Հոդված 1. Սույն օրենքում օգտագործվող հասկացությունները
Հոդված 1. Սույն օրենքում օգտագործվող հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հասկացությունները.
ա) անձնակազմ` ցանկացած անձ, որը ժամանակավոր կամ մշտապես աշխատում է ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտում.
բ) անվտանգություն` միջուկային և ճառագայթային անվտանգություն.
գ) անվտանգության կուլտուրա` ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների (այսուհետ` ձեռնարկություններ) գործունեության և առանձին անձանց վարքի բնութագրերի ու հատկանիշների միասնություն, որն ապահովում է անվտանգության խնդիրների գերակայությունն այլ խնդիրների նկատմամբ.
դ) դիտարկման գոտի` ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի հարթակից դուրս սահմանված գոտի, որտեղ օբյեկտի կանոնավոր շահագործման ժամանակ իրականացվում է ճառագայթային իրավիճակի հսկողություն.
ե) կարգավորող մարմին` մարմին, որն օժտված է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում պետական կարգավորման իրավասությամբ.
զ) իոնացնող ճառագայթում` ճառագայթում, որն ընդունակ է կենսաբանական նյութերում առաջացնել իոնային զույգեր.
է) իոնացնող ճառագայթման աղբյուր` ֆիզիկական օբյեկտ, որն ընդունակ է արձակելու իոնացնող ճառագայթներ.
ը) լիցենզիա` անվտանգության գնահատման հիման վրա` կարգավորող մարմնի տված թույլտվությունը, որն ուղեկցվում է պահանջներով և պայմաններով, որոնք պետք է պահպանի լիցենզավորված անձը.
թ) լիցենզավորված անձ` լիցենզիա ստացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ.
ժ) հատուկ նյութեր, սարքավորումներ, տեխնոլոգիաներ` միջուկային զենքի արտադրության համար պիտանի նյութեր, սարքավորումներ, տեխնոլոգիաներ.
ժա) ռադիոակտիվ նյութ` միջուկային նյութից տարբեր նյութ, որի իոնիզացնող ճառագայթումը կարող է պատճառել միջուկային վնաս.
ժբ) միջուկային նյութ` տրոհվող նյութ, որը կարող է օգտագործվել միջուկային ռեակցիայի ստացման համար.
ժգ) միջուկային տեղակայանք` տեղակայանք, որի միջոցով ստացվում, օգտագործվում, վերամշակվում, պահվում կամ փոխադրվում են միջուկային նյութեր.
ժդ) միջուկային վնաս` վնաս, որը միջուկային կամ ճառագայթային վթարի հետևանքով կարող է հասցվել մարդու առողջությանը, իրավաբանական և (կամ) ֆիզիկական անձանց սեփականությանը, պետական գույքին, ինչպես նաև կարող է բերել շրջակա միջավայրի ռադիոակտիվ աղտոտման.
ժե) ռադիոակտիվ թափոն` ռադիոակտիվ նյութ, որը չի նախատեսվում օգտագործել որևէ նպատակով և անհրաժեշտ է մեկուսացնել կենսոլորտից.
ժզ) միջուկային վթար` ցանկացած միջադեպ, որը պատճառում է միջուկային վնաս կամ սպառնում է անխուսափելի միջուկային վնասով.
ժէ) վթարային հակազդման ազգային համակարգ` ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների վթարների դեպքում վթարային հակազդման պլաններով սահմանված գործառույթներ ունեցող պետական կառավարման մարմինների և կազմակերպությունների միավորում.
ժը) ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտ` միջուկային նյութեր, ռադիոակտիվ նյութեր, ռադիոակտիվ թափոններ, իոնացնող ճառագայթման այլ աղբյուրներ, հատուկ նյութեր, սարքավորումներ, տեխնոլոգիաներ, ինչպես նաև միջուկային տեղակայանքներ, ռադիոակտիվ թափոնների տեղակայանքներ կամ ցանկացած այլ օբյեկտ, որտեղ աշխատանքներ են տարվում իոնացնող ճառագայթման աղբյուրների, միջուկային, ռադիոակտիվ և հատուկ նյութերի, ռադիոակտիվ թափոնների կիրառմամբ.
ժթ) ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտ` միջուկային տեղակայանքներ, ռադիոակտիվ թափոնների թաղման կետեր (գերեզմանոցներ), ռադիոակտիվ թափոնների պահեստարաններ, որոնցում պահվող բոլոր նյութերի գումարային ակտիվությունը գերազանցում է 100 000 տերաբեքերելը և (կամ) դրանց գումարային ալֆա ակտիվությունը` 1000 տերաբեքերելը:
(1-ին հոդվածը լրաց. 21.03.00 ՀՕ-44)