Հոդված 34
Հոդված 34
«Մասնակից պետությունները պարտավորվում են երեխային պաշտպանել սեռական շահագործման բոլոր ձևերից և սեռական չարաշահումից: Այդ նպատակով Մասնակից պետությունները մասնավորապես ներպետական, երկկողմ և բազմակողմ մակարդակներով ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի կանխարգելեն՝
ա) երեխային ցանկացած ապօրինի սեռական գործունեության դրդելը կամ հարկադրելը,
բ) շահագործման նպատակով երեխաներին պոռնկության մեջ կամ այլ ապօրինի սեռական պրակտիկայում օգտագործելը,
գ) շահագործման նպատակով երեխաներին պոռնոգրաֆիայի և պոռնոգրաֆիկ նյութերի մեջ օգտագործելը:
79. Երեխայի իրավունքների հարցերով կոմիտեն իր 2011 թվականի ապրիլի 18-ի թիվ 13 Ընդհանուր մեկնաբանության մեջ Կոնվենցիայի 19-րդ հոդվածի վերաբերյալ կատարել է հետևյալ դիտարկումները (ծանոթագրությունները բաց են թողնվել):
4. «Բռնություն» եզրույթի սահմանումը: Սույն Ընդհանուր մեկնաբանության իմաստով «բռնություն» նշանակում է «ֆիզիկական կամ հոգեկան բռնության բոլոր ձևերը, վիրավորանքը կամ չարաշահումը, հոգատարության բացակայությունը կամ անուշադրությունը, կոպիտ վերաբերմունքը կամ շահագործումը, ներառյալ՝ սեռական ոտնձգությունը, ինչպես նշված է Կոնվենցիայի 19-րդ հոդվածի 1-ին կետում ...
25. Սեռական ոտնձգությունը և շահագործումը: Սեռական ոտնձգությունը և շահագործումը ներառում են՝
ա) երեխային ցանկացած ապօրինի կամ հոգեբանորեն վնասակար սեռական գործունեության դրդելը կամ հարկադրելը,
...
32. Երեխայի իրավունքների ինստիտուցիոնալ և համակարգային խախտումները: Պետության՝ բռնության բոլոր ձևերից երեխաների պաշտպանության համար պատասխանատու, բոլոր մակարդակներում գործող մարմինները կարող են ուղղակիորեն կամ անուղղակիորեն վնաս պատճառել՝ չունենալով Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների իրականացման արդյունավետ միջոցներ: Այդ բացթողումները ներառում են օրենսդրություն չընդունելը կամ այն չվերանայելը և այլ դրույթների, օրենքների և այլ կարգավորումների ոչ պատշաճ իրականացումը և նյութական, տեխնիկական և մարդկային ռեսուրսների ոչ բավարար տրամադրումը և երեխաների նկատմամբ բռնությունը հայտնաբերելու, կանխելու և դրան արձագանքելու ոչ բավարար կարողությունները ...
...
36. Բռնություն կատարած անձինք: ... Ավելին, երեխաները բռնության ենթարկվելու վտանգի տակ են շատ միջավայրերում, որտեղ մասնագետները և պետական գործիչները հաճախ են չարաշահել իրենց լիազորությունները երեխաների նկատմամբ, ինչպիսիք են օրինակ՝ դպրոցները, տուն-ինտերնատները, ոստիկանության բաժանմունքները կամ արդարադատության հաստատությունները: Այս բոլոր պայմաններն ընդգրկված են 19-րդ հոդվածի շրջանակում, որը չի սահմանափակվում անձնական համատեքստում միայն խնամակալների կողմից կատարված բռնության հետ կապված հարցերով:
...
39. «Բոլոր համապատասխան ...միջոցները»: «Համապատասխան» եզրույթը վերաբերում է Կառավարության բոլոր ոլորտներն ընդգրկող միջոցառումների լայն շրջանակին, որոնք պետք է կիրառվեն և լինեն արդյունավետ՝ բռնության բոլոր ձևերը կանխելու և դրանց արձագանքելու համար...
40. Օրենսդրական միջոցառումները վերաբերում են թե օրենսդրությանը, այդ թվում՝ բյուջեին, և թե կիրարկման և իրականացման միջոցառումներին: Դրանք ներառում են ազգային, շրջանային և մարզային օրենքները և բոլոր համապատասխան կարգավորումները, որոնցով սահմանվում են շրջանակները, համակարգերը, մեխանիզմները և համապատասխան մարմինների և իրավասու աշխատակիցների դերերն ու պարտականությունները:
19-րդ հոդվածի 2-րդ մասով, ի թիվս այլնի, սահմանվում է բռնությունը հայտնաբերելու և դրա մասին զեկուցելու, այն քննելու և դատական գործ հարուցելու միջոցներ ձեռնարկելու պարտավորությունը. ինչ վերաբերում է բռնությունը հայտնաբերելու և դրա մասին զեկուցելու պարտավորությանը, Կոմիտեն նշել է հետևյալը.
46. Կանխարգելումը: Կոմիտեն ամենավճռական կերպով ընդգծում է, որ երեխայի պաշտպանությունը պետք է սկսվի բռնության բոլոր ձևերի պրոակտիվ կանխմամբ, ինչպես նաև բռնության բոլոր ձևերի բացահայտ արգելմամբ: Պետությունները պարտավոր են ձեռնարկել բոլոր միջոցառումները, որոնք անհրաժեշտ են, որ երեխաների խնամքի, ուղղորդման և դաստիարակության համար պատասխանատու չափահասները հարգեն և պաշտպանեն երեխաների իրավունքները ...
47. Կանխարգելիչ միջոցառումները ներառում են, բայց չեն սահմանափակվում հետևյալով.
...
դ) մասնագետների և հաստատությունների համար (Կառավարություն և քաղաքացիական հասարակություն)՝
i) կանխարգելման հնարավորությունների բացահայտում և փորձարարական հետազոտությունների և տվյալների հավաքագրման հիման վրա քաղաքականության և գործելակերպի մասին իրազեկում,
ii) մասնակցային գործընթացի միջոցով երեխայի պաշտպանության իրավունքահեն քաղաքականությունների և ընթացակարգերի և մասնագիտական էթիկայի կանոնագրքերի և խնամքի ստանդարտների ներդրում:
...
48. Բացահայտումը: Սա ներառում է առանձին անհատների կամ երեխաների և խնամակալների խմբերի համար ռիսկի գործոնների բացահայտումը (նպատակային կանխարգելիչ նախաձեռնություններ սկսելու) և փաստացի վատ վերաբերմունքի նշանների բացահայտումը (հնարավորինս վաղ պատշաճ միջամտություն իրականացնելու համար): Սա պահանջում է, որ երեխաների հետ շփվող բոլոր անձինք իրազեկ լինեն բռնության բոլոր տեսակներին առնչվող ռիսկի գործոնների և դրանց նշանների մասին, ստանան բացատրություններ, թե ինչպես պետք է մեկնաբանել այդ նշանները, և ունենան անհրաժեշտ գիտելիք, կամք և կարողություն` համապատասխան գործողություն ձեռնարկելու համար (ներառյալ արտակարգ իրավիճակի դեպքում պաշտպանության ապահովումը): Երեխաներին պետք է ընձեռվեն առաջացող խնդիրներին արձագանքելու հնարավորինս շատ հնարավորություններ` նախքան դրանց կրիտիկական վիճակի հասնելը, իսկ չափահասները պետք է հասկանան և աշխատեն այդ խնդիրները լուծելու ուղղությամբ, նույնիսկ եթե երեխան բացահայտ օգնության չի դիմել: Հատուկ զգոնություն է անհրաժեշտ, երբ հարցը վերաբերում է երեխաների մարգինալացված խմբերին, որոնց առանձնապես խոցելի են դարձնում իրենց հաղորդակցման այլընտրանքային մեթոդները, իրենց սահմանափակ շարժունակությունը և (կամ) սուբյեկտիվորեն ընկալվող այն տեսակետը, որ նրանք անգործունակ են, ինչպես հաշմանդամություն ունեցող երեխաների դեպքում: Պետք է նախատեսել ողջամիտ հարմարանքներ, որպեսզի նրանք մյուսների հետ հավասար կարողանան հաղորդակցվել և ազդարարել իրենց խնդիրների մասին:
49. Հաշվետվություններ ներկայացնելը: Կոմիտեն հետևողականորեն առաջարկում է բոլոր Մասնակից պետություններին երեխաների, նրանց ներկայացուցիչների և այլ անձանց համար մշակել երեխաների նկատմամբ բռնության մասին զեկուցման անվտանգ, լայնորեն լուսաբանվող, կոնֆիդենցիալ և մատչելի աջակցության մեխանիզմներ ...
50. Քննարկման հանձնելը: Զեկույցը ստացող անձը պետք է հստակ ուղղորդում և ուսուցում ստանա այն մասին, թե երբ և ինչպես պետք է հարցը քննարկման հանձնել այն մարմին, որը պատասխանատու է պատասխանները համակարգելու համար ...»:
2. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին Միավորված ազգերի կազմակերպության կոնվենցիան
80. 2006 թվականի դեկտեմբերի 13-ին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված՝ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան միջազգային իրավունքով պարտադիր իրավական ուժ ունի Մասնակից պետությունների, այդ թվում՝ Հայաստանի համար, որը Կոնվենցիային է միացել 2010 թվականի սեպտեմբերի 22-ին: Դրա համապատասխան մասերը շարադրվել են հետևյալ բովանդակությամբ.