Հոդված 478.2. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հանցագործություն կատարած անձանց ժամանակավոր կալանավորման կարգը
Հոդված 478.2. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հանցագործություն կատարած անձանց ժամանակավոր կալանավորման կարգը
1. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հանցագործություն կատարած և Հայաստանի Հանրապետության տարածքում ձերբակալված անձանց նկատմամբ կիրառվում է ժամանակավոր կալանավորում մինչև 40 օր ժամկետով կամ միջազգային պայմանագրով նախատեսված այլ ժամկետով՝ հանձնելու վերաբերյալ միջնորդությունն ստանալու և հանձնումը բացառող հանգամանքները պարզելու նպատակով: Եթե հանձնելու վերաբերյալ միջնորդությունը չի ստացվել ժամանակավոր կալանավորման համար նախատեսված առավելագույն ժամկետի ընթացքում, կամ Հայաստանի Հանրապետության դատարանը մերժել է հանձնելու համար կալանավորում կիրառելու միջնորդությունը, կամ պարզվել են հանձնումը բացառող հանգամանքները, ապա անձը ենթակա է ազատման: Հանձնելու վերաբերյալ միջնորդությունը ժամանակին չներկայացնելու հիմքով անձին ժամանակավոր կալանավորումից ազատելը չի խոչընդոտում հետագայում նրա նկատմամբ հանձնելու համար կալանավորման կիրառմանը:
2. Մինչև անձին հանձնելու վերաբերյալ միջնորդություն ստանալը օտարերկրյա պետության իրավասու մարմնի՝ անձին ժամանակավոր կալանավորելու մասին միջնորդությունը կամ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումը կամ դատավճիռը կարող է հանձնվել փոստով, այդ թվում՝ էլեկտրոնային կամ հեռագրով կամ տեխնիկական այլ միջոցներով, ինչպես նաև Միջազգային քրեական ոստիկանության (Ինտերպոլի) կամ անձի հետախուզում իրականացնող այլ միջազգային կազմակերպության միջոցով, որի մասնակից է Հայաստանի Հանրապետությունը:
3. Դատախազն անձի նկատմամբ ժամանակավոր կալանավորում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացնում է ձերբակալման վայրի դատարան: Միջնորդությանը կցվում են ձերբակալման արձանագրության պատճենը, օտարերկրյա պետության իրավասու մարմնի՝ անձին ժամանակավոր կալանավորելու մասին միջնորդությունը կամ որոշումը կամ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերից մեկը և ձերբակալվածի անձը հաստատող փաստաթղթերը:
4. Միջնորդությունը քննարկելիս դատարանը, լսելով դատախազին, ձերբակալված անձին և նրա պաշտպանին, ուսումնասիրելով ներկայացված նյութերը, որոշում է կայացնում միջնորդությունը բավարարելու և ժամանակավոր կալանավորում կիրառելու մասին կամ միջնորդությունը մերժելու մասին: Ժամանակավոր կալանավորում կիրառելու կամ միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված կարգով:
5. Միջնորդության քննարկման արդյունքների մասին դատախազը, սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, անհապաղ տեղյակ է պահում օտարերկրյա պետության իրավասու մարմնին:
(478.2 -րդ հոդվածը լրաց. 19.03.12 ՀՕ-42-Ն, 21.01.20 ՀՕ-8-Ն)