Հոդված 70. Պաշտպան հրավիրելը, նշանակելը, փոխարինելը և վարույթին` նրա մասնակցելու այլ հիմքերը
Հոդված 70. Պաշտպան հրավիրելը, նշանակելը, փոխարինելը և վարույթին` նրա մասնակցելու այլ հիմքերը
1. Փաստաբանները քրեական գործով վարույթին որպես պաշտպան մասնակցում են`
1) կասկածյալի, մեղադրյալի, նրա օրինական ներկայացուցչի, ազգականի, ինչպես նաև կասկածյալի կամ մեղադրյալի խնդրանքով կամ համաձայնությամբ` այլ անձանց հրավերով.
2) Հայաստանի Հանրապետության փաստաբանների միության կողմից նշանակվելով` քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջի հիման վրա:
2. Քրեական վարույթն իրականացնող մարմինն իրավունք չունի որևէ մեկին երաշխավորել հրավիրելու որևէ պաշտպանի:
3. Քրեական վարույթն իրականացնող մարմինը Հայաստանի Հանրապետության փաստաբանների միությունից պահանջում է փաստաբանին նշանակել պաշտպան`
1) կասկածյալի կամ մեղադրյալի միջնորդությամբ.
2) այն դեպքում, երբ քրեական գործով վարույթին պաշտպանի մասնակցությունը պարտադիր է, իսկ կասկածյալը կամ մեղադրյալը պաշտպան չունի:
4. Սույն հոդվածի երրորդ մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում քրեական վարույթն իրականացնող մարմինն իրավունք ունի կասկածյալին և մեղադրյալին առաջարկել, որ իրենք հրավիրեն այլ պաշտպան:
5. Հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը, դատարանն իրավունք ունեն կասկածյալին կամ մեղադրյալին առաջարկել հրավիրելու այլ պաշտպան կամ պաշտպան նշանակել Հայաստանի Հանրապետության փաստաբանների միության միջոցով, եթե`
1) պաշտպանի իրավավիճակ ձեռք բերելու պահից 24 ժամվա ընթացքում պաշտպանը հնարավորություն չունի ներկայանալու կամ չի ներկայանում կասկածյալի կամ արգելանքի վերցված մեղադրյալի առաջին հարցաքննությանը.
2) պաշտպանը հնարավորություն չունի մասնակցելու քրեական գործով վարույթին 3 օրից ավելի ժամանակով:
6. Կասկածյալը և մեղադրյալը կարող են ունենալ մի քանի պաշտպաններ: Դատավարական գործողությունը, որին պաշտպանի մասնակցությունն անհրաժեշտ է, չի կարող անօրինական ճանաչվել, եթե համապատասխան կասկածյալի կամ մեղադրյալի ոչ բոլոր պաշտպաններն են մասնակցել տվյալ գործողությանը: