Հոդված 10. Իրավաբանական օգնության իրավունքի ապահովումը
Հոդված 10. Իրավաբանական օգնության իրավունքի ապահովումը
1. Յուրաքանչյուր ոք սույն օրենսգրքով նախատեսված կարգով իրավունք ունի ստանալ իրավաբանական օգնություն:
2. Կասկածյալի, մեղադրյալի կողմից ցանկություն հայտնելու կամ այն դեպքում, երբ դա է պահանջում արդարադատության շահը, ինչպես նաև սույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով պարտադիր համարվող դեպքերում քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ապահովել նրանց իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը։
3. Քաղաքացիական հայցվորը կամ նրա օրինական ներկայացուցիչը, կասկածյալի և մեղադրյալի օրինական ներկայացուցիչը, ինչպես նաև քաղաքացիական պատասխանողը քրեական դատավարության ընթացքում իրավունք ունեն օգտվել իրենց հրավիրած ներկայացուցիչների իրավաբանական օգնությունից:
4. Քրեական հետապնդման մարմինը տուժողի հարցաքննության ժամանակ իրավունք չունի արգելել նրա կողմից որպես ներկայացուցիչ հրավիրված փաստաբանի մասնակցությունը:
5. Քրեական վարույթն իրականացնող մարմինը կարող է որոշում կայացնել կասկածյալին կամ մեղադրյալին անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու մասին` ելնելով նրա գույքային դրությունից:
(10-րդ հոդվածը խմբ. 25.05.06 ՀՕ-91-Ն)
⚖Հոդված 11. Ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը և անձնական ազատությունը
(վերնագիրը խմբ. 16.01.18 ՀՕ-69-Ն)
1. Յուրաքանչյուր ոք ունի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության և անձնական ազատության իրավունք:
2. Ոչ ոք չի կարող արգելանքի վերցվել և պահվել անազատության մեջ այլ կերպ, քան սույն օրենսգրքով նախատեսված հիմքերով և կարգով:
3. Կալանավորելը, կալանքի տակ պահելը, բժշկական կամ դաստիարակչական հաստատությունում անձին հարկադրաբար տեղավորելը թույլատրվում է միայն դատարանի որոշմամբ: Եթե անձն անձնական ազատությունից զրկվել է իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով, և անձին ազատությունից զրկելու պահից ողջամիտ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամվա ընթացքում դատարանը որոշում չի կայացնում անազատության մեջ նրան հետագա պահելը թույլատրելու մասին, ապա նա անհապաղ ազատ է արձակվում:
4. Յուրաքանչյուր ձերբակալվածի և կալանավորվածի անհապաղ հաղորդվում են ձերբակալության կամ կալանավորման հիմքերը, ինչպես նաև այն հանցագործության փաստական հանգամանքները և իրավաբանական որակումը, որի կատարման մեջ նա կասկածվում կամ մեղադրվում է:
5. Դատարանը, ինչպես նաև հետաքննության մարմինը, քննիչը և դատախազը պարտավոր են անհապաղ ազատ արձակել անազատության մեջ ապօրինի պահվող յուրաքանչյուր անձի: Կալանքի տակ պահելու վայրի վարչակազմի ղեկավարն իրավունք չունի կալանքը կրելու համար անձին ընդունել առանց համապատասխան դատական որոշման և պարտավոր է անհապաղ ազատ արձակել կալանքի տակ պահելու ժամկետը լրացած յուրաքանչյուր անձի:
6. Անձի խուզարկությունը և քննումը, ինչպես նաև ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը կամ անձնական ազատությունը սահմանափակող այլ դատավարական գործողություններ կատարվում են սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով:
7. Քրեական դատավարության ընթացքում ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների, անօրինական ֆիզիկական կամ հոգեկան բռնության, այդ թվում` բժշկական դեղամիջոցների օգտագործմամբ, սովի, ուժասպառման, հիպնոսի, բժշկական օգնությունից զրկվելու, ինչպես նաև այլ դաժան վերաբերմունքի: Արգելվում է կասկածյալից, մեղադրյալից, ամբաստանյալից, տուժողից, վկայից և քրեական դատավարությանը մասնակցող այլ անձանցից ցուցմունքներ կորզել բռնության, սպառնալիքի, խաբեության, նրանց իրավունքների ոտնահարման, ինչպես նաև այլ անօրինական գործողությունների միջոցով:
8. Արգելվում է անձին ներգրավել երկարաժամկետ կամ ֆիզիկական տանջանքներ պատճառող, նրա կամ շրջապատողների առողջության համար վտանգ ներկայացնող քննչական փորձարարությունների, դատավարական այլ գործողություններ կատարելուն:
9. Քրեական դատավարության ընթացքում արգելվում է մարդու կյանքին և առողջությանը, շրջակա միջավայրին վտանգ ներկայացնող միջոցներ կիրառելը:
(11-րդ հոդվածը փոփ. 04.12.01 ՀՕ-263, խմբ. 16.01.18 ՀՕ-69-Ն)
⚖Հոդված 12. Բնակարանի անձեռնմխելիությունը
1. Յուրաքանչյուր ոք ունի բնակարանի անձեռնմխելիության իրավունք: Արգելվում է մարդու կամքին հակառակ` մուտք գործել նրա բնակարանը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
2. Բնակարանը կարող է խուզարկվել միայն դատարանի որոշմամբ` սույն օրենսգրքով սահմանված կարգով: Բնակարանի զննումը, այնտեղ դատավարական այլ գործողություններ կատարելը, ինչպես նաև տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտք գործելը այն զբաղեցնող անձանց կամքին հակառակ` քրեական դատավարության ընթացքում կարող են կատարվել հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի որոշմամբ: