Հոդված 17. Կարգավորող մարմնի իրավասությունները
Հոդված 17. Կարգավորող մարմնի իրավասությունները
1. Օրենքի 15-րդ հոդվածում (բացառությամբ «գ» կետի) նշված կարգավորումն իրականացնելու համար կարգավորող մարմինը`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի օրենսդրական ակտերը (անվտանգության նորմեր, կանոններ, կարգեր, ցանկեր, պայմաններ, պահանջներ և այլն).
բ) ընդունում է գերատեսչական նորմատիվ իրավական ակտեր.
գ) իրականացնում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում գործունեության, ինչպես նաև անվտանգության ապահովման տեսակետից կարևոր պաշտոններ զբաղեցնող ֆիզիկական անձանց լիցենզավորումը.
դ) օրենքներով և միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում կասեցնում կամ դադարեցնում է լիցենզիայի գործողությունը.
ե) կատարում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի աշխատանքների, օբյեկտների և սարքավորումների անվտանգության գնահատում, կազմակերպում և անցկացնում է փորձաքննություն.
զ) կազմակերպում և անցկացնում է հետազոտություններ ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի անվտանգության բարձրացման նպատակով.
է) իրականացնում է շահագործող կազմակերպության կողմից ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների շահագործման ժամանակ տեղի ունեցած միջուկային և ճառագայթային միջադեպերի քննության գնահատում, իսկ անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իրականացնում է լրացուցիչ քննություն, ստեղծում է խախտումների մասին տվյալների բանկ.
ը) վերահսկում է իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի օրենսդրության և տրված լիցենզիաների պահանջների կատարումը.
թ) կիրառում է վարչական պատասխանատվության միջոցներ` Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքին համապատասխան.
ժ) տարեկան մեկ անգամ Հայաստանի Հանրապետության կառավարություն հաշվետվություն է ներկայացնում ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտների միջուկային և ճառագայթային անվտանգության վերաբերյալ.
ժա) պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին, լրատվության միջոցներին տեղեկատվություն է ներկայացնում միջուկային և ճառագայթային անվտանգության վերաբերյալ.
ժբ) իրավունք ունի պետական մարմիններից ու կազմակերպություններից ստանալու անվտանգության գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվություն.
ժգ) վերահսկում է լիցենզավորված անձանց պատրաստվածությունը հնարավոր վթարային իրավիճակներին.
ժդ) վթարային իրավիճակների դեպքում ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտներում գնահատում է իրավիճակը և դրա հնարավոր փոփոխությունների կանխատեսումների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների հարցերով լիազորված պետական կառավարման մարմին առաջարկություններ է ներկայացնում անհրաժեշտ պաշտպանական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ.
ժե) կազմակերպում և համակարգում է «Միջուկային զենքը չտարածելու մասին» պայմանագրի և այդ պայմանագրի հետ կապված` Հայաստանի Հանրապետության այլ պարտավորությունների կատարումը.
ժզ) իրականացնում է միջուկային նյութերի պետական հաշվառումն ու վերահսկումը, իոնացնող ճառագայթման աղբյուրների և ռադիոակտիվ թափոնների պետական ռեգիստրի վարումը.
ժէ) Հայաստանի Հանրապետության արտաքին հարաբերությունների հարցերով լիազորված պետական կառավարման մարմնի հետ համատեղ վերահսկում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարումը.
ժը) կնքում է միջազգային պայմանագրեր.
ժթ) համակարգում է ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ տեխնիկական համագործակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության ազգային և տարածաշրջանային ծրագրերը.
ի) «Միջուկային վթարի մասին օպերատիվ տեղեկացման մասին» կոնվենցիային համապատասխան` իրականացնում է միջուկային վթարի մասին միջազգային օպերատիվ ազդարարում և հանդես է գալիս որպես կապի կենտրոնական մարմին` վթարի դեպքում տեղեկացման հարցերով.
իա) համագործակցում է միջազգային կազմակերպությունների և այլ պետությունների կարգավորող մարմինների հետ` անվտանգության և տեղեկատվության փոխանակման հարցերով.
իբ) իրականացնում է շրջակա միջավայրի ճառագայթային մշտադիտարկում (մոնիթորինգ) և վերահսկողություն:
(17-րդ հոդվածը փոփ. 19.03.09 ՀՕ-72-Ն)
(17-րդ հոդվածը 07.02.18 ՀՕ-109-Ն օրենքի 5-րդ հոդվածի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:)