Հոդված 7. Զբոսաշրջության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի իրավասությունը
Հոդված 7. Զբոսաշրջության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի իրավասությունը
1. Զբոսաշրջության ոլորտի պետական կարգավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազոր մարմին), որի լիազորությունները զբոսաշրջության ոլորտում սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. Լիազոր մարմինը սույն օրենքով վերապահված իրավասության սահմաններում`
1) մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առաջարկություններ է ներկայացնում զբոսաշրջության, դրա նյութատեխնիկական և սոցիալական բազայի զարգացման հեռանկարների և ուղղությունների վերաբերյալ.
2) համագործակցում է նախարարությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, զբոսաշրջային գործունեության սուբյեկտների հետ` Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջիկների ընդունման, սպասարկման, զբոսաշրջային ուղևորությունների կազմակերպման, տեղեկատվական բազայի ձևավորման, զարգացման ծրագրերի մշակման և մարքեթինգի իրականացման ուղղություններում, վարում է զբոսաշրջության ոլորտի վարչական վիճակագրությունը.
3) նպաստում է զբոսաշրջային գործունեության վերաբերյալ տեղեկատվական, գովազդային և հրատարակչական գործունեության կազմակերպմանն ու իրականացմանը.
4) Հայաստանի Հանրապետության կառավարությանը առաջարկություններ է ներկայացնում զբոսաշրջային տարածաշրջաններ, կենտրոններ, երթուղիներ և օբյեկտներ սահմանելու և դրանք Հայաստանի Հանրապետության տարաբնակեցման և տարածքային զարգացման ծրագրերում ներառելու վերաբերյալ.
5) իրականացնում է զբոսաշրջային բնագավառում օրենքով նախատեսված գործունեության տեսակների լիցենզավորումը, լիցենզավորման պայմանների կատարման հսկողությունը.
6) որոշում է ընդունում օրենքի պահանջների խախտման համար տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելու մասին.
7) տրամադրում և փոփոխում է հյուրանոցային տնտեսության օբյեկտի որակավորման կարգը, մերժում է որակավորման կարգ ստանալու համար ներկայացված հայտը, զրկում է որակավորման կարգից, հսկողություն է իրականացնում որակավորման պայմանների նկատմամբ.
8) աջակցում է զբոսաշրջության ոլորտում ազգային և օտարերկրյա ներդրումների ներգրավման համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը.
9) տեղական ինքնակառավարման մարմիններին առաջարկություններ է ներկայացնում դրանց տարածքում գտնվող զբոսաշրջային տարածաշրջանների, կենտրոնների և օբյեկտների վերանորոգման, բարեկարգման և պատշաճ վիճակում պահպանման վերաբերյալ.
10) աջակցում է զբոսաշրջության բնագավառում կադրերի պատրաստմանը, վերապատրաստմանը և նրանց որակավորման բարձրացմանը, զբոսաշրջության բնագավառում գիտահետազոտական աշխատանքների իրականացմանը.
11) այլ երկրների համապատասխան մարմինների և միջազգային զբոսաշրջային կազմակերպությունների հետ հարաբերություններում ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը, մասնակցում է զբոսաշրջության ոլորտին առնչվող միջազգային պայմանագրերի կնքմանը.
12) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ: