Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-04-06-ից մինչև 2024-03-14։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆԸ

Հոդված 10. Պետական պահպանություն իրականացնող մարմինը և ծառայության պետի լիազորությունները

գործել է մինչև 2024-03-14Բացել ARLIS-ում

Հոդված 10. Պետական պահպանություն իրականացնող մարմինը և ծառայության պետի լիազորությունները

(վերնագիրը խմբ. 23.12.22 ՀՕ-610-Ն)

1. Պետական պահպանությունն իրականացնող մարմինը ծառայությունն է, որը վարչապետին ենթակա պետական կառավարման համակարգի մարմին է։

2. Ծառայության կառավարումն իրականացնում է վարչապետը, իսկ անմիջական ղեկավարումը՝ ծառայության պետը, որն անմիջականորեն ենթակա և հաշվետու է վարչապետին։ Ծառայության պետի բացակայության ժամանակ վերջինիս պարտականությունները վարչապետի որոշմամբ կատարում է ծառայության պետի տեղակալներից մեկը:

3. Ծառայության պետը՝

1) պատասխանատու է ծառայության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

2) իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

3) կառավարում է ծառայության ենթակայությանը հանձնված կազմակերպությունները և հիմնարկները.

4) նշանակում և ազատում է իր խորհրդականին, իր և տեղակալի օգնականներին.

5) օրենքով կամ ծառայության կանոնադրությամբ նախատեսված դեպքերում պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է ծառայության ծառայողներին և աշխատողներին, զինվորական ծառայությունից արձակում է ծառայության ծառայողներին, խրախուսում կամ կարգապահական պատասխանատվության է ենթարկում ծառայության ծառայողներին և աշխատողներին.

6) հաստատում է հաստիքացուցակը.

7) հաստատում է ներքին աշխատակարգը.

8) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով ստեղծում է իրեն կից խորհրդակցական մարմիններ.

9) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում իր տեղակալի հանձնարարականները.

10) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների, ծառայության ենթակայությանը հանձնված կազմակերպությունների ու հիմնարկների ղեկավարների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները, ցուցումները, հանձնարարականները.

11) լսում է կառուցվածքային ստորաբաժանումների, ծառայության ենթակայությանը հանձնված կազմակերպությունների և հիմնարկների հաշվետվությունները, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

12) սահմանում է իր տեղակալների, ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների լիազորությունները և պատասխանատվության աստիճանը.

13) կատարում է պարտականությունների բաշխում իր և իր տեղակալների միջև.

14) ներկայացնում է ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև օտարերկրյա պետություններում ու միջազգային կազմակերպություններում.

15) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է ծառայության համար, կազմակերպում է դրանց կատարման ստուգումը.

16) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում է առաջարկություններ ծառայության ծառայողներին և աշխատողներին պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ.

17) ծառայության ծառայողներին և աշխատողներին պարգևատրելու համար հիմնում է մեդալներ և կրծքանշաններ, հաստատում դրանց կանոնադրությունները և նկարագրությունները.

18) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծում է ծառայության գործունեության ապահովման համար անհրաժեշտ կազմակերպությունների ստեղծման, վերակազմակերպման և լուծարման հարցերը.

19) վերահսկում է ծառայության կադրերի պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման գործընթացը.

20) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ որոշում է ծառայության ծառայողների և աշխատողների՝ համատեղությամբ աշխատանքի պայմանները.

21) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով ծառայության ծառայողներին և աշխատողներին թույլատրում է դուրս գալ Հայաստանի Հանրապետության սահմաններից.

22) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինում է ծառայությանն ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները (նաև արտարժութային), ծառայությանը հատկացված ֆինանսական միջոցների (այդ թվում՝ արտարժութային) կարգադրիչն է.

23) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին սահմանված կարգով զինվորական ծառայության է ընդունում ծառայությունում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունում է որոշում նրանց աշխատանքային ստաժը երկարամյա ծառայության մեջ հաշվարկելու վերաբերյալ, ինչպես նաև ծառայությունում զինվորական ծառայության է ընդունում պահեստազորում չգտնվող կանանց.

24) սահմանված կարգով շնորհում է զինվորական կոչումներ՝ գնդապետի կոչումը ներառյալ, ներկայացնում է միջնորդություն ծառայության ղեկավար ծառայողներին զինվորական բարձրագույն սպայական կազմի կոչումներ շնորհելու վերաբերյալ.

25) ստորագրում և սահմանված դեպքերում կնքում է ծառայության գործառույթների իրականացմամբ ստեղծված փաստաթղթերը.

26) սահմանված կարգով ներկայացնում է առաջարկություններ ծառայության ծառայողների և աշխատողների թվի, ինչպես նաև դրա կառուցվածքի փոփոխությունների վերաբերյալ.

27) ծառայության ծառայողներին և աշխատողներին, ինչպես նաև ծառայության առջև դրված խնդիրների լուծմանն աջակցած անձանց պարգևատրելու համար ունի պարգևատրման ու նվիրատվության միջոցներ (այդ թվում՝ հրազեն և սառը զենք).

28) իր իրավասության սահմաններում որոշում է ծառայության կողմից օտարերկրյա պետությունների հատուկ ծառայություններին ու իրավապահ մարմիններին օպերատիվ տեղեկատվության, հատուկ տեխնիկական և այլ միջոցների փոխանցման կարգը.

29) ծառայության կողմից օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացվելիս որոշում է օպերատիվ միջոցառումների անցկացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծախսման չափն ու կարգը.

30) ընդունում է որոշում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և իրավապահ մարմինների պատվիրակություններին ընդունելու, ինչպես նաև ծառայության պատվիրակություններին օտարերկրյա պետություններ ուղարկելու մասին.

31) հաստատում է ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները և կառուցվածքները.

32) սահմանում է ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների պետերի ու նրանց տեղակալների գործառնական պարտականությունները.

33) որոշում է ծառայության ծառայողների և աշխատողների գործուղման հետ կապված հարցերը.

34) օրենքի համաձայն՝ ծառայության համակարգի ծառայողների և աշխատողների համար սահմանում է սոցիալական պաշտպանվածության այլ երաշխիքներ՝ կապված նրանց ծառայության (աշխատանքի) առանձնահատկությունների հետ.

35) թույլատրում է Հայաստանի Հանրապետության պետական մարմինների և օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների համար պայմանագրային հիմունքներով կադրերի պատրաստումը.

36) իր իրավասության սահմաններում ընդունում և օրենքով սահմանված կարգով հրապարակում է ենթաօրենսդրական (այդ թվում՝ օրենքով նախատեսված դեպքերում նորմատիվ) իրավական ակտեր.

37) ծառայության ծառայողներին և աշխատողներին թույլատրում է սովորել հեռակա ուսուցմամբ ուսումնական հաստատություններում.

38) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և ծառայության կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

4. Պետական պահպանության առանձին օբյեկտի պահպանությունն անմիջականորեն ղեկավարում է պետական պահպանության օբյեկտի պահպանության ղեկավարը։

5. Ծառայության կանոնադրությունը, այդ թվում՝ կառուցվածքը, ծառայողների և աշխատողների քանակը հաստատում է վարչապետը, իսկ ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները, կառուցվածքները և ծառայողների և աշխատողների գործառնական պարտականությունները, ինչպես նաև ծառայության ծառայողների վկայականների տրամադրման կարգը հաստատում է ծառայության պետը։ Ծառայությունը կարող է ունենալ ինչպես հիմնական մասնագիտական, այնպես էլ աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ:

6. Ծառայության հաստիքները ենթակա են համալրման նաև պայմանագրային հիմունքներով քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց կողմից, որոնք ծառայողներ չեն, և նրանց աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:

7. Պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովմանը և պահպանվող օբյեկտների պաշտպանությանը օրենքով ամրագրված իրենց լիազորությունների սահմաններում մասնակցում են նաև անվտանգության ապահովման մյուս պետական մարմինները։

(10-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 23.03.18 ՀՕ-275-Ն, խմբ. 23.12.22 ՀՕ-610-Ն)

(23.12.22 ՀՕ-610-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։