Հոդված 7. Ավտոմոբիլային ճանապարհների նախագծումը, շինարարությունը, միջին նորոգումը (նորոգումը) և պահպանումը
Հոդված 7. Ավտոմոբիլային ճանապարհների նախագծումը, շինարարությունը, միջին նորոգումը (նորոգումը) և պահպանումը
(վերանգիր փոփ. 12.06.24 ՀՕ-299-Ն)
1. Ավտոմոբիլային ճանապարհների նախագծումը, շինարարությունը, միջին նորոգումը (նորոգումը) և պահպանումն իրականացվում են նորմատիվ իրավական և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջների համաձայն:
2. Ավտոմոբիլային ճանապարհների նախագծերի համաձայնեցումն ու հաստատումը և կառուցման, միջին նորոգման (նորոգման) ու պահպանման աշխատանքների շահագործման հանձնումը իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:
3. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների և դրանց ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի շինարարության (տեղադրման), շահագործման, միջին նորոգման (նորոգման) ու պահպանման աշխատանքներն իրականացնում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ընտրված կապալառու կազմակերպությունները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված երաշխիքային ժամկետներում: «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրի շրջանակներում սույն մասով նախատեսված գործողություններն իրականացվում են այդ օրենքով նախատեսված կարգով:
4. Գնման առարկային ներկայացվող ընդհանուր չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
5. Յուրաքանչյուր բնակավայր պետք է ունենա միջպետական ճանապարհային ցանցի հետ կապող առնվազն մեկ ավտոմոբիլային ճանապարհ` ապահովված անցանելիությամբ:
6. Նախագծային աշխատանքներ կատարող կազմակերպությունները և անձինք ավտոմոբիլային ճանապարհների և ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի, դրանց հետ կապված աշխատանքների` սահմանված կարգով կազմված նախագծերը համաձայնեցնում են պետական ճանապարհային մարմնի հետ: Համաձայնեցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
7. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների երթևեկության կազմակերպման կահավորանքին՝ ճանապարհային լուսացույցներին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները և ճանապարհային նշաններին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման և տեղակայման կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
8. Ավտոմոբիլային ճանապարհների կառուցման, վերակառուցման ծրագրերի իրագործման համար անհրաժեշտ տարածքները ենթակա են օտարման «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով՝ նախնական համարժեք փոխհատուցմամբ: Միջազգային կազմակերպությունների կողմից ֆինանսավորման ենթակա ճանապարհաշինական ծրագրերի իրականացման դեպքում ծրագրերի մշակման և նախապատրաստման փուլերում Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավասու է կիրառելու ենթակառուցվածքային ծրագրերը ֆինանսավորող միջազգային կազմակերպությունների սոցիալական երաշխիքների քաղաքականությունը և դրա պահանջներին համապատասխան սահմանելու տարաբնակեցման և փոխհատուցման սկզբունքները և շրջանակը, ինչպես նաև հողերի օտարման և տարաբնակեցման ծրագիրը:
(7-րդ հոդվածը խմբ. 31.05.19 ՀՕ-47-Ն, լրաց. 28.06.19 ՀՕ-118-Ն, փոփ., լրաց. 12.06.24 ՀՕ-299-Ն)
(12.06.24 ՀՕ-299-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)