Հոդված 48
Հոդված 48.
Ներառում է աորտայի, մագիստրալ, պերիֆերիկ անոթների, ավշային անոթների հիվանդությունները, բնածին արատները, վնասումների հետևանքները և հետվիրահատական վիճակները, որոնք փորձաքննվում են ըստ արյան, ավշային շրջանառության և օրգանների կամ վերջույթների գործառույթների խանգարման աստիճանի:
«Ա» կետին են վերաբերում՝
1) կենտրոնական զարկերակային և երակային անևրիզմները (հինգերորդ սյունակով փորձաքննվողների համար կիրառվում է «բ» կետը՝ կախված արյան շրջանառության և գործառույթի խանգարման աստիճանից).
2) վերջույթների խցանող աթերոսկլերոզը, էնդարտերիտը, թրոմբանգիտը, աորտոարտերիտը (հինգերորդ սյունակով փորձաքննվողների համար կիրառվում է «բ» կետը՝ կախված արյան շրջանառության և գործառույթի խանգարման աստիճանից).
3) աորտայի աթերոսկլերոզը, վիսցերալ ճյուղերի լրիվ կամ մասնակի խցանումը (հինգերորդ սյունակով փորձաքննվողների համար կիրառվում է «բ» կետը՝ կախված արյան շրջանառության և ֆունկցիայի խանգարման աստիճանից).
4) դռներակի կամ սիներակի թրոմբոզը (հինգերորդ սյունակով փորձաքննվողների համար կիրառվում է «բ» կետը՝ կախված արյան շրջանառության և գործառույթի խանգարման աստիճանից).
5) խոշոր մագիստրալ անոթների (աորտա, զստային, ազդրային, բրախիոցեֆալ, դռներակ կամ սիներակ) և պերիֆերիկ անոթների ռեկոնստրուկտիվ վիրահատությունների հետևանքները, երբ պահպանվում են արյան շրջանառության զգալի խանգարումը և հիվանդության պրոգրեսիվ ընթացքը.
6) Կավա ֆիլտրի առկայությունը (հինգերորդ սյունակով փորձաքննվողների համար կիրառվում է «բ» կամ «գ» կետը՝ կախված արյան շրջանառության և գործառույթի խանգարման աստիճանից).
7) խոշոր անոթների հրազենային և այլ վնասվածքներից հետո վիճակները՝ նույնիսկ առանց արյան շրջանառության և գործառույթի խանգարման (հինգերորդ սյունակով փորձաքննվողների համար կիրառվում է «բ» կամ «գ» կետը՝ կախված արյան շրջանառության և գործառույթի խանգարման աստիճանից).
8) հաճախակի կրկնվող թրոմբոֆլեբիտը, ֆլեբոտրոմբոզը, երակների խրոնիկ հիվանդությունը C5-C6՝ խոցերի և հետխոցային սպիների առկայությամբ (CEAP դասակարգում): Վիրահատական ցուցման դեպքում հինգերորդ սյունակով փորձաքննվողներին առաջարկվում է վիրահատական բուժում, որից հետո փորձաքննությունն իրականացվում է ըստ գործառույթի խանգարման աստիճանի՝ «բ» կամ «գ» կետով.
9) երակների խրոնիկ հիվանդությունը C4 (CEAP դասակարգում)` հիպերպիգմենտացիայով և կամ երակային էկզեմայով, մաշկի լիպոդերմատոսկլերոզով և կամ ատրոֆիայով (հինգերորդ սյունակով փորձաքննվողների համար ցուցման դեպքում առաջարկվում է վիրահատական բուժում, որից հետո փորձաքննությունն իրականացվում է ըստ գործառույթի խանգարման աստիճանի՝ «բ» կամ «գ» կետով).
10) փղագարությունը և երրորդ-չորրորդ փուլի լիմֆեդեման:
«Բ» կետին են վերաբերում՝
1) երակների խրոնիկ հիվանդությունը C3 (դասակարգում ըստ СЕАР)` կայուն այտուցով (հինգերորդ սյունակով փորձաքննվողների համար կիրառվում է «բ» կամ «գ» կետը՝ կախված արյան շրջանառության և գործառույթի խանգարման աստիճանից).
2) պերիֆերիկ զարկերակների ֆունկցիոնալ հիվանդությունը` տրոֆոպարալիտիկ փուլում (խոցերի առկայությամբ կամ պահպանվող այտուցով).
3) երկրորդ փուլի լիմֆեդեման.
4) ցողունային երակահատումները, եթե բուժումից հետո պահպանվում է խորանիստ երակային համակարգի փականային անբավարարությունը:
«Գ» կետին են վերաբերում՝
1) երակների խրոնիկ հիվանդությունը С2 (դասակարգում ըստ СЕАР)` ենթամաշկային երակների աննշան վարիկոզ փոփոխություններով.
2) երակների խրոնիկ հիվանդությունը С0-С1 (դասակարգում ըստ СЕАР)` բացակայում են ՔԵԱ օբյեկտիվ նշաններ կամ առկա են միայն բնորոշ գանգատներ և ռետիկուլյար վարիկոզ երակներ.
3) պերիֆերիկ զարկերակների ֆունկցիոնալ հիվանդությունները՝ անգիոսպաստիկ փուլում (դաստակի և/կամ ոտնաթաթի մատների անոթների նոպայաձև սպազմ).
4) առաջին փուլի լիմֆեդեման՝ ոտնաթաթի թիկնային մակերեսի աննշան այտուցով, որն անհետանում է հանգստից հետո.
5) ցողունային երակահատումներից հետո վիճակները, եթե չկա երակային համակարգի փականային անբավարարություն:
«Դ» կետով են փորձաքննվում քրոնիկ զարկերակային անբավարարությամբ 2Ա աստիճանի աթերոսկլերոզը, աորտոարտերիտը, խցանող թրոմբանգիտը, II աստիճանի երակային անբավարարությամբ վարիկոզ հիվանդությունը, II փուլի լիմֆեդեման՝ արյան կամ ավշային շրջանառության ժամանակավոր խանգարումով:
Անոթների հիվանդությունների և վնասվածքների հետևանքների ախտորոշումը կատարվում է արյան կամ ավշային շրջանառության և կամ գործառույթների խանգարման աստիճանի գնահատմամբ: Փորձաքննական եզրակացությունը կայացվում է կլինիկական պատկերի, գործիքային հետազոտությունների արդյունքում՝ զարկերակների, խորանիստ և ենթամաշկային երակների փականային անբավարարության և անցանելիության աստիճանի որոշմամբ:
Պերիֆերիկ զարկերակների ֆունկցիոնալ հիվանդությունները` անգիոպարալիտիկ փուլում, որոնք ուղեկցվում են ցրտային գրգռիչով պայմանավորված կայուն այտուցով, փորձաքննվում են «ե» կետով` 1-ին և 2-րդ սյունակներով փորձաքննվողները ճանաչվում են սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար՝ ծառայության հեշտացված օրվա կարգացուցակով:
Մագիստրալ զարկերակների աթերոսկլերոզը՝ առանց հեմոդինամիկ խանգարումների, հինգերորդ սյունակով փորձաքննվողների համար զինվորական ծառայությանը խոչընդոտ չի հանդիսանում: Հրազենային կամ ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայողները պարտադիր պետք է փորձաքննության ներկայացվեն հոգեբույժի կողմից կատարված կոնսուլտացիայի տվյալներով: Հետազոտության մեթոդներն ըստ ցուցումների՝
1) դուպլեքս սկանավորում.
2) կոնտրաստային մուլտիսպիրալ ՀՇ-անգիոգրաֆիա.
3) ուղղակի անգիոգրաֆիա.
4) ՄՌՇ անգիոգրաֆիա:
(48-րդ հոդվածը լրաց., փոփ. 01.06.23 N 899-Ն, խմբ. 19.12.24 N 2012-Ն)