Անցնել բովանդակությանը

Հոդված 13. (+ հոդված 3) ● Կրած ոչ նյութական վնասի փոխհատուցման պահանջի անհնարինության հետևանքով իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի բացակայությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13 (+ հոդված 3) ● Կրած ոչ նյութական վնասի փոխհատուցման պահանջի անհնարինության հետևանքով իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի բացակայությունը

Պատրաստվել է քարտուղարության կողմից: Չի պարտավորեցնում Դատարանին։

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

18 հունիսի 2024թ.

Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում։ Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։

Ա. Պ.-ն ընդդեմ Հայաստանի գործով,

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), հանդես գալով Պալատի հետևյալ կազմով՝

Գաբրիել Կուչկո-Ստադլմայեր [Gabriele Kucsko-Stadlmayer]՝ Նախագահ,

Թիմ Այքը [Tim Eicke],

Ֆարիս Վեհաբովիչ [Faris Vehabović],

Բրանկո Լուբարդա [Branko Lubarda],

Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],

Անա Մարիա Գեռա Մարտինս [Ana Maria Guerra Martins],

Էն Լուիզ Բորման [Anne Louise Bormann]՝ դատավորներ,

և Անդրեա Տամիետտի [Andrea Tamietti]՝ Բաժանմունքի քարտուղար,

հաշվի առնելով՝

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի տկն Ա.Պ.-ի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2014 թվականի օգոստոսի 19-ին Դատարան ներկայացված գանգատը (թիվ 58737/14),

Կոնվենցիայի 3-րդ, 8-րդ և 13-րդ հոդվածների համաձայն բողոքների մասին Հայաստանի Հանրապետության կառավարությանը (Կառավարություն) ծանուցելու և գանգատը մնացած մասով անընդունելի հայտարարելու որոշումը, դիմումատուի անունը չհրապարակելու վերաբերյալ որոշումը, կողմերի դիտարկումները, 2023 թվականի նոյեմբերի 21-ին, 2023 թվականի դեկտեմբերի 5-ին և 2024 թվականի մայիսի 28-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,

կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նշված վերջին ամսաթվին։

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Գործը վերաբերում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն պետական դպրոցում ուսուցչի (որը նաև պաշտոնատար անձ էր) կողմից սեռական բռնության ենթարկված դիմումատուի՝ մտավոր հետամնացություն ունեցող անձի ներկայացրած բողոքին, որը տվյալ գործում խնդրո առարկա իրադարձությունների պահին եղել է անչափահաս: Գործը վերաբերում է նաև հանրությանը հասանելի դատական ակտերի պաշտոնական առցանց տվյալների բազայում դիմումատուի կողմից ներկայացված վնասի հատուցման պահանջի մասով քաղաքացիական հայցի մանրամասների (այդ թվում՝ նրա լրիվ անվան) հրապարակմանը, այն նաև վերաբերում է դիմումատուի նկատմամբ վատ վերաբերմունքի համար պետությունից փոխհատուցում պահանջելու համար որևէ իրավական հնարավորություն չունենալուն՝ հարցեր բարձրացնելով Կոնվենցիայի համապատասխանաբար 8-րդ և 13-րդ հոդվածներով:

ՓԱՍՏԵՐԸ

2. Դիմումատուն ծնվել է 1997 թվականին և բնակվում է Հայաստանի գյուղերից մեկում։ Նա իրավական օգնություն է ստացել, և նրան ներկայացրել է Երևանում գործող իրավաբան պրն Կ. Մեժլումյանը։

3. Կառավարությունը ներկայացրել է Կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը, իսկ այնուհետև՝ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ պրն Ե. Կիրակոսյանը։

4. Կողմերի կողմից ներկայացված գործի փաստերը և Դատարան ներկայացված փաստաթղթերից բխող հանգամանքները կարող են ամփոփվել հետևյալ կերպ.

I. գործի նախապատմությունը

5. Դիմումատուն ի ծնե ունեցել է թեթև աստիճանի մտավոր հետամնացություն։

6. Խնդրո առարկա իրադարձությունների ժամանակ դիմումատուն տասնչորս տարեկան էր: Նա սովորում էր տեղական պետական դպրոցի իններորդ դասարանում, որտեղ այդ պահի դրությամբ համայնքի ղեկավար և 49 տարեկան ամուսնացած տղամարդ Ա.Ղ.-ն աշխատում էր որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ։

II. Քննությունը

7. 2012 թվականի փետրվարի 23-ին դիմումատուի մայրը՝ Է.Պ.-ն, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն՝ Ա.Ղ.-ի կողմից դպրոցի դասասենյակում դիմումատուի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու վերաբերյալ։

8. Նույն օրը քննիչը դիմումատուից և Ն.Մ.-ից (նույն դպրոցի տասներկուերորդ դասարանի աշակերտ) վերցրել է բացատրություն:

9. Մասնավորապես դիմումատուն պատմել է Ա.Ղ.-ի կողմից իրեն բռնաբարելու երեք առանձին դեպքի մասին, որոնցից վերջինը տեղի է ունեցել նախորդ օրը (այսինքն՝ 2012 թվականի փետրվարի 22-ին): Այդ դեպքից անմիջապես հետո նա կատարվածի մասին պատմել է իր դասարանի մի քանի աղջիկների, որոնցից մեկն այնուհետև հայտնել է այդ մասին իր դասարանի ուսուցիչ Կ.Հ.-ին։

10. Իր բացատրության մեջ Ն.Մ.-ն նշել է, որ Ա.Ղ.-ն հարգված չի եղել դպրոցի աշակերտների կամ ընդհանրապես գյուղացիների շրջանում, քանի որ նա ունեցել է անամոթ «կնամոլի» համբավ (կնամոլ բառը հայերենում ավելի բացասական իմաստ ունեցող բառ է, քան անգլերեն համարժեքը, բառացի թարգմանվում է «կնոջից կախվածություն ունեցող»):

Փետրվարի սկզբին, ըստ Ն.Մ.-ի, դիմումատուի դասարանի հետ ֆիզկուլտուրայի համատեղ դասի ժամանակ Ա.Ղ.-ն դասասենյակից դուրս է եկել դիմումատուի հետ միասին, որը վերադարձել է մոտավորապես քսան կամ քսանհինգ րոպե անց: Նրա դասընկերները դիմումատուից փորձել են պարզել կատարվածը, սակայն Ա.Ղ.-ն վերադարձել է դասարան, և նրանք դադարել են դիմումատուին հարցեր տալ: Իմանալով Ա.Ղ.-ի վատ համբավի մասին և կասկածելով, որ նա դիմումատուին կանչել է «ինչ որ անպարկեշտ» նպատակով, աշակերտները որոշել են հետևել իրադարձությունների զարգացմանը, այդ թվում՝ պլանավորելով տեսանկարահանել այն ամենը, ինչին կարող էին ականատես լինել:

Մոտ երեք շաբաթ անց՝ 2012 թվականի փետրվարի 22-ին, Ն.Մ.-ն իր դասղեկ (միևնույն ժամանակ մաթեմատիկայի ուսուցիչ) Ա.Ս.-ի հետ ներկա է եղել մաթեմատիկայի դասին: Իր դասարանից երկու աղջիկ ուշացումով եկել են և Ն.Մ.-ին հայտնել, որ Ա.Ղ.-ն դիմումատուին իր դասի ընթացքում դուրս է կանչել: Ենթադրելով, որ Ա.Ղ.-ն դիմումատուին կանչել է նրա հետ սեռական հարաբերություն ունենալու նպատակով, աշակերտները որոշել են իրականացնել իրենց ծրագիրը՝ տեսանկարահանել ամբողջ ընթացքը։ Ա.Ս.-ից ստանալով դասասենյակից դուրս գալու թույլտվություն՝ Ն.Մ.-ն գնացել է դիմումատուի դասասենյակ, սակայն տեսնելով, որ Ա.Ղ.-ն այնտեղ մենակ է, վերադարձել է: Քիչ անց աշակերտներից մեկը հայտնել է, որ Ա.Ղ.-ն դիմումատուի հետ բակից վերադառնում է դպրոց: Ն.Մ-ն մեկ անգամ ևս թույլտվություն է խնդրել և դուրս եկել դասասենյակից։ Նա մեկ այլ դասարանի աշակերտից խնդրել է իրեն բջջային հեռախոս տրամադրել, որպեսզի տեսանկարահանի, և մոտեցել է դիմումատուի դասասենյակին: Ն.Մ.-ն փորձել է տեսանկարահանել դռան անցքից, սակայն չի կարողացել: Նայելով անցքից՝ նա տեսել է, թե ինչպես է Ա.Ղ.-ն քաշում դիմումատուին դեպի իրեն և դիպչում նրա հետույքին: Դիմումատուն դիմադրել է: Տեսածից սարսափած Ն.Մ.-ն վերադարձել է իր դասասենյակ և խնդրել է Ա.Ս.-ին և աշակերտներին գնալ ու բացել դիմումատուի դասասենյակի դուռը՝ տեսնելու, թե ինչ է անում Ա.Ղ.-ն նրա հետ: Սակայն նրան ոչ ոք չի հետևել։ Նա գնացել է դպրոցի տնօրենի մոտ, սակայն վերջինս տեղում չի եղել։ Նա գնացել է մեկ այլ դասասենյակ, որտեղ դասավանդում էր Ն.Գ.-ն: Նա Ն.Գ.-ին հայտնել է, որ Ա.Ղ.-ն դիմումատուի հետ մենակ է դասասենյակում, և խնդրել է նրան գնալ իր հետ և բացել դուռը: Ն.Գ.-ն նույնպես հրաժարվել է՝ ուղղորդելով նրան գնալ դպրոցի տնօրենի (Ս.Մ.), իր դասարանի ղեկավարի (Ա.Ս.) կամ դիմումատուի դասարանի ղեկավարի (Կ.Հ.-ի) մոտ: Ն.Մ.-ն այնուհետև գնացել է մեկ այլ դասասենյակ, որտեղ նա խնդրել է Հ.Բ.-ին (պատմության ուսուցիչ) և այդ դասարանի աշակերտներին գնալ և տեսնել, թե ինչ է Ա.Ղ.-ն անում դիմումատուի հետ: Նրանք նույնպես հրաժարվել են գնալ նրա հետ։ Երբ Ն.Մ.-ն դուրս է եկել դասասենյակից, նա տեսել է, թե ինչպես է Ա.Ղ.-ն դուրս գալիս այն դասասենյակից, որտեղ նա եղել է դիմումատուի հետ: Դասաժամերի միջև հաջորդ ընդմիջմանը Ն.Մ.-ն տեսել է դիմումատուին միջանցքում: Նա «թույլ և տկար վիճակում» է եղել: Գրեթե բոլորը տեսել են դիմումատուին այդ վիճակում, այդ թվում՝ նրա դասղեկ Կ.Հ.-ն, որը դիմումատուին տարել է իր դասասենյակ:

11. 2012 թվականի փետրվարի 24-ին դիմումատուի մայրիկի բողոքի հիման վրա (տե՛ս վերը նշված 7-րդ պարբերությունը) քրեական վարույթ է հարուցվել նախկին Քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածով (հին ՔՕ, ուժի մեջ է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը, տե՛ս ստորև՝ 70-րդ պարբերությունը):

12. Փետրվարի վերջին՝ տարբեր օրերի, հարցաքննվել են դիմումատուն և մի շարք վկաներ։

13. Դիմումատուի մայրը՝ Է.Պ.-ն, ի թիվս այլնի, հայտնել է, որ Ա.Ղ.-ն գյուղում հայտնի էր որպես «անամոթ ու անբարոյական կնամոլ»։ Մոտ յոթ ամիս առաջ նա Ա.Ղ.-ին խնդրել էր իրեն օգնել սոցիալական ապահովության նպաստ ստանալու հարցում: 2012 թվականի փետրվարի 23-ին դիմումատուն և իր երկրորդ դուստրը լացակումած վերադարձել են դպրոցից և ասել, որ Ա.Ղ.-ն ոչ պատշաճ կերպով դիպել է դիմումատուին: Դիմումատուն ասել է, որ մոտավորապես երեք շաբաթ առաջ Ա.Ղ.-ն դասասենյակում դիպչել է իր կրծքերին և խնդրել է բռնել նրա առնանդամը, որից հետո ինքը լացել ու փախել է: Նա նաև մանրամասներ է հայտնել Է.Պ.-ին նախորդ օրվա (2012 թվականի փետրվարի 22) դեպքերից։ Դիմումատուի կողմից իր նկատմամբ Ա.Ղ.-ի պահվածքի մասին պատմելուց հետո նրանց հարազատներից ոմանք եկել են իրենց տուն՝ իրավիճակը քննարկելու համար։ Այնուհետև Է.Պ.-ն նույն օրը՝ ուշ երեկոյան, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն (տե՛ս վերևում՝ 7-րդ պարբերությունը):

14. Որպես վկա հարցաքննության ժամանակ Ն.Մ.-ն հիմնականում վերահաստատել է նույն ցուցմունքը, որը նա տվել էր ավելի վաղ (տե՛ս վերեում՝ 10-րդ պարբերությունը): Նա հավելել է, որ երբ ինքը վազելով վերադարձել է իր դասասենյակ՝ Ա.Ս.-ին և իր համադասարանցիներին կատարվածի մասին զգուշացնելու համար, ինքը նույնիսկ հրել է Ա.Ս.-ին դասասենյակից դուրս։ Ապա Ա.Ս.-ն գնացել է դիմումատուի դասասենյակի ուղղությամբ, սակայն վերադարձել է առանց դուռը բացելու։ Ն.Մ.-ն խնդրել է բացել դուռը, սակայն Ա.Ս.-ն նույնիսկ չի մոտեցել դռանը: Ընդմիջման ժամանակ նա պատմել է Կ.Հ.-ին կատարվածի մասին։ Ինչից հետո Կ.Հ.-ն մոտեցել է դիմումատուին և ուղեկցել նրան իր դասասենյակ:

15. Ա.Ս.-ն (տե՛ս վերևում՝ 10-րդ պարբերությունը) նշել է, որ ինքը Ն.Մ.-ի դասղեկն է: Ինքը դիմումատուին ճանաչում է դեռևս իրենց գյուղից՝ որպես զուսպ անձնավորության, առանձնապես ոչ այնքան խոսկան, համեստ և խեղճ: Ինքը հրաժարվել է նկարագրել Ա.Ղ.-ի բնավորությունը՝ ասելով, որ նա չի շփվել ուսուցչական կազմի հետ։ Ինքը հայտնել է, որ 2012 թվականի փետրվարի 22-ին Ն.Մ.-ն շատ հուզված է եղել, երբ վերադարձել է դասասենյակ։ Նա նույնիսկ փորձել է իրեն ֆիզիկապես դուրս հրել դասասենյակից: Քանի որ Ն.Մ.-ն հստակ չի ասել, թե ինչու է անհանգիստ, Ա.Ս.-ն մտածել է, որ կռիվ է եղել։ Նա դուրս է եկել դասասենյակից և տեսնելով, որ միջանցքում ամեն ինչ խաղաղ է, վերադարձել է դասասենյակ։ Հետո նրանք (այսինքն՝ նա և աշակերտները) տեսել են դիմումատուին բակում՝ երերալիս։ Նա աշակերտներին ասել է, որ միջանցքում աղմուկ չի եղել, ինչին նրանք պատասխանել են, որ «դրա» ժամանակ երբեք աղմուկ չի լինում։ Նա զարմացած հարցրել է, թե ինչ է պատահել, և աշակերտները նրան բացատրել են, որ Ա.Ղ.-ն միայնակ է եղել դիմումատուի հետ, և ինչ-որ բան է պատահել։ Ա.Ս.-ն այնուհետև պարզել է, որ Ն.Մ.-ն նույն հարցով դիմել է նաև ուսուցիչներ Հ.Բ.-ին, Ն.Գ.-ին և Կ.Հ.-ին։

16. Հ.Բ.-ն (տե՛ս վերևում՝ 10-րդ պարբերությունը), ի թիվս այլնի, նշել է, որ Ա.Ղ.-ն գյուղում հայտնի է եղել որպես «կնամոլ»։ 2022 թվականի փետրվարի 22-ին Ն.Մ.-ն մտել է իր դասասենյակ հուզված վիճակում և խնդրել է նրան գնալ իր հետ: Չհասկանալով, թե կոնկրետ ինչ է կատարվում, նա մնացել է իր տեղում։ Երբ նա փորձել է պարզաբանել, թե ինչ է կատարվում, Ն.Մ.-ն ասել է, որ նա գնա և տեսնի, թե Ա.Ղ.-ն ինչ է անում: Այնուհետև նա Ն.Մ.-ին ասել է, որ Ա.Ղ.-ի հետ լավ հարաբերություններ չունի և չի հետևել նրան:

17. Մ.Հ.-ն (աշակերտ, որը 2012 թվականի փետրվարի 22-ի առավոտյան եղել է Հ.Բ.-ի դասասենյակում. տե՛ս վերևում՝ 16-րդ պարբերությունը) քննիչին հայտնել է, որ Ն.Մ.-ն իրեն հարցրել է, թե արդյոք կարող է վերցնել իր բջջային հեռախոսը, որպեսզի տեսաձայնագրի Ա.Ղ.-ին և դիմումաատուին, որոնք, ըստ Ն.Մ.-ի, այդ պահին միայնակ են եղել։ Դրանից կարճ ժամանակ անց Ն.Մ.-ն վերադարձել է դասասենյակ և խնդրել է Հ.Բ.-ին և աշակերտներին գնալ ու տեսնել, թե ինչ է Ա.Ղ.-ն անում տասնչորս տարեկան դիմումատուի հետ: Ն.Մ.-ն շատ հուզված էր և աղաչում էր Հ.Բ.-ին գնալ իր հետ, սակայն Հ.Բ.-ն չի արել դա:

18. Քննության ընթացքում Ն.Մ.-ի մայրը հայտնել է, որ իրենք ստացել են անանուն հեռախոսային սպառնալիքներ և սպառնալիքներ Ա.Ղ.-ի հարազատների կողմից (երրորդ անձանց միջոցով)՝ նպատակ ունենալով համոզել Ն.Մ.-ին հետ վերցնել իր տված ցուցմունքները: Ուստի նա վախենում էր իր դստեր անվտանգության համար։

19. 2012 թվականի մարտին՝ չպարզված ամսաթվի, հարցաքննվել է Գ.Պ.-ն (դիմումատուի հորեղբայրը): Նա մասնավորապես հայտնել է, որ Ա.Ղ.-ն «անամոթ» և «անբարոյական» մարդ է, որը գյուղում «կնամոլի» համբավ ունի։ Նա նաև ֆիզկուլտուրայի ուսուցիչ է և խիստ, կոպիտ ու գռեհիկ է աշակերտների նկատմամբ, որոնք վախենում են նրանից։ 2012 թվականի փետրվարի 23-ին Գ.Պ.-ն եղբորորդուց տեղեկացել է, որ գյուղում շշուկներ են պտտվում այն մասին, որ Ա.Ղ.-ն ձեռք է գցել դիմումատուին: Այդ լսելով՝ նա գնացել է եղբոր (դիմումատուի հայրը) տուն։ Նրանք Ա.Ղ.-ին կանչել են դիմումատուի տուն՝ նրանից կատարվածը պարզելու նպատակով: Առանց նույնիսկ հարցնելու, թե ինչ է պատահել, Ա.Ղ.-ն մտել է դիմումատուի ննջասենյակ և բռնել է դիմումատուին, թափահարել և բղավել նրա վրա։ Երեխան սկսել է դողալ: Նրանք դուրս են բերել Ա.Ղ-ին և ասել, որ եթե նա իսկապես ոչինչ չի արել երեխային, ուրեմն կարող է գնալ և ոստիկանություն կանչել։ Մոտ երկու ժամ անցել է, սակայն նա չի վերադարձել (ո՛չ ոստիկանների հետ, ո՛չ էլ առանց ոստիկանների): Տեղեկանալով, որ Ա.Հ.-ն (դպրոցի ավագ ուսուցիչ) տանն է, Գ.Պ.-ն, իր որդին և եղբորորդին գնացել են նրա տուն և հարցրել՝ արդյոք տեղյակ են դպրոցում կատարվածի մասին։ Ա.Հ.-ն հարցրել է, թե արդյոք այդ հարցը վերաբերում է դիմումատուին, և երբ Գ.Պ.-ն դրական պատասխան է տվել, նա ասել է, որ վաղուց տեղյակ է այդ մասին, և որ «չեն ուզում աղմուկ բարձրացնել», քանի որ «Ա.Ղ.-ի հետ գործ չեն ուզում ունենալ»։ Այդ զրույցից հետո Գ.Պ.-ն ահազանգել է ոստիկանություն, որը ժամանել է և դիմումատուին տարել ոստիկանության բաժին։ Հաջորդ օրը դիմումատուն հաղորդում է ներկայացրել առ այն, որ Ա.Ղ.-ն վերջին երեք ամիսների ընթացքում բռնություն է գործադրել իր նկատմամբ:

Գ.Պ.-ի որդուն հարցաքննելիս նա կատարվածի վերաբերյալ նույնաբովանդակ ցուցմունք է տվել:

20. 2012 թվականի մարտի 6-ին Ա.Ղ.-ին մեղադրանք է առաջադրվել ծանրացնող հանգամանքներով բռնաբարության համար՝ հին ՔՕ 138-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (տե՛ս ստորև՝ 67-րդ պարբերությունը):

21. Քննության ընթացքում դիմումատուն ենթարկվել է դատաբժշկական փորձաքննության, ինչպես նաև դատահոգեբուժական և դատահոգեբանական փորձաքննության։

22. Դատահոգեբուժական և դատահոգեբանական փորձաքննության արդյունքների հիման վրա կազմված եզրակացությունը ցույց է տվել, որ դիմումատուն ունեցել է թերզարգացած մտավոր ունակություններ և եղել է դյուրազգաց, ինչն այդ իրավիճակում կարող էր ազդել նրա վարքագծի վրա: Դիմումատուն եղել է տագնապած ու վախեցած և կատարվածի մասին խոսելիս շփել է ձեռքերն ու լաց եղել: Դիմումատուի հոգեբանական վիճակի, ինչպես նաև նրա մտավոր և որպես անձ զարգացման մակարդակի պատճառով նա ընկալել է իր հետ կատարվածի միայն մակերեսային կողմը, սակայն ոչ այդ գործողությունների բնույթն ու նշանակությունը:

23. 2012 թվականի մարտի 13-ին Ա.Ղ.-ի և Ն.Մ.-ի միջև իրականացվել է առերեսում, որի ընթացքում առաջինը հերքել է երկրորդի կողմից տրված ցուցմունքը՝ ճշտելով, թե ինչու Ն.Մ.-ն չի մտել դասասենյակ, որտեղ ինքն ու դիմումատուն միասին են եղել։ Ն.Մ.-ն պատասխանել է, որ պատճառը Ա.Ղ.-ի կտրուկ բնավորությունն է: Նա վախեցել էր, նույնիսկ տղամարդ ուսուցիչն էր (այսինքն՝ Հ.Բ.-ն, տե՛ս վերևում՝ 16-րդ պարբերությունը) վախեցել, բացի այդ, նա ցանկացել էր դպրոցում բոլորի աչքի առաջ բացահայտել նրան։

24. Նույն օրն Ա.Ղ.-ին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան մեղադրանք է առաջադրվել ծանրացնող հանգամանքներով բռնաբարության և «անառակաբարո գործողությունների» համար՝ հին ՔՕ 138-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 142-րդ հոդվածի 2-րդ մասով (տե՛ս ստորև՝ 67-րդ և 70-րդ պարբերությունները): Քննիչը պարզել է հետևյալը.

«... [Ա.Ղ.-ն], օգտվելով այն հանգամանքից, որ եղել է համայնքի ղեկավար ... և [դպրոցի ուսուցիչ] ու աշակերտների շրջանում ունեցել է խստապահանջ ուսուցչի համբավ... 2011 թվականի նոյեմբերի վերջին ... հրահանգել է [դիմումատուին] գնալ իր մոտ՝ գյուղապետարանի շենք, որտեղ, օգտվելով աղջկա [հարգալից] վերաբերմունքից, որպես համայնքի ղեկավար և ուսուցիչ սկսել է շոյել նրան [մարմնի ինտիմ հատվածները]... իսկ հետո, ուժ գործադրելով... և սպառնալով սպանել նրան, եթե [դիմումատուն] աղմուկ բարձրացնի, բռնաբարել է...

Ավելին, 2012 թվականի հունվարի 10-ին և 2012 թվականի փետրվարի սկզբին ... ֆիզկուլտուրայի դասին, [օգտվելով] ուսուցչի իր լիազորություններից, [Ա.Ղ.-ն] հրահանգել է [դիմումատուին] իր հետ գնալ [դատարկ] դասասենյակ... որտեղ նա, հաղթահարելով նրա դիմադրությունը, նույն կերպ սեռական հարաբերություն է ունեցել [դիմումատուի] հետ։

Արդյունքում, 2012 թվականի փետրվարի 22-ին ... [Ա.Ղ.-ն ... ազատել է աշակերտներին ֆիզկուլտուրայի դասից և կանչել է [դիմումատուին] դասասենյակ, որտեղ շոյել է նրան [մարմնի ինտիմ հատվածները] ։......Այնուամենայնիվ նկատելով, որ ինչ-որ մեկը հետևում է իրեն դռան անցքից, դադարեցրել է իր գործողությունները և խնդրել [դիմումատուին] վերադառնալ իր դասընկերների մոտ»:

25. 2012 թվականի մարտի 16-ին նույն դպրոցի նախկին աշակերտ Ա.Մ.-ն, որը 2011 թվականի հունիսին (այսինքն՝ սովորականից մեկ տարի շուտ) ավարտել է տասնմեկերորդ դասարանը, ոստիկանությունում հայտնել է, որ Ա.Ղ.-ին վաղուց է ճանաչում որպես իրենց համայնքի ղեկավար և ֆիզկուլտուրայի ուսուցիչ։ Երբ Ա.Մ.-ն սովորել է տասներորդ դասարանում, Ա.Ղ.-ն սկսել է ակտիվորեն շփման եզրեր փնտրել իր հետ, օրինակ՝ մնացել է իր հետ դասասենյակում, երբ շրջապատում ոչ ոք չի եղել, զրուցել է իր հետ (այդ թվում՝ մասնավոր կյանքի մասին) և այլն։ Մի օր՝ 2010 թվականի մայիսին, Ա.Ղ.-ն նրա համար զգեստ է գնել և խոստովանել, որ սիրահարվել է նրան: Ա.Մ.-ն սկզբում մերժել է նրան՝ ասելով, որ մինչև ամուսնանալը չի ցանկանում սեռական հարաբերություն ունենալ, սակայն Ա.Ղ.-ն համոզել է նրան, որ ամեն ինչ կկարգավորվի, և նա կարող է ամուսնանալ նույնիսկ կուսությունը կորցնելուց հետո: Դրանից հետո նրա հետ ունեցել է սեռական հարաբերություն։ Դրանից հետո նրանք հաճախ են հանդիպել և ի վերջո՝ 2011 թվականի հունվարին, երբ Ա.Մ.-ն սովորում էր տասնմեկերորդ դասարանում, հղիացել է Ա.Ղ.-ից: Նրանք շարունակել են հանդիպել գրեթե մինչև նրա հղիության ավարտը (մոտավորապես 2011 թվականի սեպտեմբերին): Նա նշել է, որ նախկինում այդ մասին չի հայտնել Ա.Ղ.-ին, քանի որ վախեցել է, բայց հիմա նա պարզապես ցանկանում է ճշմարտությունը հայտնել իր հետ կատարվածի վերաբերյալ:

26. 2012 թվականի մարտի 26-ին հարցաքննվել է դպրոցի տնօրեն Ս.Մ.-ն (տե՛ս վերևում՝ 10-րդ պարբերությունը): Նա, ի թիվս այլնի, նշել է, որ դիմումատուն սահմանափակ մտավոր կարողություններ է ունեցել և հաճախ շփվել է՝ գլուխը շարժելով կամ շատ կարճ արտահայտություններ արտաբերելով: Աշակերտները ենթարկվել են Ա.Ղ.-ին և նույնիսկ վախեցել նրանից։ 2022 թվականի փետրվարի 22-ին Կ.Հ.-ն (տե՛ս վերևում՝ 9-րդ պարբերությունը) և Ա.Հ.-ն (տե՛ս վերևում՝ 19-րդ պարբերությունը) եկել են նրա աշխատասենյակ՝ նշելով, որ Ա.Ղ.-ի և դիմումատուի միջև «ինչ-որ բան» է պատահել, բայց նրանք չեն իմացել, թե կոնկրետ ինչ: Նա կանչել է դիմումատուին, որը հստակ ոչինչ չի ասել: Դրանից հետո նա կանչել է Ն.Մ.-ին, որը հայտնել է, որ դռան անցքից տեսել է Ա.Ղ.-ին և դիմումատուին դասասենյակի պատի մոտ կանգնած: Ըստ Ս.Մ.-ի՝ Ն.Մ.-ն ոչինչ չի պատմել նրան այդ դեպքի մասին: Հաջորդ օրը Ս.Մ.-ն տեղեկացել է, որ դիմումատուն խոստովանել է, որ Ա.Ղ.-ն սեռական հարաբերություն է ունեցել իր հետ, ինչը հաստատվել է դատաբժշկական փորձաքննությամբ։

27. Դիմումատուի դասղեկ Կ.Հ.-ն, հարցաքննվելով որպես վկա (տե՛ս վերևում՝ 9-րդ, 10-րդ և 14-րդ պարբերությունները), նշել է, ի թիվս այլնի, որ 2012 թվականի փետրվարի 18-ին՝ շաբաթ օրը դասերից հետո, իրեն է մոտեցել Ն. Մ.-ն՝ ասելով, որ նա իր դասարանի աշակերտներից մեկի մասին ասելիք ունի Կ.Հ.-ին: Այնուհետև Ն.Մ.-ն հայտնել է, որ Ա.Ղ.-ի և դիմումատուի միջև ինչ-որ բան է կատարվում: Երբ Կ.Հ.-ն խնդրել է մանրամասնել, Ն.Մ.-ն հայտնել է, որ Ա.Ղ.-ն ինչ-որ ինտիմ հարաբերությունների մեջ է դիմումատուի հետ: Կ.Հ.-ն հայտնել է, որ ինքը զարմացած է և չի հավատում Ն.Մ.-ի խոսքերին, ասել է Ն.Մ.-ին, որ թեև ինքը չի հասկանում ասվածի լրջությունը, ամեն դեպքում Ն.Մ.-ն ճիշտ է վարվել, որ պատմել է իրեն այդ մասին: Ապա Կ.Հ.-ն ասել է Ն.Մ.-ին, որ ինքը կփորձի պարզել այդ հարցի ճշմարտացիությունը և իր ուշադրությունը կսևեռի դրան։ 2012 թվականի փետրվարի 22-ին՝ չորեքշաբթի օրը, Ն.Մ.-ն այդ օրվա առաջին դասի ընդմիջման ժամանակ մոտեցել է իրեն՝ ասելով, որ այն նույն հարցի վերաբերյալ ասելիք ունի, ինչի մասին պատմել է նախորդ շաբաթ օրը, և խնդրել է Կ.Հ.-ին գնալ և տեսնել, թե դիմումատուն ինչ վիճակում է այդ պահին։ Այնուհետև Կ.Հ.-ն գնացել է իր դասասենյակ և տեսել է դիմումատուին՝ դռան մոտ անշարժ կանգնած: Նա դիմումատուին հարցրել է, թե ինչ է պատահել, սակայն նա չի պատասխանել։ Այնուհետև նա դիմումատուին թողել է դասասենյակում միայնակ և դուրս գալով դասարանից՝ հանդիպել է ավագ ուսուցիչ Ա.Հ.-ին (տե՛ս վերևում՝ 19-րդ պարբերությունը), որը իրեն ասել է, որ Ա.Ղ.-ն իր աշակերտի հետ կապված «խնդիր» ունի, որը պետք է պարզաբանվի: Նրանք միասին գնացել են դպրոցի տնօրենի մոտ, որտեղ Կ.Հ.-ն «նույն բանն է» ասել տնօրենին, որն այնուհետև ցանկություն է հայտնել խոսել դիմումատուի հետ: Կ.Հ.-ն դիմումատուին ուղեկցել է տնօրենի աշխատասենյակ, այնուհետև վերադարձել իր դասասենյակ՝ դասապրոցեսը շարունակելու նպատակով: Դասերի վերջում նա խնդրել է մյուս աշակերտներին հեռանալ և զրուցել է դիմումատուի հետ: Դիմումատուն պատասխանել է նրա հարցերին, երբ Կ.Հ.-ն խոսել է այլ թեմաների մասին, սակայն լռել է, երբ խոսել է Ա.Ղ.-ի մասին, դեմքի տարօրինակ արտահայտությամբ նայել է մի կետի: Այնուհետև Կ.Հ.-ն դիմումատուին հարցրել է, թե արդյոք նա կցանկանա, որ որևէ տղամարդ իրեն «մոտենա», նա պատասխանել է՝ «ոչ»: Այնուհետև Կ.Հ.-ն դիմումատուին հարցրել է, թե արդյոք նա ցանկանում է, որ Կ.Հ.-ն պաշտպանի իրեն, և դիմումատուն պատասխանել է «այո»։ Ապա Կ.Հ.-ն դիմումատուին բացատրել է, որ եթե որևէ մեկը ցանկանա մոտենալ իրեն կամ վնասել, նա չպետք է թույլ տա, պետք է գոռա և վախեցնի այդ անձին՝ տալով Կ.Հ.-ի անունը: Այնուհետև նա դիմումատուին տուն է ուղարկել: Հաջորդ օրը Կ.Հ.-ն տեղեկացել է, որ Ա.Ղ.-ի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Դրանից հետո դիմումատուի ծնողների հետ զրույցից նա տեղեկացել է, որ Ա.Ղ.-ն բռնաբարել է դիմումատուին:

28. 2012 թվականի հուլիսի 17-ին գործն ուղարկվել է Մարզային դատարան՝ ըստ էության քննության համար։ Մեղադրական եզրակացության համապատասխան մասերն ունեն հետևյալ բովանդակությունը.

«...... [Ա.Ղ.-ն դպրոցի անձնակազմի կողմից բնութագրվել է որպես խիստ ուսուցիչ, [և] անբարոյական մարդ... [որը դրսևորում է] անամոթ վարքագիծ, ինչի արդյունքում աշակերտները վախենում են նրանից և չեն համարձակվում հակառակվել նրան ...

2011 թվականի նոյեմբերի վերջին [Ա.Ղ.-ն] հրահանգել է [դիմումատուին] դասերից հետո գնալ գյուղապետարանի շենք։ Դասերից հետո [դիմումատուն] գնացել է գյուղապետարանի շենք...: [Ա.Ղ.-ն], սպառնալով, որ կսպանի [դիմումատուին], եթե նա աղմուկ բարձրացնի... բռնի կերպով սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ...

2012 թվականի հունվարի 10-ին... [Ա.Ղ.-ն] թույլ է տվել աշակերտներին գնալ բակ խաղալու, սակայն հրահանգել է [դիմումատուին] մնալ դասասենյակում, ... Նա աշակերտների հեռանալուց հետո փակել է դասասենյակի դուռը,..., սպառնացել է ծեծել [դիմումատուին], եթե նա աղմուկ բարձրացնի... և սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ...

... 2012 թվականի փետրվարի սկզբին ... [Ա.Ղ.-ն] կրկին սեռական հարաբերություն է ունեցել [դիմումատուի] հետ [դիմումատուի դասասենյակում]՝ տասներկուերորդ դասարանի հետ ֆիզկուլտուրայի համատեղ դասի ընթացքում ...

Ավագ դասարանի մի քանի աշակերտներ, նկատելով [Ա.Ղ.-ի] և [դիմումատուի] [միասին միայնակ] հաճախակի ժամանակ անցկացնելու դեպքերը և իմանալով [Ա.Ղ.-ի] «կնամոլ» համբավի մասին, [Ն.Մ.-ի] նախաձեռնությամբ որոշել են պարզել նրանց [այդ] արարքի պատճառները...

2012 թվականի փետրվարի 22-ին՝ ... նկատելով, որ ինչ-որ մեկը հետևում է [իրենց]... [Ա.Ղ.-ն] դադարեցրել է իր գործողությունները և կարգադրել է [դիմումատուին] միանալ իր դասընկերներին:

[Ն.Մ.-ն], ցանկանալով, որ ուսուցիչներն ու աշակերտները վկա լինեն տեղի ունեցածին, անմիջապես հայտնել է նրանց այդ մասին, սակայն վերջիններս խուսափել են [դրանից], բերել տարբեր պատճառաբանություններ և չեն գնացել։

... [Ա.Ղ.]-ն չի ընդունել [ինչ-որ բանում] իրեն առաջադրված մեղադրանքը և պնդել է, որ ... ինքը խնդրել է [դիմումատուին] դուրս գալ դասասենյակից, որպեսզի խնդրի նրան տեղեկացնել իր մայրիկին՝ հաջորդ օրը գյուղապետարանի շենք գնալու [և] իր հետ [վերը նշված սոցիալական ապահովության նպաստ ստանալու համար] անհրաժեշտ փաստաթղթերը տանելու մասին... 2012 թվականի փետրվարի 22-ին, երբ աշակերտները գնացել են բակ խաղալու, նա կանչել է [դիմումատուին] և հարցրել, թե արդյոք մայրիկի սոցիալական ապահովության հարցը լուծվել է...

[Ա.Ղ.-ի] փաստարկներն անհիմն են...»:

III. Դատաքննությունը

29. Մարզային դատարանը դատաքննությունն իրականացրել է դռնփակ դատական նիստում:

30. Դատաքննության ընթացքում ցուցմունք են տվել մի շարք վկաներ, այդ թվում՝ դպրոցի աշակերտները, ուսուցիչներից ոմանք և տնօրենը:

31. Ն.Մ.-ն հիմնականում վերահաստատել է իր կողմից ավելի վաղ ներկայացված իրադարձությունների նկարագրությունը (տե՛ս վերևում՝ 10-րդ և 14-րդ պարբերությունները)՝ տրամադրելով որոշ լրացուցիչ տվյալներ: Նա մասնավորապես նշել է հետևյալը.

«...

Հասկանալով, որ ոչինչ չեմ կարող անել և վախենալով ինքս բացել դուռը՝ ես գնացի իմ դասասենյակ: Ես մտա դասասենյակ և անմիջապես դիմեցի [Ա.Ս.]-ին, և երեխաները միանգամից հասկացան, թե ինչ է կատարվում: Ես բացատրեցի [իմ մտահոգությունները Ա.Ս.-ին] և խնդրեցի [Ա.Ս.]-ին բացել դուռը [այն դասասենյակի, որտեղ առանձնացել էին Ա.Ղ.-ն և դիմումատուն] և տեսնել, թե ինչ է անում մեր համայնքի ղեկավարն այնտեղ: [Ա.Ս.]-ն և աշակերտները դուրս եկան սենյակից և շարժվեցին դեպի դուռը. հետո [Ա.Ս.]-ն գլխով շարժում արեց, որով ասում էր, որ դա մեր գործը չէ, և մենք հեռացանք: Հետո, երբ բոլորը վերադարձան դասասենյակ, և տեսնելով, որ ոչ ոք ոչինչ չի ձեռնարկում, ես գնացի տնօրենի աշխատասենյակ և տեսնելով, որ նա այնտեղ չէ, շտապեցի [Ն.Գ.]-ի մոտ: Այս միջադեպից օրեր առաջ ես տեղեկացրել էի [Ն.Գ.]-ին, որ ... ունեմ այդպիսի կասկածներ և խնդրել էի [Ն.Գ.]-ին ոչ ոքի չասել, որպեսզի մենք կարողանայինք տեսաձայնագրություն [կատարել]: [Ն.Գ.]-ն ինձ խորհուրդ տվեց խոսել տնօրենի կամ դիմումատուի դասղեկի հետ: Տեսնելով, որ Ն.Գ.-ն ևս չի գալիս ... ես գնացի տասնմեկերորդ դասարանցիների դասասենյակ, որտեղ [Հ.Բ.]-ն դաս էր վարում: Ես նրան բացատրեցի, որ [Ա.Ղ.]-ն անբարոյական արարքներ է կատարում. նա ասաց, որ չի ցանկանում այդ մարդու հետ որևէ գործ ունենալ, [քանի որ] բախում է ունեցել նրա հետ, և չեկավ [ինձ հետ] ...

Ամբողջ դպրոցը հասկացավ, թե ինչ էր տեղի ունեցել ... Հետո դասամիջոցին ես հանդիպեցի [Կ.Հ.]-ին և նրան պատմեցի, թե ինչ եմ տեսել: Դրանից հետո ավագ դասարանների աշակերտները [սկսեցին բոյկոտել Ա.Ղ.]-ի դասերը: Մի քանի օր անց երեխաները բողոքի ակցիա կազմակերպեցին, հետո ամբողջ գյուղը իմացավ, թե ինչով էր զբաղված [Ա.Ղ.]-ն դպրոցի տարածքում:

Ն.Մ.-ին, ի թիվս այլնի, տրվել են հետևյալ հարցերը, որոնց նա պատասխանել է հետևյալը.

«...

[Դատախազ]. Երբ դուք խնդրեցիք [Ա.Ս.]-ին դուրս գալ [Ձեզ հետ դուրս գալ դասասենյակից] նա ի՞նչ ասաց:

[Պատասխան]. Մենք դռանը մոտեցանք ոտքի մատների վրա. [Ա.Ս.]-ն մատը դրեց շրթունքին՝ մեզ լռեցնելու համար և ասաց, որ դա մեզ չի վերաբերում. մենք հեռացանք, ես հասկացա, թե ինչ էր տեղի ունենում:

...

[Պաշտպան]. Տնօրենը վկայել է, որ Ձեզ հրավիրել է իր աշխատասենյակ՝ պարզելու, թե ինչ էր կատարվում [Ա.Ղ.]-ի և [դիմումատուի] միջև:

[Ն.Մ.]. Որքան հիշում եմ, այդպիսի բան չի եղել:

...

[Պաշտպան]. Երբ դա տեսաք, ինչու՞ մյուս ուսուցիչներին ոչինչ չասացիք:

[Ն.Մ.]. Ես գնացել և ասել եմ նրանց գալ և տեսնել, թե ինչ է անում համայնքի ղեկավարը տասնչորս տարեկան երեխայի հետ:

[Պաշտպան]. Իսկ ինչու՞ նրանք չեկան:

[Ն.Մ.]. Կարծում եմ, որ նրանք հասկացել էին [թե իրականում ինչ է կատարվում]: Կարծում եմ` [Ն.Գ.]-ն շատ լավ տեղյակ էր, և դա էր պատճառը, որ նա չեկավ:

...»

32. Դատաքննության ընթացքում Ա.Ս.-ի կողմից տրված ցուցմունքի վերաբերելի մասերը (տե՛ս վերևում՝ 15-րդ պարբերությունը) ունեն հետևյալ բովանդակությունը.

«... Ես չէի գիտակցում, թե ինչ է կատարվում ...

[Դատախազ]. Դուք չգիտեի՞ք, թե ինչու է [Ն.Մ.]-ն կանչում Ձեզ:

[Ա.Ս.]. Ոչ, [Ն.Մ.]-ն ոչ մի կոնկրետ բան չէր ասել: Մտածեցի կռիվ է եղել. մտածեցի, որ դա վերաբերում է [ոմն ուսուցչի, որը նույն անունն ուներ, ինչ դիմումատուն]:

...

[Դատախազ]. Եթե [Ն.Մ.]-ն ասած լիներ, որ [Ա.Ղ.]-ն և [դիմումատուն] անբարոյական արարքներ են կատարում, ի՞նչ կանեիք այդ դեպքում: Ի՞նչ քայլ կձեռնարկեիք:

[Ա.Ս.]. Չեմ կարող ասել:

...

[Նախագահող դատավոր]. Ասացիք, որ երեխաները Ձեզ հասկացրել են, որ ինչ-որ բան է կատարվել. ասացիք, որ ոչինչ չեք հասկացել, նույնիսկ մտածել եք, որ դա վերաբերում է ուսուցիչներից մեկին [որը նույն անունն էր կրում, ինչ դիմումատուն]։

[Ա.Ս.]. Երբ դուրս գնացի և հետո վերադարձա դասասենյակ, ասացի [երեխաներին], որ չանհանգստանան. [դրսում] խաղաղ է, և ձայներ չեն լսվում ..., ինչին [աշակերտները] պատասխանեցին, որ «դրա» ժամանակ ձայն չի լսվում:

[Նախագահող դատավոր]. Իսկ ինչու՞ չգնացիք ստուգելու, թե որտեղ են [Ա.Ղ.]-ն և դիմումատուն:

[Ա.Ս.]. Դե, երբ պատուհանից տեսա, որ [դիմումատուն] հեռացել է [դասասենյակից], էլ ինչու՞ գնայի: Նրանք այլևս միասին չէին:

[Նախագահող դատավոր]. Ձեր մինչդատական վարույթի ընթացքում տրված ցուցմունքում նշել եք, որ [դիմումատուն] երերալով էր քայլում, սակայն այժմ չեք նշում [այդ փաստը] ...

[Ա.Ս.]. Ես սխալ էի նկատել. երբ ասացի, որ նա «քայլում է երերալով», ի նկատի ունեի, որ [դիմումատուն] հենվել էր պատին ...»։

33. Հ.Բ.-ն (տե՛ս վերևում՝ 16-րդ պարբերությունը) դատաքննություն իրականացնող դատարանին հայտնել է, որ ինքը ասել է Ն.Մ.-ին, որ Ա.Ղ.-ի հետ իր հարաբերությունները վատ են և հրաժարվել է ուղեկցել նրան, երբ վերջինս խնդրել է այդ մասին. նա միայն հետագայում է իմացել, որ «նրանք» (այսինքն, Ա.Ղ.-ն և դիմումատուն) «մենակ են եղել սենյակում»:

34. Դպրոցի տնօրեն Ս.Մ.-ն (տե՛ս վերևում 26-րդ պարբերությունը) ցուցմունք է տվել առ այն, որ 2012 թվականի փետրվարի 22-ին նա առաջին դասաժամ է ունեցել: Իր սովորության համաձայն՝ նա մոտեցել է պատուհանին. այնտեղից նա տեսել է, որ իններորդ դասարանցիները դրսում են, հավաքվել են դպրոցի բակում: Նա շատ է զարմացել, քանի որ նրանց մոտ ֆիզկուլտուրայի դաս էր: Ուստի անմիջապես դուրս է եկել պարզելու, թե ինչ է կատարվում, քանի որ գիտեր, որ իններորդ դասարանցիների դասը պետք է վարեր Ա.Ղ.-ն: Ս.Մ.-ն բացել է իր դասասենյակի դուռը և տեսել է, որ Ա.Ղ.-ն դուրս է գալիս ուսուցչանոցից, ուստի հարցրել է նրան, ինչու են աշակերտները վազվզում դրսում, արդյոք նրանք «փախել» են դասից: Ա.Ղ.-ն պատասխանել է, որ աշակերտները խնդրել են դուրս գնալ, ուստի նա թույլատրել է նրանց գնալ և ասել է, որ շուտով կմիանա նրանց բակում: Իրավիճակը հստակեցնելով՝ Ս.Մ.-ն շարունակել է իր դասը: Երկրորդ դասից հետո՝ ընդմիջման ժամանակ, երբ Ս.Մ.-ն արդեն վերադարձել էր իր աշխատասենյակ, ավագ դպրոցի ուսուցիչ Ա.Հ.-ն (տե՛ս վերևում՝ 19-րդ պարբերությունը) և իներորդ դասարանի դասղեկ Կ.Հ.-ն (տե՛ս վերևում՝ 9-րդ պարբերությունը) եկել են Ս. Մ.-ի աշխատասենյակ և նրան ասել, որ ինչ-որ բան է տեղի ունեցել Ա.Ղ.-ի և դիմումատուի միջև, բայց թե կոնկրետ ինչ՝ չգիտեն: Նա փորձել էլ պարզել դա դիմումատուից, սակայն անընդունակ լինելով արտաբերելու պատշաճ խոսք՝ նա ի պատասխան Ս.Մ.-ի հարցերին պարզապես գլխով էր անում: Այդ ժամանակ Ս.Մ.-ն ասել է, որ Ն.Մ.-ն տեղյակ է տեղի ունեցածից, ուստի Ս.Մ.-ն Ն. Մ.-ին հրավիրել է իր աշխատասենյակ: Վերջինս նրան պատմել է, որ դիմումատուի դասասենյակի դռան անցքից տեսել է Ա.Ղ.-ին և դիմումատուին պատի մոտ կանգնած և անմիջապես մոտեցել է ուսուցիչներից մի քանիսին՝ խնդրելով նրանց գնալ դասասենյակ և ականատես լինել կատարվածին, սակայն նրանք մերժել են. այդ ընթացքում դիմումատուն արդեն հեռացել էր տվյալ դասասենյակից: Հաջորդ օրը Ս.Մ.-ն լսել է, այսինքն՝ դա արդեն տարածվել էր ամբողջ դպրոցով և ողջ գյուղով մեկ, որ «նրանք» ինչ-որ բան են տեսել, թե կոնկրետ ինչ՝ նա դեռ չգիտեր: Լուրեր էին պտտվում, որ Ա.Ղ.-ն և դիմումատուն հարաբերությունների մեջ են, և որ Ա.Ղ.-ն սեռական հարաբերություններ է ունենում դիմումատուի հետ: Սրա ճիշտ կամ սխալ լինելը նա ոչ կարող էր հաստատել և ոչ էլ հերքել:

Դատախազի այն հարցին, թե արդյոք Ս.Մ.-ն չի փորձել պարզել Ն.Մ.-ից, թե ինչ պատճառով է նա դիմել մյուս ուսուցիչներին, որ հետևեն իրեն, Ս.Մ.-ն պատասխանել է. «Միգուցե, որպեսզի նրանք գային և տեսնեին, որ նրանք կանգնած են պատի մոտ»:

Երբ նախագահող դատավորը պահանջել է, որ նա նկարագրի Ա.Ղ.-ին, Ս.Մ.-ն ասել է. «Նա մի փոքր [հուզական առումով] անկայուն է, սակայն մարդկային է. Հիմա տուժողները նրա թշնամիներն են, ճի՞շտ է: Բայց եթե նրանց որևէ բան պատահի, նրանք օգնության կարիք ունենան, [Ա.Ղ.-ն] առաջինը նրանց օգնության կհասնի: Նա այդ տեսակ լավ մարդ է»:

35. Դատաքննության ընթացքում Ա.Մ.-ն (տես վերևում՝ 25-րդ պարբերությունը) նույնպես վկայություն է տվել՝ գլխավորապես վերահաստատելով իր նախկինում արված հայտարարությունը և բացատրելով, որ ինքը իշխանության մարմիններին ավելի վաղ չի մոտեցել, քանի որ Ա.Ղ.-ն ազատության մեջ էր գտնվում, և նա վախեցել է. միջադեպից հետո նա դիմումատուի հետ գնացել է ոստիկանություն: Նա նաև նշել է, որ նախքան դատական նիստերի դահլիճ մտնելը նրան սպառնացել է Ա.Ղ.-ի որդին:

36. Է.Պ-ն` դիմումատուի մայրը (տես վերևում՝ 13-րդ պարբերությունը), ի թիվս այլնի, նշել է, որ 2012 թվականի սկզբում մի օր նրա դուստրերը (դիմումատուն և նրա քույրը) դպրոցից տուն են եկել լաց լինելով՝ ասելով, որ դպրոցում խոսում էին այն մասին, որ դիմումատուն և Ա.Ղ.-ն «միասին» են: Է.Պ-ն պատրաստվել է գնալ ուսմասվարի (Ա.Հ.-ի) տուն (տե՛ս վերևում՝ 19-րդ պարբերությունը), սակայն դիմումատուի քեռիները եկել են նրանց տուն և դիմումատուին հարցրել, թե ինչ է պատահել դպրոցում: Դիմումատուն նրանց ամեն բան պատմել է, և նրանք Ա.Ղ.-ին կանչել են իրենց տուն: Ա.Ղ.-ի հեռանալուց մոտ երկու ժամ հետո նրանք զանգահարել են՝ ճշտելու, թե արդյոք նա վերադառնում է, որ պարզեն, թե ինչ է պատահել. նա չի հայտնվել, ուստի նրանք զանգահարել են ոստիկանություն: Մեկ օր հետո Ա.Ղ.-ի կինը և մայրը եկել են նրանց տուն. կինը շատ կոպիտ է եղել դիմումատուի հետ: Այնուհետև մեկ այլ օր Ա.Ղ.-ի մայրը եկել է նրանց տուն՝ ձեռքին մի մեծ փայտ, և սպառնացել է նրանց: Մեկ ամիս հետո Ա.Ղ.-ի աներորդին եկել է իրենց տուն՝ ընտանիքին առաջարկելով գումար, որպեսզի նրանք հետ վերցնեն հանցագործության մասին իրենց հաղորդումը. Է.Պ-ն մերժել է: Ի պատասխան դատախազի կողմից առաջադրված հարցին՝ Է.Պ-ն պատասխանել է, որ ինքը անձամբ է զբաղվել վերոնշյալ սոցիալական ապահովության նպաստի հարցերով: Ցանկացած դեպքում արդեն մի տարի էր, ինչ ընտանիքը չէր ստանում որևէ սոցիալական աջակցություն, քանի-որ ըստ Է.Պ-ի՝ Ա.Ղ.-ն դադարեցրել էր դրա տրամադրումը:

37. 2012 թվականի սեպտեմբերի 4-ին՝ դեռևս դատաքննության ընթացքում, մի առցանց թերթում, որտեղ հետևողականորեն լուսաբանվում էր դիմումատուի գործը, հրապարակվել էր «Մայրը ասել է, որ սպանել է իր երեխային. պնդում է, որ նրա հայրը [Ա.Ղ.]-ն է» վերնագրով հոդվածը. հոդվածում Ա.Մ.-ն ներկայացված էր որպես երեխայի մայրը (տե՛ս վերևում՝ 25-րդ և 35-րդ պարբերությունները): Այդ հոդվածի հրապարակումից հետո հետապնդում իրականացնող մարմինը գործը քննող դատարանից պահանջել է տրամադրել Ա.Մ.-ի կողմից դատաքննությունից առաջ և հետո տրված համապատասխան ցուցմունքների արձանագրությունները:

38. 2012 թվականի սեպտեմբերի 10-ին ոստիկանությունը սկսել է Ա.Ղ.-ի վերաբերյալ գործի քննությունը՝ ՔՕ-ի հին տարբերակի 140-րդ հոդվածի շրջանակներում (Անձին սեքսուալ բնույթի գործողություններ կատարելուն հարկադրելը. տե՛ս ստորև՝ 70-րդ պարբերությունը): Այնուհետև 2012 թվականի սեպտեմբերի 16-ին ոստիկանությունը սկսել է Ա.Մ.-ի նորածին երեխայի սպանության փաստով հարուցված գործի քննությունը, և մեղադրանքներ են առաջադրվել Ա.Ղ.-ին և Ա.Ա.-ին (նույն գյուղից մի կին):

39. 2013 թվականի հունվարի 21-ի որոշմամբ քննիչը դադարեցրել է Ա.Ղ.-ի նկատմամբ քրեական հետապնդումը: Որոշման մեջ մասնավորապես նշվել է հետևյալը.

«...քննության ընթացքում ... [Ա.Ղ.]-ին մեղադրանք է առաջադրվել ... [Ա.Մ.]-ին սեքսուալ բնույթի գործողություններ կատարելուն հարկադրելու և նորածին երեխայի սպանությունը կազմակերպելու համար, այդ գործողությունները կատարվել են հետևյալ կերպ.

... [Ա.Մ.]-ին շանտաժի ենթարկելով [գողության համար նրան քրեական պատասխանատվության ենթարկելու սպառնալիքի միջոցով] ... [Ա.Ղ.]-ն հարկադրել է 15 տարեկան [Ա.Մ.]-ին պարբերաբար սեռական հարաբերություններ ունենալ իր հետ, որի արդյունքում [Ա.Մ.]-ն հղիացել է [նրանից] 2011 թվականին:

Չկարողանալով համոզել [Ա.Մ.]-ին ընդհատել իր հղիությունը, [Ա.Ղ.]-ն կազմակերպել է [նրա] նորածնի սպանությունը:

2011 թվականի հոկտեմբերի 8-ին ... հետևելով [Ա.Ղ.]-ի հրահանգներին ... բուժքույր [Ա.Ա.]-ն և նրա դուստրը գնացել են [Ա.Մ.]-ի տուն ...որտեղ, կատարելով [Ա.Ղ.]-ի նախկինում տրված հրահանգները, [Ա.Ա.]-ն նորածին երեխային տարել է հարակից այգին և ... խեղդելու միջոցով սպանել նրան:

2012 թվականի հոկտեմբերի 16-ին ... մեղադրյալի [Ա.Ղ.-ի] նկատմամբ կիրառվել է կալանք խափանման միջոցը:

Ամբողջական, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում հավաքագրված ապացույցներով [Ա.Ա.-ի] կողմից [Ա.Ղ.-ի] հրահանգների հիման վրա [Ա.Մ.-ի] նորածին երեխայի սպանությունը և [Ա.Ղ.-ի] կողմից [Ա.Մ.-ի] բռնաբարությունը հերքվել են. համապատասխանաբար 2013 թվականի հունվարի 21-ին որոշում է կայացվել դադարեցնելու ... [Ա.Ա.-ի և Ա.Ղ.-ի հետապնդումը]: Նույն օրը [Ա.Ղ.-ին] մեղադրանք է առաջադրվել [Ա.Մ.-ին] սեքսուալ բնույթի գործողություններ կատարելուն հարկադրելու համար:

... ուժի մեջ մտած ... [Համաներման ակտի] հիման վրա,[ես] որոշել եմ ... դադարեցնել [Ա.Ղ.-ի] հետապնդումը...»։

40. 2013 թվականի փետրվարի 27-ին մարզային դատարանը, մեղադրանքներում նկարագրված փաստերը (տե՛ս վերևում՝ 20-րդ, 24-րդ և 28-րդ պարբերությունները) համարելով ապացուցված, Ա.Ղ.-ին մեղավոր է ճանաչել անչափահասի բռնաբարության մեջ՝ համարելով դա մեկ (շարունակական) հանցագործություն՝ բռնաբարության համար մեղադրանքի բոլոր երեք կետերով, ինչպես նաև անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ՝ համաձայն համապատասխանաբար ՔՕ-ի հին տարբերակի 138-րդ հոդվածի, 2-րդ կետի 3-րդ ենթակետի և 142-րդ հոդվածի 1-ին կետի (տե՛ս ստորև՝ 67-րդ և 70-րդ պարբերությունները). նա դատապարտվել է ութ տարի ազատազրկման:

41. Մարզային դատարանի որոշումը բողոքարկվել է դիմումատուի և Ա.Ղ.-ի կողմից: Ինչ վերաբերում է դիմումատուի բողոքին, դրանում մասնավորապես վիճարկվել է, որ չնայած հաստատված է համարվել այն, որ Ա.Ղ.-ն երեք անգամ բռնաբարել է դիմումատուին երեք տարբեր դեպքերում (տարբեր վայրերում և ժամանակ), գործը քննող դատարանը նրան մեղավոր է ճանաչել բռնաբարության միայն մեկ կետով:

42. 2013 թվականի մայիսի 14-ին Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել Մարզային դատարանի վճիռը՝ գլխավորապես վերահաստատելով մեղադրական փաստերի նկարագրությունը և դատաքննության ժամանակ հետազոտված ապացույցները:

43. Մարզային դատարանի վճիռը անփոփոխ է թողնվել վերջին ատյանում՝ Վճռաբեկ դատարանի 2013 թվականի հուլիսի 15-ի որոշմամբ: Այդ որոշումը դիմումատուին է ուղարկվել 2013 թվականի հուլիսի 17-ին:

44. Դատական գործերի հանրային առցանց տեղեկատվական բազան (ԴատաԼեքս), որը պաշտոնական տվյալների բազա է, որտեղ պարբերաբար հրապարակվում են դատարանի որոշումները, դատական գործի վերաբերյալ մանրամասն տվյալներ չի պարունակում: Այնտեղ պարզապես նշվում է գործի համարը (Ա.Ղ.-ի անվան հետ միասին). այն նշվում է որպես դռնփակ անցկացվող դատական վարույթ:

IV. Վնասի հատուցման պահանջ

45. 2014 թվականի փետրվարի 17-ին պատճառված ոչ նյութական վնասի համար դիմումատուի հոր անունից պետության (ի դեմս Ֆինանսների նախարարության) դեմ ներկայացվել է 60,000,000 ՀՀ դրամ գումարի չափով հատուցման քաղաքացիական հայց:

Մարզային դատարանի վճռի հետ կապված` նշվել է (տե՛ս վերևում՝ 40-րդ պարբերությունը), որ հաստատվել է, որ Ա.Ղ.-ն, չարաշահելով իր իշխանությունը որպես գյուղի վարչական ղեկավար և դպրոցի ուսուցիչ, 2011 թվականի նոյեմբերի և 2012 թվականի փետրվարի միջև ընկած ժամանակահատվածում չորս անգամ սեռական ոտնձգություն է կատարել դիմումատուի նկատմամբ: Ավելին, այդ ոտնձգությունը կատարվել է գյուղապետարանի վարչական շենքում Ա.Ղ.-ի աշխատանքային ժամերի ընթացքում և դպրոցում դասի ժամերին, որտեղ նա պարտավոր էր պաշտպանել դիմումատուի անվտանգությունն ու լավագույն շահերը:

Անդրադառնալով Դատարանի նախադեպային իրավունքին և երեխաների իրավունքների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ համապատասխան ներպետական և միջազգային իրավական գործիքներին՝ հաստատվել է, որ չնայած միջազգային գործիքներով, այդ թվում՝ Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի 19-րդ հոդվածի շրջանակներում երեխաներին բռնությունից, այդ թվում՝ սեռական բռնությունից պաշտպանելու համար բոլոր համապատասխան օրենսդրական, վարչական, սոցիալական և կրթական միջոցները ձեռնարկելու իր ստանձնած պարտավորություններին (տե՛ս ստորև՝ 78-րդ պարբերությունը)` պետությունը պետական դպրոցներում և հանրային մարմիններում չի ստեղծել երեխաների (և հատկապես հաշմանդամ երեխաների) պաշտպանության անհրաժեշտ գործիքակազմ և մեխանիզմներ:

Նշվել է, որ անչափահասների նկատմամբ սեռական բնույթի հանցանքների թիվն ավելացել է, և որ սոցիալապես անապահով խմբերի պատկանող երեխաները ամենահաճախն են դառնում այդ հանցագործությունների զոհերը: Այդպիսի երեխա էր դիմումատուն, որն ուներ մտավոր հաշմանդամություն, և որի ընտանիքը ծայրահեղ աղքատ էր, և որը բռնության էր ենթարկվել մի վայրում, որտեղ նա պետք է ամենաշատը պաշտպանված լիներ, և մի անձի կողմից, որը առաջին հերթին պետք է նրան պաշտպաներ նմանատիպ բռնությունից:

Ավելին, հղում կատարելով Դատարանի համապատասխան նախադեպային իրավունքին և Սահմանադրության 6-րդ հոդվածին (տե՛ս ստորև՝ 52-րդ պարբերությունը)` պնդել են, որ Պետությունն ունի միջազգային պարտավորություն կրած վնասի հատուցում վճարելու այն անձանց, որոնք ենթարկվել են Կոնվենցիայի 3-րդ հոդվածին հակասող վերաբերմունքի: Դիմումատուն ապրում էր փոքր գյուղում, որի բնակիչները առավելապես պահպանողական հայացքներ ունեն, որտեղ սեռական բռնության զոհերի նկատմամբ առկա է բացասական վերաբերմունք, և որտեղ բոլորը տեղյակ են, թե ինչ է պատահել նրա հետ: Արդյունքում նա նույնիսկ ավելի ստորացված և նվաստացված էր զգում:

Վերջապես, խնդրել էին գործը քննել դռնփակ, և որ վարույթի վերաբերյալ որևէ տեղեկատվություն (այդ թվում՝ դիմումատուի անունը) չհրապարակվի ԴատաԼեքսում (տե՛ս վերևում՝ 44-րդ պարբերությունը)՝ հաշվի առնելով այն փաստը, որ գործը վերաբերում էր սեռական հանցագործության զոհ դարձած անչափահասի մասնավոր կյանքին:

46. 2014 թվականի փետրվարի 19-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը մերժեց դիմումատուի հայցը՝ դրա ձևի և բովանդակության վերաբերյալ դատավարական պահանջները չպահպանելու հիմքով: Որոշման պատճառաբանական մասը շարադրված էր հետևյալ կերպ.

«[Դիմումատուի ներկայացուցիչը] հայց է ներկայացրել Հայաստանի Հանրապետության դեմ՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության՝ պահանջելով ոչ նյութական վնասի հատուցում:

Ուսումնասիրելով հայցը և օժանդակ նյութերը՝ [ես] համարում եմ, որ հայցը պետք է մերժվի, [Քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածների] համաձայն ...

Հայցը բովանդակային առումով տարբեր օրենքների և դրանց մեկնաբանությունների ցանկ է:

Հայցում նշված չեն այն հանգամանքները, որոնք ընկած են դրա հիմքում, հայցը հիմնավորող ապացույցները և հայցվող գումարի հաշվարկը ...»։

47. Դիմումատուի անունից ներկայացվել է բողոք, որով պնդում էին, որ հայցում, ըստ էության, անդրադարձ է կատարվել դրա հիմքերին, ինչպես նաև նշվել են հայցը հիմնավորող ապացույցները, մասնավորապես՝ Մարզային դատարանի 2013 թվականի փետրվարի 27-ի վճիռը (տե՛ս վերևում՝ 40-րդ պարբերությունը):

48. 2014 թվականի մարտի 28-ին Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժել է դիմումատուի վերաքննիչ բողոքը՝ համարելով, որ ստորադաս դատարանը պետք է հրաժարվեր նրա քաղաքացիական հայցը վարույթ ընդունելուց: Այդ որոշման համապատասխան մասերը շարադրված են հետևյալ բովանդակությամբ.

«[Դիմումատուի իրավական ներկայացուցիչը] հայց է ներկայացրել ... Հայաստանի Հանրապետության դեմ՝ պահանջելով ոչ նյութական վնասի հատուցում՝ 60,000,000 [ՀՀ դրամ] գումարի չափով:

...

2. Բողոքի հիմքերը, փաստարկները և [ստորադաս դատարանի որոշումը անվավեր ճանաչելու] պահանջը

...

[Մարզային դատարանի] որոշումը անհիմն է. այն [դիմումատուին] զրկում է դատական պաշտպանության իր իրավունքից. ...հետևաբար որոշումը պետք է անվավեր ճանաչվի՝ հաշվի առնելով այն փաստը, որ հայցում նշված են դրա հիմքերը ...

Հայցում նշվել են դրա հիմքում ընկած ապացույցները, մասնավորապես՝ [Մարզային դատարանի] 2013 թվականի փետրվարի 27-ի վճիռը, որն ուժի մեջ է մտել ...

...

3. [Վերաքննիչ դատարանի] վճռի հիմնավորումները և եզրակացությունները

...

[Դիմումատուի ներկայացուցիչը] հղում է կատարել մի շարք իրավական դրույթների, մասնավորապես՝ [Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի 3-րդ, 19-րդ, 23-րդ հոդվածներին, [Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի] 5-րդ, 7-րդ, 16-րդ և 17-րդ հոդվածներին, [Հայաստանի] Սահմանադրության 3-րդ, 6-րդ, 14-րդ, 16-րդ, 18-րդ, 19-րդ հոդվածներին, [Երեխայի իրավունքների մասին օրենքի] 3-րդ և 9-րդ բաժիններին, ... [Հանրակրթության մասին օրենքի] 20-րդ և 22-րդ բաժիններին ... [և] [Կոնվենցիայի] 3-րդ հոդվածին ...

հաշվի առնելով վերոնշյալը՝ [Վերաքննիչ դատարանը] դիտարկում է, որ [դիմումատուն] չի կարող ոչ նյութական վնասի հատուցում պահանջել, քանի որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը չի նախատեսում ոչ նյութական վնասի հատուցում [վճարում]: Հետևաբար, հաշվի առնելով այս հանգամանքները, [Մարզային դատարանը] պետք է հայցը մերժելու փոխարեն պարզապես հրաժարվեր այն վարույթ ընդունելուց ...

... համարելով, որ ո՛չ [Քաղաքացիական օրենսգիրքը], ոչ ցանկացած այլ իրավական գործիքակազմ չեն նախատեսում ոչ նյութական վնասի հատուցում, անհրաժեշտ է կայացնել նոր դատական որոշում և հրաժարվել հայցը ընդունելուց ...»։

49. Վերաքննիչ դատարանի որոշումը կայացնելուց հետո պարզվել է, որ դիմումատուի լրիվ անունը և հասցեն, ինչպես նաև նրա վնասի հատուցման պահանջի շրջանակներում կայացված դատական որոշումները (տե՛ս վերևում՝ 46-րդ և 48-րդ պարբերությունները) հրապարակվել են ԴատաԼեքսում:

50. Դիմումատուի անունից (իր փաստաբանի կողմից) ներկայացվել է Վճռաբեկ բողոք՝ պնդելով, որ հատուցման հայցը քննության ընդունելու մերժումը (այն հիմքով, որ ազգային օրենսդրությամբ չի երաշխավորվում ոչ նյութական վնասի հատուցման իրավունքը) չի համապատասխանում, ի թիվս այլնի, Կոնվենցիայի 3-րդ և 13-րդ հոդվածների և Սահմանադրության 6-րդ հոդվածի պահանջներին (տե՛ս ստորև՝ 52-րդ պարբերությունը): Ավելին, հայցի վերաբերյալ տեղեկությունները (այդ թվում՝ ստորադաս դատարանների որոշումների տեքստերը, որոնք պարունակել են դիմումատուի լրիվ անունը) հրապարակվել են ԴատաԼեքսում՝ չնայած այդ տեղեկությունների չհրապարակման մասին ներկայացված կոնկրետ պահանջի (տե՛ս վերջում՝ 45-րդ պարբերությունը):

51. 2014 թվականի ապրիլի 30-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանը որոշման դեմ վճռաբեկ բողոքը ճանաչել է անընդունելի՝ հիմքերի բացակայության պատճառով:

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ

I. ներպետական իրավունքը եվ գործելակերպը

Ա. 1995 թվականի Սահմանադրությունը (2005 թվականի նոյեմբերի 27-ին ներկայացված փոփոխություններից հետո)

52. Նշված ժամանակահատվածում գործող Սահմանադրության համապատասխան դրույթները նախատեսում են.

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։