Հոդված 391. ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Հոդված 391. ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
1. Դատաքննությունն սկսվում է նախագահողի կողմից դատավճռի բովանդակության, ինչպես նաև վերաքննիչ բողոքի և դրա դեմ առկա առարկությունների էության շարադրմամբ:
2. Նախագահողի զեկուցումից հետո դատարանը լսում է բողոքում ներկայացված` իր հետևությունները հիմնավորելու մասին կողմի ելույթը և դատավճիռը չբողոքարկած հակառակ կողմի առարկությունները:
3. Լսելով կողմերի ելույթները` դատարանն անցնում է կանչված ամբաստանյալին, վկաներին, տուժողներին հարցաքննելու միջոցով ապացույցներն ստուգելուն, ինչպես նաև կողմերի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ փաստաթղթերը, արձանագրությունները և գործի այլ նյութերը հրապարակելուն: Ապացույցների հետազոտման կարգը դատարանը որոշում է` լսելով կողմերի կարծիքները:
4. Առաջին ատյանի դատարանում հետազոտված ապացույցները վերաքննիչ դատարանում հետազոտվում են, եթե կողմի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ դատարանը դա համարում է անհրաժեշտ:
5. Կողմերն իրավունք ունեն միջնորդություն հարուցել` նոր վկաներ կանչելու, փորձաքննություն նշանակելու, իրեղեն ապացույցներ և փաստաթղթեր պահանջելու մասին: Հարուցված միջնորդությունները լուծվում են սույն օրենսգրքի 331 հոդվածով սահմանված կանոններով, ընդ որում, վերաքննիչ դատարանն իրավունք չունի միջնորդությունները մերժել այն հիմքով, թե դա չի բավարարվել առաջին ատյանի դատարանի կողմից: