Հոդված 38
Հոդված 38
«...
Հիմնական ընդհանուր կրթությունը պարտադիր է, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Օրենքով կարող է սահմանվել պարտադիր կրթության ավելի բարձր մակարդակ:
Միջնակարգ կրթությունը պետական և ուսումնական հաստատություններում անվճար է:
Բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնավարության սկզբունքները որոշվում են օրենքով:
Ուսումնական հաստատությունների ստեղծման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով:
...»
Բ. Երեխայի իրավունքների մասին օրենքը
53. 1996 թվականի մայիսի 29-ին ընդունված և 1996 թվականի հունիսի 27-ին ուժի մեջ մտած Երեխայի իրավունքների մասին օրենքի 3-րդ հոդվածով նախատեսվում է, որ երեխայի իրավունքների պաշտպանությունն իրականացնում են լիազորված պետական և տեղական ինքնակառավարման մարմինները: Պետությունը համապատասխան մարմինների միջոցով համագործակցում է երեխայի իրավունքների պաշտպանությանը նպաստող անձանց և հասարակական միավորումների հետ:
54. 9-րդ հոդվածով նախատեսվում է, որ ուրաքանչյուր երեխա ունի ամեն տեսակի (ֆիզիկական, հոգեկան և այլ) բռնությունից պաշտպանության իրավունք: Պետությունն ու նրա համապատասխան մարմիններն իրականացնում են երեխայի պաշտպանությունը ցանկացած բռնությունից, շահագործումից, անառակությունից և նրա իրավունքների և օրինական շահերի այլ ոտնահարումից:
Գ. Հանրակրթության մասին օրենքը
55. 2009 թվականի հուլիսի 10-ին ընդունված և 2009 թվականի օգոստոսի 15-ից գործող Հանրակրթության մասին օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվում է, որ Հայաստանի կառավարությունը պետք է սահմանի պետական կրթության ոլորտի նվազագույն թույլատրելի չափորոշիչները:
56. 7-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսվում է, որ դպրոցի կողմից ցանկացած հանրակրթական ծրագրի իրականացումը (այդ թվում՝ նախադպրոցական) կրթության համար պատասխանատու պետական լիազոր մարմնի կողմից (տվյալ ժամանակահատվածում՝ կրթության նախարարությունը) տրվող լիցենզիայով լիցենզավորման ենթակա գործունեություն է:
57. 9-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվում է, որ պետությունը՝ ի դեմս Հայաստանի կառավարության, հիմնադրում է պետական ուսումնական հաստատություններ: Բոլոր պետական ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրությունը հաստատում է Հայաստանի կառավարությունը: Ոչ պետական ուսումնական հաստատության կանոնադրությունը հաստատում է հիմնադիրը՝ հիմք ընդունելով կառավարության հաստատած օրինակելի կանոնադրությունը (9-րդ հոդվածի 5-րդ մաս):
58. 20-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է, որ սովորողն իրավունք ունի պաշտպանված լինելու ցանկացած ֆիզիկական և հոգեբանական ճնշումներից, շահագործումից, մանկավարժական և այլ աշխատողների այնպիսի գործողություններից կամ անգործությունից, որով խախտվում են սովորողի իրավունքները, կամ ոտնձգություն է արվում նրա պատվին ու արժանապատվությանը.
59. 22-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է, որ կրթական ծրագրի կատարման նպատակով ուսումնական հաստատությունները պետք է ապահովեն, inter alia, դրա համար անվտանգ և ապահով պայմաններ, բնականոն աշխատանքային ռեժիմ, բժշկական օգնություն, սովորողների ֆիզիկական զարգացման ու առողջության ամրապնդման համար անհրաժեշտ պայմաններ:
60. 24-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է, որ մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկը, դրանց նկարագիրը, որակավորման տարակարգերը, աշխատանքի ընդունման, աշխատանքից ազատման, կենսաթոշակների նշանակման, բժշկական զննության կազմակերպման կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Պետական ուսումնական հաստատությունում ուսուցչի թափուր տեղ առաջանալու դեպքում այն համալրվում է մրցութային հիմունքներով՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած մրցույթի օրինակելի կարգի և տվյալ ուսումնական հաստատության կանոնադրության (24-րդ հոդվածի 3-րդ մաս):
61. 26-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է, որ տվյալ ուսումնական հաստատությունում զբաղեցրած պաշտոնի նկարագրին ուսուցչի համապատասխանության որոշման նպատակով պետությունը (յուրաքանչյուր հինգ տարին մեկ) իրականացնում է ուսուցչի հերթական ատեստավորում:
62. 32-րդ հոդվածով սահմանվում են հանրակրթության բնագավառում տեղական ինքնակառավարման մարմնի իրավասությունները: Այնտեղ մասնավորապես նշվում է, որ յուրաքանչյուր համայնքի ղեկավար աջակցում է համայնքի տարածքում պետական կրթական քաղաքականության իրականացմանը, իրականացնում է դպրոցական տարիքի երեխաների հաշվառումը և ապահովում է նրանց ընդգրկումն ուսումնական հաստատություն:
63. 33-րդ հոդվածի համաձայն՝ ուսումնական հաստատության գործունեության վերահսկողությունն իրականացնում են հիմնադիրը, կրթության պետական կառավարման լիազորված մարմինը, ինչպես նաև օրենքով նախատեսված պետական կառավարման այլ մարմիններ:
64. 35-րդ հոդվածի 1-ին մասում նշվում է, որ ուսումնական հաստատության ֆինանսական միջոցները գոյանում են պետական բյուջեից և օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից: Ոչ պետական ուսումնական հաստատությունը պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորվում է կառավարության սահմանած պահանջներին և չափանիշներին համապատասխանելու դեպքում (35-րդ հոդվածի 3-րդ մաս):
Դ. Հանրային ծառայության մասին օրենքը (չի գործում)
65. Հանրային ծառայության մասին օրենքի (ուժի մեջ է եղել 2011 թվականի հունիսի 17-ից 2020 թվականի հունվարի 1-ը) 3-րդ հոդվածի 1-ին մասում նշվում է, որ տվյալ ժամանակահատվածում «հանրային ծառայությունը» ընդգրկում է պետական ծառայությունը, համայնքային ծառայությունը, պետական և համայնքային պաշտոնները։
66. 4-րդ հոդվածի 3-րդ մասով՝ համայնքի ղեկավարի պաշտոնը Հանրային ծառայության մասին օրենքի իմաստով համարվում է քաղաքական պաշտոն: 4-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով քաղաքական պաշտոնը պետական պաշտոնի տեսակ է. այդ պաշտոնը զբաղեցնող անձը փոփոխվում է քաղաքականության բնագավառում փոփոխությունների դեպքում՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Ե. Քրեական օրենսդրություն
67. Տվյալ ժամանակահատվածում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված և մինչև 2022 թվականի հուլիսի 1-ն ուժի մեջ գտնվող ՔՕ-ի հին տարբերակի 138-րդ հոդվածով քրեականացվել է բռնաբարությունը, որը 138-րդ հոդվածի առաջին մասով սահմանվել է որպես «տղամարդու սեռական հարաբերություն կնոջ հետ՝ նրա կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ կնոջ անօգնական վիճակն օգտագործելով ...»:
138-րդ հոդվածի 2-րդ մասով ավելի խիստ պատիժ է նախատեսվում (չորսից տասը տարի ազատազրկում) առանձնակի դաժանությամբ, այդ թվում՝ անչափահասի նկատմամբ կատարված բռնաբարության դեպքում (138-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ):
138-րդ հոդվածի 3-րդ մասով էլ ավելի խիստ պատիժ է նախատեսվում (ութից տասնհինգ տարի ազատազրկում) տասնչորս տարին չլրացած անձին բռնաբարելու դեպքում:
Սույն գործի իրադարձությունները տեղի ունենալուց հետո մի շարք լրացումներ են կատարվել 138-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված ծանրացնող հանգամանքների ցանկում. այդ լրացումները ներառում են անչափահասի բռնաբարությունը ծնողի, ուսուցչի, կրթական կամ բժշկական հաստատության աշխատակցի կամ այն անձի կողմից, որի վրա է դրված տուժողի դաստիարակության կամ բուժման պարտականությունը (138-րդ հոդվածի 3-րդ մաս):
68. 139-րդ հոդվածով քրեականացվում են «բռնության գործադրմամբ կատարվող սեքսուալ բնույթի գործողությունները» և դրանք համարվում են ծանրացնող հանգամանքներ, որոնցով առավել խիստ պատիժ է սահմանվում տուժողի անչափահաս լինելու դեպքում:
69. Քրեական օրենսգրքի հին տարբերակով «անչափահաս» եզրույթը չի սահմանվում, թեև գործնականում հասկանալի է, որ այն վերաբերում է քաղաքացիական իրավունքով սահմանված չափահաս տարիքը, այսինքն՝ տասնութ տարին չլրացած բոլոր անձանց:
70. ՔՕ-ի հին տարբերակի 142-րդ հոդվածի 1-ին մասով (ներկա պահին գործող) քրեականացվել է տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելը՝ 140-րդ հոդվածով (Սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը) և 141-րդ հոդվածով (Սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի հետ) նախատեսված հանցանքների հատկանիշների բացակայության դեպքում: 142-րդ հոդվածի 2-րդ մասով առավել խիստ պատիժ է նախատեսվում այն դեպքում, երբ նույն հանցանքն ուղեկցվել է բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով:
Զ. Հատուցում ստանալու իրավունքը
71. Քաղաքացիական օրենսգրքի համապատասխան դրույթները (տվյալ ժամանակահատվածում գործող), որոնք վերաբերում են վնասի համար քաղաքացիական պատասխանատվությանը և վնասի համար հատուցում տրամադրելու պարտավորությանը, նախատեսում են հետևյալը:
72. Համաձայն 17-րդ հոդվածի 1-ին մասի՝ անձը, որի իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով։
«Վնասներ» են՝ i) իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, և ii) նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), այդ թվում՝ եկամտի կորուստը (17-րդ հոդվածի 2-րդ մաս):
73. 18-րդ հոդվածով նախատեսվում է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողությունների (անգործության) հետևանքով քաղաքացուն կամ իրավաբանական անձին պատճառված վնասը հատուցում է Հայաստանի Հանրապետությունը կամ համապատասխան համայնքը:
74. 2014 թվականի նոյեմբերի 1-ից 17-րդ հոդվածի 2-րդ մասի (տե՛ս վերևում՝ 72-րդ պարբերությունը) քաղաքացիական վնասի տեսակների ցանկում ներառվել է ոչ նյութական վնասը, որի հատուցումը կարող է պահանջվել քաղաքացիական դատավարության շրջանակներում:
Արդյունքում Քաղաքացիական օրենսգիրքը լրացվել է նոր դրույթներով՝ 162.1 և 1087.2 հոդվածներով (համապատասխան դրույթների ամբողջական նկարագրության համար տե՛ս Բոթոյանն ընդդեմ Հայաստանի [Botoyan v. Armenia] գործը, թիվ 5766/17, §§ 52 և 57, 2022 թվականի փետրվարի 8), որոնցով կարգավորվում է Հայաստանի Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված որոշ իրավունքների խախտման համար պետությունից ոչ նյութական վնասի հատուցում պահանջելու ընթացակարգը:
Մինչև 2015 թվականի դեկտեմբերի 30-ին հետագա փոփոխությունները կատարվելը (ուժի մեջ են մտել 2016 թվականի հունվարի 1-ին), ոչ նյութական վնասի հատուցում պետությունից կարող էր պահանջվել, եթե դատական որոշմամբ հաստատվել էր, որ անձի՝ Կոնվենցիայի 2-րդ, 3-րդ և 5-րդ հոդվածով երաշխավորված իրավունքները խախտվել են, ինչպես նաև սխալ դատապարտման դեպքերում: 2016 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ մտած փոփոխությունների արդյունքում ոչ նյութական վնասի հատուցում պետությունից կարող է պահանջվել մի շարք այլ իրավունքների խախտում հայտնաբերվելու դեպքում։
Է. Սահմանադրությանը Քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համապատասխանության մասին Սահմանադրական դատարանի 2013 թվականի նոյեմբերի 5-ի որոշումը
75. Սահմանադրական դատարանն իր 2013 թվականի նոյեմբերի 5-ի որոշման մեջ Քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը (տե՛ս վերևում՝ 72-րդ պարբերությունը) համարել է Սահմանադրությանը անհամապատասխան այնքանով, որքանով ոչ նյութական վնասը չի դիտել որպես քաղաքացիական վնասի տարատեսակ և չի ապահովել ոչ նյութական վնասի հատուցման հնարավորություն` արգելելով անձի` դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրացումը, միաժամանակ խոչընդոտելով Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների բարեխիղճ կատարումը:
Սահմանադրական դատարանը նշել է, որ Քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի իրավական ուժը կորցնելու վերջնաժամկետը 2014 թվականի հոկտեմբերի 1-ն էր:
Ը. Մարդու իրավունքների պաշտպանի (Օմբուդսմեն) Հայաստանի Հանրապետության կողմից Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայով և 2013-2022 թվականների դրան կից արձանագրություններով ստանձնած իր պարտավորությունների կատարման վերաբերյալ արտահերթ զեկույցը
76. 2023 թվականին Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է արտահերթ զեկույց Հայաստանի կողմից Երեխայի իրավունքների մասին Միավորված ազգերի կազմակերպության կոնվենցիայի և դրան կից արձանագրությունների իրականացման վերաբերյալ (տե՛ս ստորև՝ 77-րդ պարբերությունը) և Երեխայի իրավունքների հարցերով կոմիտեի առաջարկությունները 2013-2022 թվականներն ընկած ժամանակահատվածի վերաբերյալ (այդ թվում՝ դրա թիվ 13 Ընդհանուր մեկնաբանության մեջ արտացոլված առաջարկությունները` տե՛ս ստորև՝ 79-րդ պարբերությունը): Այդ զեկույցի համապատասխան մասերն ունեն հետևյալ բովանդակությունը (ծանոթագրությունները բաց են թողնվել).
«2. Որևէ տեսակի բռնության չենթարկվելու՝ երեխայի իրավունքը
... [Մարդու իրավունքների պաշտպանի] անձնակազմի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ծնողները պատշաճ կերպով տեղեկացված չեն իրենց երեխաների իրավունքների պաշտպանության մեխանիզմների մասին և չգիտեն, թե որ մարմնին պետք է դիմեն այն դեպքում, երբ նրանց երեխան դպրոցում ենթարկվել է վատ վերաբերմունքի:
... երեխաները հաճախ չգիտեն, որ իրենց նկատմամբ որևէ տեսակի բռնություն, այդ թվում՝ ուսուցիչների կողմից, արգելված է: Սա նշանակում է, որ երեխաները պատշաճ կերպով տեղեկացված չեն բռնությունից պաշտպանվելու իրենց իրավունքի մասին: Երեխաները նշել են, որ դպրոցում բռնության և վատ վերաբերմունքի դեպքում տեղեկությունների փոխանցման արդյունավետ ընթացակարգեր առկա չեն ...
...
Առաջարկություններ
...
- ձևակերպել ակնհայտորեն երաշխավորված իրավական և գործնական ընթացակարգեր երեխաների համար` նրանց նկատմամբ գործադրված բռնության մասին անձամբ զեկուցելու և [այդպիսի բռնությունից] պաշտպանված լինելու նպատակով:
...
- ուսումնասիրել բռնության դեպքերը կրթական համակարգում և ստեղծել նախադպրոցական կրթության հաստատություններում և դպրոցներում երեխաների նկատմամբ կամ երեխաների միջև բռնության կասկածելի դեպքերի կանխման, հայտնաբերման և զեկուցման ընթացակարգ:
- մշտապես բարձրացնել երեխաների՝ իրենց իրավունքների մասին իրազեկությունը նախադպրոցական կրթության հաստատություններում և դպրոցներում...»։
II. միջազգային իրավունք
Ա. Միավորված ազգերի կազմակերպություն
1. Երեխայի իրավունքների մասին կոնվենցիա
77. 1989 թվականի նոյեմբերի 20-ին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված՝ Երեխայի իրավունքների մասին Միավորված ազգերի կազմակերպության կոնվենցիան միջազգային իրավունքով պարտադիր իրավաբանական ուժ ունի Մասնակից պետությունների, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ պետությունների համար (տե՛ս Սյոդերմանն ընդդեմ Շվեդիայի [ՄՊ], [SՓderman v. Sweden [GC]], թիվ 5786/08, § 51, ՄԻԵԴ 2013 թվական): Հայաստանն այս կոնվենցիային միացել է 1993 թվականի սեպտեմբերի 23-ին։
78. Այդ կոնվենցիայի համապատասխան հոդվածներն ունեն հետևյալ բովանդակությունը.