Հոդված 99. Տուժողների, վկաների, մեղադրյալների, պաշտպանների և քրեական դատավարությանը մասնակցող այլ անձանց պաշտպանության միջոցները
Հոդված 99. Տուժողների, վկաների, մեղադրյալների, պաշտպանների և քրեական դատավարությանը մասնակցող այլ անձանց պաշտպանության միջոցները
1. Տուժողների, վկաների, մեղադրյալների, պաշտպանների և քրեական դատավարությանը մասնակցող այլ անձանց պաշտպանության միջոցներն են`
1) դատարանի կամ դատախազի պաշտոնական նախազգուշացումն այն անձին քրեական պատասխանատվության ենթարկելու հնարավորության մասին, որը սպառնացել է բռնությամբ կամ քրեական օրենքով արգելված այլ արարքով.
2) պաշտպանվող անձի մասին տեղեկությունների մատչելիության սահմանափակումը.
3) պաշտպանվող անձի անվտանգության ապահովումը:
2. Անձը, որը ենթարկվում է պաշտոնական նախազգուշացման, կանչվում է դատախազի, քննիչի կամ հետաքննության մարմնի աշխատակցի մոտ, որը նրան հայտարարում է պաշտոնական նախազգուշացումը: Պաշտոնական նախազգուշացման մասին արձանագրությունն ստորագրում է նախազգուշացվող անձը:
3. Պաշտպանվող անձի մասին տեղեկությունների մատչելիության սահմանափակման դեպքում քրեական գործի նյութերից հանվում են նրա մասին բոլոր տեղեկությունները և պահվում հիմնական վարույթից առանձին: Հիմնական վարույթից առանձնացված նյութերին ծանոթանալը մատչելի է միայն դատարանին և քրեական հետապնդման մարմիններին, իսկ դատավարության մյուս մասնակիցները դրան կարող են ծանոթանալ միայն քրեական վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ, եթե դա անհրաժեշտ է կասկածյալի կամ մեղադրյալի պաշտպանությունն իրականացնելու կամ քրեական գործի քննության համար էական նշանակություն ունեցող որևէ հանգամանք պարզելու համար:
4. Պաշտպանվող անձի անվտանգության ապահովումն իրականացվում է հետևյալ միջոցներից մեկի կամ մի քանիսի կիրառմամբ`
1) պաշտպանվող անձին կամ նրա ազգականին անձնական պահպանության տակ վերցնելով.
2) պաշտպանվող անձին պատկանող կամ նրա կողմից օգտագործվող բնակարանը կամ գույքը պահպանելով.
3) պաշտպանվող անձին ժամանակավորապես այնպիսի վայր տեղավորելով, որտեղ ապահովված է նրա անվտանգությունը.
4) կալանքի տակ գտնվող անձին այնպիսի շինություն տեղափոխելով, որտեղ ապահովված է նրա անվտանգությունը:
5. Պաշտպանության միջոցները դադարեցվում են քրեական վարույթն իրականացնող մարմնի պատճառաբանված որոշմամբ, եթե վերանում է դրանց անհրաժեշտությունը: Պաշտպանվող անձը պետք է քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից անհապաղ տեղեկացվի իր պաշտպանության միջոցները դադարեցնելու կամ, բացի քրեական հետապնդման մարմնի պաշտոնատար անձանցից, քրեական գործով վարույթին մասնակցող որևէ այլ անձի իր մասին տվյալները հայտնի դառնալու վերաբերյալ: