Հոդված 375.3. Համաձայնության վերաբերյալ բանակցությունները
Հոդված 375.3. Համաձայնության վերաբերյալ բանակցությունները
1. Համաձայնեցման վարույթ կիրառելու մասին միջնորդությունը բավարարելուց հետո մեղադրողը համաձայնության գալու նպատակով բանակցություններ է սկսում ամբաստանյալի և նրա պաշտպանի հետ:
2. Այն դեպքում, երբ հանցագործությամբ պատճառված վնասը հատուցված չէ, սակայն տուժողը չի առարկել համաձայնեցման վարույթ կիրառելու դեմ, մեղադրողը տուժողի համաձայնությամբ նրան ներգրավում է բանակցություններում։ Տուժողը մասնակցում է միայն հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման բնույթի և չափի վերաբերյալ բանակցություններին: Պետությանը պատճառված վնասի դեպքում պետության անունից բանակցություններում հանդես է գալիս մեղադրողը:
3. Կողմերը բանակցում են հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման բնույթի և չափի, ամբաստանյալի նկատմամբ կիրառման ենթակա պատժի (պատժատեսակի և պատժաչափի), այն կրելու նպատակահարմարության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 103.1-ին հոդվածով սահմանված՝ բռնագանձման ենթակա գույքի և դրա չափի վերաբերյալ, եթե այդպիսին առկա է։
4. Բանակցությունների արդյունքում կողմերը պետք է համաձայնության գան հատուցման ենթակա վնասի բնույթի և չափի, ամբաստանյալի նկատմամբ կիրառման ենթակա պատժի (պատժատեսակի և պատժաչափի), ներառյալ այն կրելու նպատակահարմարության հարցի շուրջ:
5. Բանակցությունների արդյունքում կողմերը կարող են համաձայնության գալ բռնագանձման ենթակա գույքի և դրա չափի շուրջ:
6. Բանակցությունների արդյունքում համաձայնության գալու դեպքում կողմերը կազմում են համաձայնության մասին արձանագրություն, որում նշվում են՝
1) արձանագրությունը կազմելու տեղը և ժամանակը.
2) մեղադրողի անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը.
3) ամբաստանյալի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան թիվը, ամիսը, օրը և ծննդավայրը, բնակության հասցեն, քաղաքացիությունը, կրթությունը, մայրենի լեզուն, աշխատանքի կամ ուսման վայրը, ամբաստանյալի մոտ դատվածության առկայությունը, ինչպես նաև այլ վերաբերելի տեղեկություններ.
4) պաշտպանի անունը և ազգանունը.
5) տուժողի անունը և ազգանունը, եթե տուժողը մասնակցել է համաձայնության կայացմանը.
6) ամբաստանյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցը և դրա կիրառման ժամկետը.
7) ամբաստանյալին ներկայացված մեղադրանքի փաստական նկարագրությունը և արարքի իրավական գնահատականը.
8) հատուցված կամ հատուցման ենթակա վնասի բնույթը և չափը, եթե այդպիսին առկա է եղել․
9) համաձայնեցված պատիժը (պատժատեսակը և պատժաչափը), ներառյալ այն կրելու նպատակահարմարության հարցը.
10) բռնագանձման ենթակա գույքը և դրա չափը, եթե այդ հարցերի շուրջ կողմերը եկել են համաձայնության:
7. Բանակցություններին մեկից ավելի ամբաստանյալների մասնակցության դեպքում նրանցից յուրաքանչյուրի հետ կնքվում է առանձին համաձայնություն:
8. Հանցագործությունների համակցության դեպքում արձանագրության մեջ առանձին նշվում են յուրաքանչյուր հանցագործության համար համաձայնեցված պատժի տեսակը և չափը, ինչպես նաև վերջնական պատժի տեսակը և չափը: Բանակցությունների արդյունքում համաձայնեցված պատիժը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի Ընդհանուր մասով սահմանված պահանջներին:
9. Համաձայնությունը համարվում է կնքված կողմերի կողմից համաձայնության մասին արձանագրությունն ստորագրվելու պահից:
10. Համաձայնության մասին արձանագրության մեկական օրինակ մեղադրողը հանձնում է դատարանին և բանակցությունների մյուս մասնակիցներին:
11. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված հարցերի վերաբերյալ համաձայնության չգալու դեպքում դատարանը գործի քննությունը շարունակում է ընդհանուր կարգով: