Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-06-18-ից մինչև 2022-07-01։Բացել գործող տեքստը
ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸԳլուխ 24.1 · (գլուխը լրաց. 19.01.21 ՀՕ-19-Ն)

Հոդված 174.4. Ծանուցագիրը հանձնելը

գործել է մինչև 2022-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 174.4. Ծանուցագիրը հանձնելը

1. Ծանուցագիրը հանձնվում է քննչական կամ այլ դատավարական գործողության կամ դատական նիստի օրվանից ոչ ուշ, քան երկու օր առաջ: Եթե քննչական կամ այլ դատավարական գործողությունը կամ դատական նիստը ծրագրված չէ կամ չի կարող հետաձգվել, ապա ծանուցագիրը կարող է հանձնվել ներկայանալու նախորդ օրը կամ ներկայանալուց անմիջապես առաջ՝ դրանում նշելով ծանուցագիրն ավելի վաղ չհանձնելու պատճառը:

2. Թղթային ծանուցագիրն ուղարկվում է փոստով՝ պատվիրված նամակով, կամ հանձնվում է անմիջականորեն: Եթե անձն առաջին անգամ է ծանուցվում, ապա թղթային ծանուցագիրն ուղարկվում է նրա մշտական բնակության վայրի կամ հաշվառման հասցեով, իսկ եթե այն հայտնի չէ, ապա աշխատանքի, ուսման կամ ծառայության վայրի հասցեով:

3. Թղթային ծանուցագիրն ստորագրությամբ հանձնվում է անձամբ ծանուցվողին, իսկ նրա ժամանակավոր բացակայության դեպքում՝ նրա հետ բնակվող ընտանիքի չափահաս անդամներից մեկին կամ համատիրության աշխատողին: Եթե թղթային ծանուցագիրն ուղարկվել է ծանուցվողի աշխատանքի, ուսման կամ ծառայության վայր, ապա այն հանձնվում է համապատասխան հաստատության վարչակազմի իրավասու աշխատակցին: Թղթային ծանուցագիրն ստացողը պարտավոր է այն հանձնել ծանուցվողին:

4. Թղթային ծանուցագրի ստորագրության համար առանձնացված հատվածում ստացողը նշում է իր անունը, ազգանունը և ստացման ժամանակը, որը հաստատում է ստորագրությամբ: Եթե թղթային ծանուցագիր ստացողը ծանուցվողը չէ, ապա նա նշում է նաև ծանուցվողի հետ իր հարաբերության մասին:

5. Թղթային ծանուցագրի՝ ստորագրության համար առանձնացված մասը վերադարձվում է վարույթն իրականացնող մարմին:

6. Էլեկտրոնային ծանուցագիրն ուղարկվում է ծանուցվող անձին այն դեպքում, երբ նա իր գրավոր համաձայնությունն է տվել այդ եղանակով ծանուցագիր ստանալու վերաբերյալ: Էլեկտրոնային ծանուցագիրն ուղարկվում է ծանուցվող անձի գրավոր հայտնած էլեկտրոնային փոստի հասցեով կամ հեռախոսահամարով:

7. Էլեկտրոնային ծանուցագիր ուղարկելու դեպքում վարույթն իրականացնող մարմինը քրեական գործին է կցում էլեկտրոնային հաղորդագրությունը, ինչպես նաև ստանալու մասին հավաստումը:

8. Էլեկտրոնային ծանուցման դեպքում ծանուցվողը մեկ օրվա ընթացքում պարտավոր է հաստատել ծանուցման փաստը: Եթե ծանուցման ստացումը չի հաստատվում այն ուղարկելուց հետո՝ երկու օրվա ընթացքում, ապա ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ, կամ հանձնվում է ծանուցվողին՝ ստացականով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։