Հոդված 18. Լիցենզավորումը ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում
Հոդված 18. Լիցենզավորումը ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում
1. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում լիցենզավորման կարգը սահմանվում է սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով:
2. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում լիցենզավորման ենթակա են`
ա) միջուկային տեղակայանքների, ռադիոակտիվ թափոնների տեղակայանքների, իոնացնող ճառագայթման աղբյուրների և պահեստարանների հրապարակ ընտրելու, նախագծելու, կառուցելու, պատրաստելու, շահագործման հանձնելու, շահագործելու, օգտագործելու, սպասարկելու, նորոգելու, վերակառուցելու, շահագործումից հանելու աշխատանքների իրականացումը.
բ) միջուկային և ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ թափոնների հետ աշխատանքների իրականացումը, այդ թվում` դրանց փոխադրումը, օգտագործումը, պահումը, վերամշակումը և թաղումը.
գ) միջուկային, ռադիոակտիվ և հատուկ նյութերի, ռադիոակտիվ թափոնների, հատուկ սարքավորումների, տեխնոլոգիաների ներմուծումն ու արտահանումը.
դ) ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների համար նյութերի, սարքերի, սարքավորումների, համակարգերի նախագծումն ու պատրաստումը.
ե) ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների, դրանց նախագծերի և այլ փաստաթղթերի փորձաքննության անցկացումը:
3. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում տրված լիցենզիայով հաստատվում է տվյալ գործունեությամբ զբաղվելու լիցենզավորված անձի իրավունքը, և որոշվում են աշխատանքների անվտանգ կատարման համար անհրաժեշտ սահմաններն ու պայմանները: Տրված լիցենզիան լիցենզավորված անձին չի ազատում տվյալ գործունեությամբ զբաղվելու համար Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերով սահմանվող պահանջները կատարելուց:
4. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում լիցենզիան տրվում է որոշակի ժամկետով` սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված աշխատանքների համար:
5. Անվտանգության նոր նորմերի և կանոնների գործողության մեջ մտնելը չի առաջացնում լիցենզիայի գործողության ժամկետի նվազեցում: Եթե լիցենզիայով սահմանված պահանջները չեն համապատասխանում անվտանգության նոր նորմերին և կանոններին, ապա լիցենզավորված իրավաբանական անձը պարտավոր է սահմանված ժամկետում մշակել համապատասխան փոխհատուցող կազմակերպատեխնիկական միջոցառումներ` դրանք համաձայնեցնելով կարգավորող մարմնի հետ:
6. Շահագործող կազմակերպությանը տրված լիցենզիայի գործողության դադարեցման դեպքում անվտանգության ապահովման համար նրա պատասխանատվությունն անցնում է օբյեկտի սեփականատիրոջը, որը մինչև նոր շահագործող կազմակերպություն ստեղծելն իրականացնում է վերջինիս պարտականությունները: Եթե օբյեկտի սեփականատերը միաժամանակ նաև լիցենզավորված անձն է, ապա անվտանգության ապահովման պատասխանատվության հարցը լուծվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
7. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարևոր աշխատանքներ կատարող և պաշտոններ զբաղեցնող ֆիզիկական անձանց լիցենզիա տրվում է բժշկական հակացուցումների բացակայության դեպքում: Բժշկական հակացուցումների ցանկը և այն պաշտոնները, որոնց վրա տարածվում են դրանք, ինչպես նաև բժշկական ստուգման կարգը, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: