Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-06-18-ից մինչև 2022-07-01։Բացել գործող տեքստը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 1 · ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ

Հոդված 5. Քրեական դատավարության օրենքի կիրառման սահմանափակումները

գործել է մինչև 2022-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 5. Քրեական դատավարության օրենքի կիրառման սահմանափակումները

1. Սույն օրենսգրքի և քրեական դատավարության նորմեր պարունակող այլ օրենքների գործողությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով դիվանագիտական արտոնություններից և անձեռնմխելիությունից օգտվող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին կամ սույն օրենսգրքի 445-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության տարածքում քրեական ընդդատությունից ազատված այլ անձանց վրա, բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի։

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձանց նկատմամբ սույն օրենսգրքի և քրեական դատավարության նորմեր պարունակող այլ օրենքների կիրառման առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենսգրքի 51-րդ գլխի նորմերով և այլ օրենքներով:

(5-րդ հոդվածը խմբ. 25.05.06 ՀՕ-91-Ն)

&#9878Հոդված 6. ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՏԵՂ ԳՏԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Քրեական դատավարության օրենսգրքում տեղ գտած ներքոհիշյալ հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը`

1) դեպք` հանցագործության հատկանիշներ պարունակող իրադարձություն, որի կապակցությամբ իրականացվում է քրեական դատավարություն.

2) քրեական գործ` քրեական հետապնդման մարմնի կամ դատարանի կողմից իրականացվող առանձին վարույթ` քրեական օրենսգրքով չթույլատրված մեկ կամ մի քանի ենթադրաբար կատարված արարքների կապակցությամբ.

3) նյութեր` փաստաթղթեր և այլ առարկաներ, որոնք գործի բաղկացուցիչ մասն են կամ ներկայացված են գործին կցվելու համար, հաղորդումներ, ինչպես նաև փաստաթղթեր և այլ առարկաներ, որոնք կարող են նպաստել գործով վարույթի ընթացքում նշանակություն ունեցող հանգամանքներ բացահայտելուն.

4) գործով վարույթ` քրեական դատավարական ընթացակարգ, որն սկսվում է քրեական գործի հարուցման հարցը լուծելիս և իր մեջ ներառում է գործով իրականացվող և ընդունվող դատավարական որոշումները և գործողությունները.

5) քրեական գործով մինչդատական վարույթ` քրեական գործով վարույթը քրեական գործ հարուցելու հարցի լուծման պահից մինչև գործն ըստ էության քննելու համար դատարան ուղարկելը.

6) դատավարական գործողություններ` գործով վարույթի ընթացքում սույն օրենսգրքով նախատեսված գործողություններ.

7) դատավարական որոշումներ` քրեական դատավարության ընթացքում իրավասու մարմինների կամ պաշտոնատար անձանց կողմից ընդունվող` սույն օրենսգրքով նախատեսված որոշումներ` դատավճիռներ, որոշումներ.

8) դատավճիռ` դատական նիստում կայացված առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի որոշումները ամբաստանյալի մեղավորության կամ անմեղության, նրա նկատմամբ պատիժ կիրառելու կամ չկիրառելու և այլ հարցերով.

9) որոշում` քրեական գործով դատարանի որոշումները, բացի դատավճռից, ինչպես նաև մինչդատական վարույթի ընթացքում հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի կայացրած որոշումները.

10) վերջնական որոշում` քրեական վարույթ իրականացնող մարմնի յուրաքանչյուր որոշում, որը բացառում է գործով վարույթն սկսելը կամ շարունակելը, ինչպես նաև լուծում է գործն ըստ էության.

10.1 ) գործն ըստ էության լուծող դատական ակտեր՝ առաջին ատյանի դատարանի դատավճիռ, քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում, բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին որոշում, ինչպես նաև այդ ակտերի վերաքննիչ բողոքարկման արդյունքում վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտեր, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում վճռաբեկ դատարանի դատական ակտերը.

11) դատարան` օրենքով սահմանված կարգով կազմավորված դատարան, որը գործերը քննում է կոլեգիալ կազմով կամ միանձնյա. առաջին ատյանի դատարան, վերաքննիչ դատարան, վճռաբեկ դատարան.

12) ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ՝ առաջին ատյանի դատարան)՝ դատարան, որն իրավասու է քննելու բոլոր քրեական գործերը, քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված այլ գործեր (նյութեր), ինչպես նաև վերահսկողություն իրականացնելու քրեական գործի մինչդատական վարույթի նկատմամբ.

13) վերաքննիչ դատարան` դատարան, որը վերաքննության կարգով գործը քննում է վերաքննիչ բողոքի հիման վրա.

14) վճռաբեկ դատարան` դատարան, որը, բացի սահմանադրական արդարադատության հարցերից, Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական ատյան է և կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը:

Վճռաբեկ դատարանը օրենքով նախատեսված դեպքերում գործը քննում է վճռաբեկ բողոքի հիման վրա.

15) դատավոր` դատարանի նախագահ, դատարանի պալատի նախագահ, պալատի դատավոր, դատարանի այլ դատավոր.

16) կողմ` մարմինները և անձինք, որոնք քրեական դատավարությունում մրցակցային հիմունքներով իրականացնում են քրեական հետապնդում կամ պաշտպանություն.

17) քրեական հետապնդում` այն բոլոր դատավարական գործողությունները, որոնք իրականացնում են քրեական հետապնդման մարմինները, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում տուժողը` նպատակ ունենալով բացահայտել քրեական օրենսգրքով չթույլատրված արարքը կատարած անձին, վերջինիս մեղավորությունը հանցանքի կատարման մեջ, ինչպես նաև ապահովել այդպիսի անձի նկատմամբ պատժի և հարկադրանքի այլ միջոցներ կիրառելը.

18) քրեական հետապնդման հարուցում` քրեական հետապնդման մարմնի որոշումն անձին որպես մեղադրյալ ներգրավելու, ինչպես նաև մինչև այդ նրան ձերբակալելու կամ նրա նկատմամբ խափանման միջոց կիրառելու մասին.

19) քրեական հետապնդման դադարեցում` քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի որոշումը` առաջադրված մեղադրանքը վերացնելու կամ մեղադրանքից հրաժարվելու մասին.

20) մեղադրանք` սույն օրենսգրքով նախատեսված կարգով ներկայացված հիմնավորում` որոշակի անձի կողմից քրեական օրենսգրքով չթույլատրված կոնկրետ արարքի կատարման մասին.

21) մեղադրանքի կողմ` քրեական հետապնդման մարմինները, ինչպես նաև տուժողը, քաղաքացիական հայցվորը և նրանց օրինական ներկայացուցիչներն ու ներկայացուցիչները.

22) քրեական հետապնդման մարմիններ` դատախազը (մեղադրողը), քննիչը, հետաքննության մարմինը.

23) դատախազ` Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը և նրան ենթակա դատախազները, նրանց տեղակալները և օգնականները.

24) մեղադրող` դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազը.

25) քննիչ` քննչական կոմիտեի, հակակոռուպցիոն կոմիտեի, ազգային անվտանգության, հարկային կամ մաքսային մարմինների պաշտոնատար անձ, որն իր իրավասության սահմաններում քրեական գործով կատարում է նախաքննություն.

26) քննչական բաժնի պետ` քննչական կոմիտեի նախագահը և նրա տեղակալները, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը և նրա տեղակալները, քննչական կոմիտեի, հակակոռուպցիոն կոմիտեի, ազգային անվտանգության, հարկային կամ մաքսային մարմինների քննչական վարչության, բաժնի, բաժանմունքի պետը և նրա տեղակալները, որոնք գործում են իրենց իրավասության սահմաններում.

26.1) բարձրաստիճան պաշտոնատար անձ` Հանրապետության նախագահը, վարչապետը, փոխվարչապետները, պատգամավորները, Սահմանադրական դատարանի դատավորները, դատարանների դատավորները, Բարձրագույն դատական խորհրդի` Ազգային ժողովի կողմից ընտրված անդամները, նախարարները, նրանց տեղակալները, Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը, վարչապետի աշխատակազմի ղեկավարը, մարզպետները, նրանց տեղակալները, Երևանի քաղաքապետը, նրա տեղակալները, Հաշվեքննիչ պալատի նախագահը և խորհրդի անդամները, Կենտրոնական բանկի խորհրդի անդամները, ինքնավար մարմինների անդամները, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները, վիճակագրական կոմիտեի ղեկավարը և անդամները, դատախազները, քննչական կոմիտեում, հակակոռուպցիոն կոմիտեում, ազգային անվտանգության, հարկային և մաքսային մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք, ինչպես նաև ոստիկանության, ազգային անվտանգության, հարկադիր կատարումն ապահովող, քրեակատարողական և փրկարար ծառայությունների, պետական եկամուտների կոմիտեի ղեկավարները և նրանց տեղակալները, դրանց կառուցվածքային ստորաբաժանումների, կառուցվածքային ստորաբաժանումներում ներառված կառուցվածքային միավորների ղեկավարները.

26.2) պետական ծառայություն իրականացնող անձ` ոստիկանության (բացառությամբ ոստիկանության զորքերի), ազգային անվտանգության (բացառությամբ սահմանապահ զորքերի և զինված ստորաբաժանումների), հարկային, մաքսային մարմինների, հակակոռուպցիոն կոմիտեի, հարկադիր կատարումն ապահովող, քրեակատարողական և փրկարար ծառայությունների պաշտոնատար անձինք, բացառությամբ սույն հոդվածի 26.1-ին կետում նշված պաշտոնատար անձանց.

27) հետաքննության մարմին` սույն օրենսգրքով հետաքննության իրավասություն ունեցող պետական մարմնի համապատասխան ստորաբաժանման պետը (այսուհետ` հետաքննության մարմնի պետ) և աշխատակիցները.

28) պաշտպանություն` դատավարական գործունեություն, որն իրականացնում է պաշտպանության կողմը` նպատակ ունենալով հերքել մեղադրանքը կամ մեղմացնել պատասխանատվությունը, պաշտպանել այն անձանց իրավունքները և շահերը, որոնց վերագրվում է քրեական օրենսգրքով չթույլատրված արարքի կատարումը, ինչպես նաև նպաստել ապօրինաբար քրեական հետապնդման ենթարկված անձանց իրավունքների վերականգնմանը.

29) պաշտպանության կողմ` կասկածյալը, մեղադրյալը, նրանց օրինական ներկայացուցիչները, պաշտպանը, քաղաքացիական պատասխանողը և նրա ներկայացուցիչը.

30) քրեական վարույթն իրականացնող մարմին` դատարանը, իսկ քրեական գործի մինչդատական վարույթում` հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը.

31) դատավարության մասնակիցներ` դատախազը (մեղադրողը), քննիչը, հետաքննության մարմինը, ինչպես նաև տուժողը, քաղաքացիական հայցվորը, նրանց օրինական ներկայացուցիչները և ներկայացուցիչները, կասկածյալը, մեղադրյալը, նրանց օրինական ներկայացուցիչները, պաշտպանը, քաղաքացիական պատասխանողը և նրա ներկայացուցիչը.

32) քրեական դատավարությանը մասնակցող անձինք` դատավարության մասնակիցները, ընթերական, դատական նիստի քարտուղարը, թարգմանիչը, մասնագետը, փորձագետը, վկան.

33) դիմող` յուրաքանչյուր անձ, որը դիմել է դատարան, քրեական հետապնդման մարմնին` քրեական դատավարության կարգով խախտված իրավունքի պաշտպանության համար.

34) միջնորդություն` կողմի կամ դիմողի խնդրանքը` ուղղված քրեական վարույթն իրականացնող մարմնին.

35) բացատրություն` բանավոր կամ գրավոր փաստարկումներ, որոնք բերում են դատավարության մասնակիցները և դիմողները` հիմնավորելու համար իրենց կամ ներկայացվող անձի պահանջները, ինչպես նաև այլ անձանց բանավոր կամ գրավոր հաղորդումները, որոնք տրվում են մինչև քրեական գործ հարուցելը.

36) արգելանքի վերցնել` գործողություն, որն սկսվում է անձին ազատությունից փաստացի հարկադրական զրկելու պահից` ձերբակալելիս, կալանքը որպես խափանման միջոց կիրառելիս, ազատազրկման ձևով դատավճիռն ի կատար ածելիս.

37) կալանավորում` որպես խափանման միջոց կալանքն ընտրելը.

38) անազատության մեջ պահել` անձին ազատությունից հարկադրաբար զրկելը, ինչ պատճառներով էլ որ դա իրականացված լինի.

38.1) ժամանակավոր կալանավորում՝ անձին անազատության մեջ պահել հանձնելու վերաբերյալ միջնորդությունն ստանալու և հանձնումը բացառող հանգամանքները պարզելու նպատակով.

38.2) հանձնելու համար կալանավորում՝ անձին անազատության մեջ պահել նրա հանձնումն ապահովելու նպատակով.

39) ազգականներ` ազգակցական կապի մեջ գտնվող և մինչև նախապապը կամ նախատատն ընդհանուր նախնիներ ունեցող անձինք.

40) մերձավոր ազգականներ` ծնողները, զավակները, որդեգրողները, որդեգրվածները, հարազատ և ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբայրները և քույրերը, պապը, տատը, թոռները, ինչպես նաև ամուսինը և ամուսնու ծնողները, վերջիններիս համար՝ փեսան և հարսը.

41) պաշտպանյալ` կասկածյալը կամ մեղադրյալը` իրենց պաշտպանի համար.

42) արդարացված` այն անձը, որի նկատմամբ կայացվել է արդարացման դատավճիռ, կամ որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է անմեղության հիմքով.

43) լիազորող` տուժողը, քաղաքացիական հայցվորը, քաղաքացիական պատասխանողն իրենց ներկայացուցչի համար.

44) Հայաստանի Հանրապետության փաստաբանների միություն` փաստաբանական գործունեություն իրականացնող կազմակերպություն.

45) վնաս` դրամական չափման ենթակա բարոյական, ֆիզիկական, գույքային վնասը.

46) բնակարան` շենք կամ շինություն, որը մշտապես կամ ժամանակավորապես օգտագործվում է որոշակի անձի կամ անձանց բնակության համար, այդ թվում` սեփական կամ վարձակալած բնակարանը, այգետնակը, հյուրանոցային համարը, նավախցիկը, գնացքի ճամփորդախցիկը, համապատասխանաբար նրանց անմիջական հարող ծածկապատշգամբները, սանդղավանդակները, վերնասրահները, պատշգամբները, ընդհանուր օգտագործման տարածքը, ինչպես նաև դրանց այլ բաղկացուցիչ մասերը, որոնք օգտագործվում են հանգստի, գույքը պահելու, ինչպես նաև որոշակի անձի կամ անձանց այլ պահանջմունքները բավարարելու համար, բնակելի շինության նկուղը և ձեղնահարկը: «Բնակարան» հասկացությունն իր մեջ ընդգրկում է նաև մասնավոր ավտոմեքենան, գետային կամ ծովային նավը, ինչպես նաև ծառայողական անձնական աշխատասենյակը և ավտոմեքենան, արվեստանոցը.

47) այլ տեղանք` տեղանք որը գտնվում է համապատասխան դատարանի, հետաքննության մարմնի, նախաքննության մարմնի, դատախազության իրավասության և գտնվելու վայրի սահմաններից դուրս կամ քրեական դատավարությանը մասնակցող անձի բնակության վայրի սահմաններից դուրս.

48) գիշերային ժամանակ` ժամը 22.00-ից մինչև 7.00-ը:

49) ծանուցագիր՝ թղթային կամ էլեկտրոնային փաստաթուղթ, որով վարույթն իրականացնող մարմինն անձին հրավիրում է մասնակցելու քննչական կամ այլ դատավարական գործողության կամ դատական նիստի։

(6-րդ հոդվածը փոփ., լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն, փոփ. 01.06.06 ՀՕ-108-Ն, լրաց. 21.02.07 ՀՕ-93-Ն, խմբ., փոփ. 22.02.07 ՀՕ-129-Ն, 02.11.07 ՀՕ-248-Ն, լրաց., խմբ., փոփ. 28.11.07 ՀՕ-270-Ն, 26.12.08 ՀՕ-237-Ն, խմբ. 05.02.09 ՀՕ-45-Ն, լրաց. 19.03.12 ՀՕ-42-Ն, խմբ., փոփ. 19.05.14 ՀՕ-28-Ն, փոփ. 16.01.18 ՀՕ-68-Ն, 17.01.18 ՀՕ-48-Ն, խմբ. 23.03.18 ՀՕ-278-Ն, փոփ. 21.01.20 ՀՕ-71-Ն, խմբ. 18.06.20 ՀՕ-337-Ն, լրաց. 19.01.21 ՀՕ-19-Ն, փոփ., լրաց. 24.03.21 ՀՕ-150-Ն)

(24.03.21 ՀՕ-150-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։