային ծառայության շինությունները և ճանապարհային ինժեներական շինությունները.
ճանապարհային ենթակառուցվածքի անվտանգության կառավարում` ճանապարհային ենթակառուցվածքի անվտանգության բարելավմանն ուղղված գործողությունների ամբողջականություն, որը ներառում է ճանապարհային ենթակառուցվածքի անվտանգության քաղաքականության իրականացումը, ճանապարհատրանսպորտային պատահարների և բնութագրերի, ինչպես նաև երթևեկության խոցելի խմբերի վերաբերյալ քանակական և պարբերական հետազոտությունների իրականացումը, ճանապարհների անվտանգության վիճակի հսկողությունը և բարելավումը, ճանապարհային անվտանգության ազդեցության գնահատումը, ճանապարհային անվտանգության նպատակային և պարբերական հետազոտությունների իրականացումը, ճանապարհային անվտանգության աուդիտի իրականացումը, ճանապարհային ցանցի անվտանգության ամբողջական գնահատման և անվտանգության մակարդակի գնահատման նպատակով հսկողության իրականացումը և ընթացիկ մշտադիտարկումը.
ճանապարհային անվտանգության ազդեցության գնահատում` ճանապարհային ցանցի անվտանգության ցուցանիշների համապատասխանության նկատմամբ նոր կառուցվող ճանապարհի անվտանգության ցուցանիշների կամ գործող ճանապարհային ցանցի անվտանգության ցուցանիշների էական փոփոխության ազդեցության համեմատական վերլուծություն.
ճանապարհային անվտանգության աուդիտ՝ ճանապարհի անվտանգության պահանջների համապատասխանության անկախ և օբյեկտիվ գնահատման գործընթաց, որը նախատեսված է ճանապարհային ենթակառուցվածքի անվտանգությունն ու գործառնությունը (ֆունկցիոնալությունը) բարձրացնելու համար.
ճանապարհային անվտանգության վարկանիշ՝ գործող ճանապարհային ցանցում ընդգրկված ճանապարհահատվածների անվտանգության չափանիշների դասակարգումը՝ ըստ կարգերի.
ճանապարհային անվտանգության նպատակային հետազոտություն՝ ավտոմոբիլային ճանապարհների կամ դրանց հատվածների նպատակային հետազոտություն, որը պետք է բացահայտի ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման հնարավոր ռիսկերը, նպաստող պայմանները, թերությունները և խնդիրները․
ճանապարհային անվտանգության պարբերական հետազոտություն՝ անվտանգության նկատառումներից ելնելով՝ ճանապարհների կամ դրանց հատվածների անվտանգության համապատասխան մակարդակների ապահովման նպատակով պարբերաբար կատարվող հետազոտություն․
ճանապարհային երթևեկության մասնակիցների խոցելի խումբ՝ հետիոտները, հեծանվորդները, երեխաները, տարեցները, հաշմանդամություն ունեցող անձինք, ինչպես նաև շարժիչով աշխատող երկանիվ տրանսպորտային միջոցներից օգտվողները․
ճանապարհի վթարավտանգ հատվածներ՝ ավտոմոբիլային ճանապարհի վրա գտնվող՝ վթարների կուտակման վայրեր կամ հատվածներ, որտեղ կենտրոնացած են եղել ճանապարհատրանսպորտային պատահարները, որոնք պատճառ են դարձել մարդկային զոհերի կամ վիրավորների.
ճանապարհային անվտանգության տվյալների կառավարման համակարգ՝ ճանապարհատրանսպորտային պատահարների, ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով տուժած անձանց (զոհվածների և վիրավորների), ճանապարհային երթևեկության բնագավառում վարչական իրավախախտումների, ինչպես նաև ավտոմոբիլային ճանապարհների տվյալների հաշվառման, պահպանման, վերլուծության, նույնականացման և մշտադիտարկման միասնական էլեկտրոնային համակարգ, որն ընդգրկում է ճանապարհատրանսպորտային պատահարների տվյալների, ավտոմոբիլային ճանապարհների տվյալների, ճանապարհատրանսպորտային պատահարի ենթարկված տրանսպորտային միջոցների տվյալների և ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով անձանց առողջությանը վերաբերող տվյալների շտեմարանները:»: