Հոդված 10. Սննդային ճարպայուղային արտադրանքի արտադրության պրոցեսին ներկայացվող պահանջները
Հոդված 10. Սննդային ճարպայուղային արտադրանքի արտադրության պրոցեսին ներկայացվող պահանջները
1. Սննդային ճարպայուղային արտադրանքի արտադրությունն իրականացվում է սույն Տեխնիկական կանոնակարգի 11-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:
2. Սննդային ճարպայուղային արտադրանքի հետ շփման մեջ գտնվող նյութերը և արտադրատեսակները պետք է համապատասխանեն Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:
3. Ագրեգատային տարբեր վիճակներում՝ սննդային ճարպայուղային արտադրանքի արտադրության պրոցեսում օգտագործվող ջրին ներկայացվող պահանջները պետք է համապատասխանեն Մաքսային միության համապատասխան տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին:
4. Արտադրության պրոցեսում մթերքի հետ շփման մեջ գտնվող օդը չպետք է աղտոտման աղբյուր դառնա սննդային ճարպայուղային արտադրանքի համար:
5. Օգտագործվող հումքը, սննդային հավելումները և այլ սննդային բաղադրամասեր պետք է համապատասխանեն Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:
Չձևափոխված և ձևափոխված բուսական յուղերը կամ դրանց խառնուրդները ջրային տրանսպորտով լցովի փոխադրումից հետո սննդային ճարպայուղային արտադրանքի արտադրության տեխնոլոգիական պրոցեսում ենթակա են զտման լրիվ կամ մասնակի ցիկլով կամ կրկնակի զտման (լրացուցիչ մաքրման)՝ ներառյալ հոտազերծումը՝ ապահովելով օքսիդացման հետևանքով փչացման ցուցանիշների հսկողությունը։ Ընդ որում, չձևափոխված և ձևափոխված բուսական յուղերի կամ դրանց խառնուրդների արտադրական վերահսկողության ծրագրում ներառված ցուցանիշի արժեքը հոտազերծման պրոցեսի ավարտի փուլում (հոտազերծիչից ելքի ժամանակ) չպետք է գերազանցի 0,2 մէկվ ակտիվ թթվածինը/կգ։
Զտված կամ կրկնակի զտված (լրացուցիչ մաքրված) և մարդու կողմից սննդի մեջ անմիջական օգտագործման համար կամ սննդամթերքի արտադրության մեջ օգտագործման համար նախատեսված չձևափոխված և ձևափոխված բուսական յուղերը կամ դրանց խառնուրդները պետք է համապատասխանեն՝ սույն տեխնիկական կանոնակարգի 1-3-րդ հավելվածներով և Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) մյուս այն տեխնիկական կանոնակարգերով նախատեսված անվտանգության ցուցանիշների թույլատրելի մակարդակներին ներկայացվող պահանջներին, որոնց գործողությունը տարածվում է դրանց վրա։
6. Սննդային ճարպայուղային արտադրանքի արտադրությունը պետք է իրականացվի Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանող շենքերում և արտադրական տարածքներում:
7. Օգտագործվող տեխնոլոգիական սարքավորումները և գույքը պետք է համապատասխանեն Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:
8. Սննդային ճարպայուղային արտադրանքի արտադրության թափոնների պահումը և հեռացումը պետք է կատարվի սույն Տեխնիկական կանոնակարգի 12-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:
9. Սննդային ճարպայուղային արտադրանքի արտադրության մեջ կարող է ներգրավվել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանող անձնակազմ:
10. Արտադրական հսկողությունը կազմակերպվում է սույն Տեխնիկական կանոնակարգի 13-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:
(10-րդ հոդվածը լրաց. ԵՏՀԽ 12.12.23 թիվ 149)