Հոդված 20. Շահագործող կազմակերպության իրավասությունը
Հոդված 20. Շահագործող կազմակերպության իրավասությունը
1. Շահագործող կազմակերպությունը`
ա) մշակում և իրականացնում է ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի անվտանգությունն ապահովող միջոցառումներ.
բ) ապահովում է անվտանգության կուլտուրայի ներդրումը.
գ) սահմանված կարգով, կարգավորող մարմնին պարբերաբար ներկայացնում է օբյեկտի անվտանգության վիճակի վերաբերյալ հաշվետվություններ.
դ) ապահովում է միջուկային, ռադիոակտիվ նյութերի նպատակային օգտագործումը.
ե) ապահովում է ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի, միջուկային, ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ թափոնների ֆիզիկական պաշտպանությունը.
զ) մշակում է ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի կենսական ցիկլի բոլոր փուլերի համար (հրապարակի ընտրություն, նախագծում, կառուցում, շահագործման հանձնում, շահագործում, շահագործումից հանում) որակի ապահովման ծրագիր և ապահովում է դրա կատարումը.
է) սահմանված կարգով կազմակերպում է անձնակազմի ճառագայթահարման դոզաների հաշվառում.
ը) կազմակերպում է միջուկային, ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ թափոնների հաշվառում և հսկում.
թ) սահմանված կարգով կազմակերպում և կատարում է ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի շահագործման ժամանակ տեղի ունեցած միջադեպերի քննություն.
ժ) սահմանված կարգով մշակում է ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի վթարների հակազդման պլան և ապահովում է դրա կատարման համար անձնակազմի և անհրաժեշտ միջոցների պատրաստվածությունը.
ժա) մշակում է ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի հակահրդեհային պաշտպանության միջոցառումների ծրագիր և ապահովում է դրա կատարումը.
ժբ) կազմակերպում է ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի, ինչպես նաև միջուկային և ռադիոակտիվ նյութերի հետ աշխատող անձնակազմի հավաքագրում ու պատրաստում.
ժգ) ապահովում է ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի անձնակազմի համար արտադրությունում գործող նորմերին համապատասխան սանիտարակենցաղային պայմաններ.
ժդ) պարբերաբար անցկացնում է օբյեկտի անվտանգության գնահատում` պարզելու համար նրա համապատասխանությունն անվտանգության նորագույն պահանջներին.
ժե) իրականացնում է սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրական և այլ իրավական ակտերով նախատեսված լիազորություններ:
2. Անվտանգության տեսակետից կարևոր նշանակություն ունեցող ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտը շահագործող կազմակերպությունը`
ա) ստեղծում է միջուկային և ճառագայթային անվտանգությունը հսկող ծառայություններ.
բ) կազմակերպում է ճառագայթային իրավիճակի մշտական հսկողություն` ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի հսկման և դիտարկման գոտիներում.
գ) սահմանված կարգով, պարբերաբար տեղեկություններ է տալիս ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի դիտարկման գոտում ընդգրկված տարածքի մարզպետին (Երևանի քաղաքապետին) դիտարկման գոտում ճառագայթային իրավիճակի մասին:
(20-րդ հոդվածը փոփ. 09.11.04 ՀՕ-119-Ն, 07.02.18 ՀՕ-109-Ն)