Հոդված 14. Իրազեկմանը ներկայացվող պահանջները
Հոդված 14. Իրազեկմանը ներկայացվող պահանջները
1. Իրազեկման մեջ պետք է նշվեն`
1) հավաքի վայրը,
2) հավաքի սկզբի և ավարտի մոտավոր ժամանակը,
3) հավաքի նպատակը,
4) մասնակիցների սպասվող թիվը,
5) հավաքի անցկացման ժամանակ օգտագործվելիք առարկաները կամ տեխնիկական միջոցները (պաստառներ, ջահեր, բարձրախոսներ և այլն),
6) կարգադրիչների նախատեսվող թիվը,
7) երթի դեպքում՝ երթի ուղին և ժամանակացույցը,
8) կազմակերպիչների անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի տվյալները (կցելով փաստաթղթի պատճենը), հեռախոսահամարները, փոստային և էլեկտրոնային հասցեները, իսկ եթե կազմակերպիչն ու հավաքի ղեկավարը տարբեր անձինք են` նաև հավաքի ղեկավարի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի տվյալները, փոստային հասցեն և առկայության դեպքում` հեռախոսահամարներն ու էլեկտրոնային հասցեն։
2. Իրավաբանական անձի կողմից հավաք կազմակերպվելու դեպքում իրազեկման հետ ներկայացվում է նաև այդ մասին իրավաբանական անձի ղեկավար մարմնի կամ կառավարման մարմնի որոշումը։
3. Եթե հավաքի վայրը պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող բացօթյա տարածք է, որը հանձնված է վարձակալության, կամ մասնավոր սեփականություն հանդիսացող բացօթյա տարածք կամ շինություն է, ապա իրազեկման հետ ներկայացվում է նաև վարձակալի կամ սեփականատիրոջ գրավոր համաձայնությունը հավաքի անցկացման վերաբերյալ։ Վարձակալի կամ սեփականատիրոջ գրավոր համաձայնությունը հավաքի անցկացման վերաբերյալ չի պահանջվում, եթե յուրաքանչյուր ոք ունի այդ տարածք անարգել մուտք գործելու իրավունք:
4. Եթե հավաքի կազմակերպչի 14 տարին չի լրացել, ապա նա ներկայացնում է նաև իր օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնությունը:
5. Կազմակերպիչը պարտավոր է սույն հոդվածի 1-ին մասում նշված տվյալներում փոփոխությունների մասին անհապաղ, բայց ոչ ուշ, քան հավաքը սկսելուց 24 ժամ առաջ տեղեկացնել լիազոր մարմնին։ Այդ փոփոխությունները չեն կարող փոխել ի գիտություն ընդունված հավաքի էությունը։
6. Եթե կազմակերպիչը փոխում է սույն հոդվածի 1-ին մասի 1-4-րդ, 7-րդ կետերում նշված տվյալներից որևէ մեկը, որի հետևանքով փոխվում է հավաքի էությունը, ապա դա համարվում է նոր իրազեկում։
7. Եթե իրազեկումը պարունակում է ձևական սխալներ, որոնք կարող են շտկվել, ապա լիազոր մարմինը դրանք մատնացույց է անում կազմակերպչին՝ նրան հնարավորություն ընձեռելով շտկելու այդ սխալները, կամ ինքն է շտկում դրանք՝ կազմակերպչին նախապես կամ հետագայում իրազեկելով այդ մասին։ Եթե իրազեկման մեջ նշված տվյալները ամբողջական չեն, ապա լիազոր մարմինը կազմակերպչին առաջարկում է իր սահմանած ժամկետում համալրել դրանք։