Հոդված 16. Շահագործումից, բռնությունից և դաժան վերաբերմունքից ազատումը
Հոդված 16. Շահագործումից, բռնությունից և դաժան վերաբերմունքից ազատումը
«1. Մասնակից պետությունները ձեռնարկում են օրենսդրական, վարչական, սոցիալական, կրթական և այլ համապատասխան միջոցներ` շահագործման, բռնության կամ դաժան վերաբերմունքի բոլոր ձևերից հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանելու համար ինչպես տանը, այնպես էլ դրսում` հաշվի առնելով նաև հարցի գենդերային կողմերը:
2. Մասնակից պետությունները պետք է նաև համապատասխան միջոցներ ձեռնարկեն` կանխելու համար շահագործման, բռնության կամ դաժան վերաբերմունքի բոլոր ձևերը` հաշմանդամություն ունեցող անձանց, նրանց ընտանիքներին ու խնամակալներին ապահովելով մասնավորապես գենդերային և տարիքային առանձնահատկություններով պայմանավորված աջակցությամբ և օժանդակությամբ, ինչպես նաև նրանց տրամադրելով տեղեկատվություն, ուսուցանելով` ինչպես խուսափել շահագործման, բռնության կամ դաժան վերաբերմունքի երևույթներից, սահմանել դրանք և հայտնել նման դեպքերի մասին: Մասնակից պետությունները պետք է ապահովեն, որ պաշտպանական ծառայությունները համապատասխանեն տարիքային, սեռային և հաշմանդամության հետ կապված առանձնահատկություններին:
...
5. Մասնակից պետությունները կիրարկում են արդյունավետ օրենսդրություն և իրականացնում ռազմավարություն, այդ թվում` կանանց ու երեխաներին վերաբերող օրենսդրություն և ռազմավարություն, որպեսզի ապահովվեն հաշմանդամություն ունեցող անձանց դեմ կիրառված շահագործման, բռնության և դաժան վերաբերմունքի ցանկացած դեպքի բացահայտումը, հետաքննումը, անհրաժեշտության դեպքում` նաև դատապարտումը»:
Բ. Եվրոպայի խորհուրդ
1. Լանցարոտեի կոնվենցիա
81. 2007 թվականի հուլիսի 12-ին ընդունված՝ Սեռական շահագործումից և սեռական բռնությունից երեխաներին պաշտպանելու մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (Լանցարոտեի կոնվենցիա) դրա կողմերին պարտադրում է ձեռնարկել անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ կանխելու երեխաների սեռական շահագործման և սեռական բռնության բոլոր ձևերը: Լանցարոտեի կոնվենցիան Հայաստանի կողմից ստորագրվել է 2010 թվականի սեպտեմբերի 29-ին: Այն Հայաստանի կողմից վավերացվել է 2020 թվականի սեպտեմբերի 7-ին և ուժի մեջ է մտել 2021 թվականի հունվարի 1-ին: Դրա համապատասխան մասերը շարադրվել են հետևյալ բովանդակությամբ.
Գլուխ II. Կանխարգելիչ միջոցառումներ