Հոդված 23
Հոդված 23
«1. Մասնակից պետություններն ընդունում են, որ մտավոր կամ ֆիզիկական խեղումներով երեխան պետք է ապրի լիարժեք և արժանավայել կյանքով այնպիսի պայմաններում, որոնք ապահովում են նրա արժանապատվությունը, նպաստում են ինքնավստահությանը և դյուրացնում են նրա ակտիվ մասնակցությունը հասարակական կյանքին:
2. Մասնակից պետությունները ճանաչում են խեղումներով երեխայի՝ հատուկ խնամքի իրավունքը, խրախուսում և ռեսուրսների առկայության դեպքում դրա իրավունքն ունեցող երեխային և նրա խնամքի համար պատասխանատու անձանց՝ այդպիսի պահանջ ստանալու դեպքում ցույց են տալիս այնպիսի օգնություն, որը համապատասխանում է երեխայի վիճակին, ծնողների կամ նրա նկատմամբ խնամք տանող այլ անձանց դրությանը:
3. Ճանաչելով խեղումներով երեխայի հատուկ կարիքները՝ սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված օգնությունը տրամադրվում է հնարավորին անվճար՝ հաշվի առնելով ծնողների կամ երեխային խնամող այլ անձանց ֆինանսական միջոցները, և նպատակ ունի հաշմանդամություն ունեցող երեխայի համար ապահովել կրթության, մասնագիտական պատրաստության, առողջապահական ծառայությունների, առողջության վերականգնման ծառայությունների, աշխատանքային գործունեության նախապատրաստվելու, հանգստի միջոցներից օգտվելու հնարավորության մատչելիությունը, որը կհանգեցնի երեխային առավել լիակատար սոցիալական կյանքում ընդգրկելուն և նրա անհատականության զարգացմանը, ներառյալ՝ մշակութային և հոգևոր զարգացմանը:
4. Մասնակից պետությունները միջազգային համագործակցության ոգով նպաստում են խեղումներով երեխաների կանխարգելիչ առողջապահական, բժշկական, հոգեբանական և ֆունկցիոնալ բուժման բնագավառներում համապատասխան տեղեկատվության փոխանակմանը, ներառյալ՝ վերականգնման, հանրակրթական և մասնագիտական պատրաստության մեթոդների մասին տեղեկատվության տարածումը և դրանց մատչելիությունը՝ այս բնագավառներում մասնակից պետություններին իրենց կարողություններն ու հմտությունները կատարելագործելու և փորձն ընդլայնելու հնարավորություն տալու նպատակով: Այդ կապակցությամբ հատուկ ուշադրություն պետք է դարձվի զարգացող երկրների կարիքներին»: