Հոդված 16.2
Հոդված 16.2.
Ծառայության ծառայողին պաշտոնի նշանակելու պայմանները, պաշտոնի նշանակելը և ազատելը
(վերնագիրը խմբ. 23.12.22 ՀՕ-610-Ն)
1. Ծառայության պետի տեղակալ կարող է նշանակվել այն ծառայողը, որը մինչև նշանակումն զբաղեցրել է ծառայության ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ մինչև նշանակումն առնվազն 3 տարի զբաղեցրել է ծառայության ծառայողների գլխավոր խմբի պաշտոն և ունի գնդապետից ոչ ցածր կոչում:
2. Ծառայության ծառայողների գլխավոր խմբի պաշտոններում ատեստավորման արդյունքով կարող են նշանակվել այն ծառայողները, որոնք մինչև նշանակումը վերջին մեկ տարին զբաղեցրել են ծառայության ծառայողների գլխավոր խմբի այլ պաշտոն կամ մինչև նշանակումը վերջին երեք տարին զբաղեցրել են ծառայության ծառայողների ավագ խմբի որևէ պաշտոն: Ծառայության ծառայողների գլխավոր խմբի պաշտոններում կարող է նշանակվել նաև ծառայության ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցրած ծառայողը:
3. Ծառայության ծառայողների ավագ և միջին խմբերի պաշտոններում ծառայողների առաջխաղացումը կատարվում է ատեստավորման արդյունքով` տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո:
4. Ծառայության ծառայողների կրտսեր խմբի պաշտոններում նշանակումները կատարվում են առանց ատեստավորման:
5. Ծառայության ծառայողների ավագ և միջին խմբերի պաշտոններում նշանակումը կատարվում է բարձրագույն կրթության առկայության դեպքում:
6. Ծառայության ծառայողների կրտսեր խմբի պաշտոններում նշանակումը կատարվում է առնվազն միջնակարգ կրթության առկայության դեպքում:
7. Ծառայությունում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են ընդունվել նաև զինված ուժերի, ազգային անվտանգության մարմինների, ոստիկանության, հարկադիր կատարումն ապահովող ծառայության, փրկարար ծառայության, քրեակատարողական ծառայության մարմինների, Քննչական կոմիտեի, Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներ, դատախազներ (այդ թվում՝ նշված մարմիններում և պաշտոններում նախկինում ծառայած կամ աշխատած անձինք), ինչպես նաև ծառայության նախկին ծառայողներ, որոնք բավարարում են տվյալ պաշտոնին նշանակվելու համար ծառայության ծառայողներին ներկայացվող պահանջները:
8. Ծառայության ծառայողների գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոնների ծառայողներին պաշտոնի նշանակում ու պաշտոնից ազատում է ծառայության պետը։
(16.2-րդ հոդվածը լրաց. 23.03.18 ՀՕ-275-Ն, խմբ. 23.12.22 ՀՕ-610-Ն)
(23.12.22 ՀՕ-610-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)