Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-12-30-ից մինչև 2007-01-04։Բացել գործող տեքստը
ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 41 · ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Հոդված 314. ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԿԱՐԳԸ

գործել է մինչև 2007-01-04Բացել ARLIS-ում

Հոդված 314. ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԿԱՐԳԸ

1. Դատավորների` դատական նիստի դահլիճ մտնելու պահին դատական նիստի քարտուղարը հայտարարում է. «Դատարանը գալիս է»: Դատական նիստի դահլիճում բոլոր ներկա գտնվողները ոտքի են կանգնում:

2. Դատական քննության բոլոր մասնակիցները դատարանին դիմում են «Հարգելի դատարան» արտահայտությամբ, որից հետո ոտքի կանգնած անում են անհրաժեշտ հայտարարություններ, հարուցում են միջնորդություններ, բացարկներ: Դատարանին դիմելու կանոններից շեղում թույլատրվում է նախագահողի թույլտվությամբ:

3. Նախագահողի կարգադրությունները պարտադիր են դատական քննությանը մասնակցող կամ դատական նիստին ներկա գտնվող յուրաքանչյուր անձի համար:

4. Տասնվեց տարեկանից փոքր անձանց դատական նիստի դահլիճ մտնել չի թույլատրվում, եթե նրանք կողմ կամ վկա չեն:

5. Դատական նիստի կարգը խանգարող ամբաստանյալին նախագահողը նախազգուշացնում է, իսկ կրկին խանգարելու դեպքում դատարանի որոշմամբ նա կարող է հեռացվել նիստերի դահլիճից։

Եթե դատարանը գտնում է, որ դատական նիստին ամբաստանյալի հետագա ներկայությունը կարող է հանգեցնել դատական նիստի վարման սահմանված կարգի խախտման՝ դատարանի կամ դատավարության մասնակիցների հասցեին ակնհայտ կոպիտ վիրավորանքի կամ այլ արտառոց վարքի դրսևորման կապակցությամբ, ապա նախագահողը դատարանի որոշմամբ նրան կարող է հեռացնել նիստերի դահլիճից անմիջապես՝ առանց նախազգուշացման։

Նշված դեպքերում գործի քննությունը շարունակվում է ամբաստանյալի բացակայությամբ, սակայն դատավճիռը հրապարակվում է նրա ներկայությամբ, իսկ մինչ այդ դատական դահլիճ վերադարձած ամբաստանյալի համար ընթերցվում են դատական նիստի արձանագրության մեջ ընդգրկված, նրա բացակայությամբ հարցաքննված դատավարության մասնակիցների ցուցմունքները, և նրան հնարավորություն է ընձեռվում անհրաժեշտ ցուցմունքներ և հարցեր տալու իր բացակայությամբ հարցաքննված դատավարության մասնակիցներին, ինչպես նաև պատասխանելու առաջադրված մեղադրանքին։

6. Դատական նիստի ժամանակ կարգը խախտող մյուս անձանց դատարանը իրավունք ունի նախազգուշացնելու, իսկ անհրաժեշտության դեպքում հեռացնելու նիստերի դահլիճից, օրենքով նախատեսված դեպքերում նրանց նկատմամբ նշանակելու տուգանք։

(314-րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։