Հոդված 22
Հոդված 22.
Ներառում է հրթիռային վառելիքի բաղադրամասերով և այլ թունանյութերով թունավորումների, ԷՄԴ-ի սուր կամ քրոնիկական ներգործության հետևանքները, ճառագայթային հիվանդությունը, ինչպես նաև ալերգիկ հիվանդությունները, որոնք հաստատվել են ստացիոնար պայմաններում: Թունավոր և ալերգիկ ներգործություններից հետո անբարենպաստ ելքերի դեպքում փորձաքննությունը իրականացվում է նաև ախտահարված օրգանի կամ համակարգի գործառույթներով (սրտամկանի, հոդերի, անոթների, արյան և այլն)` համաձայն համապատասխան հոդվածների: Սուր հիվանդության պատճառով զինծառայողներին արձակուրդ տրամադրելու անհրաժեշտության մասին եզրակացություն է կայացվում այն դեպքում, երբ խանգարված օրգանների գործառույթների և աշխատունակության լիակատար վերականգնման համար պահանջվում է առնվազն 1 ամիս:
«Ա» կետին են վերաբերում թունավորումների, ԷՄԴ-ի սուր կամ քրոնիկական ներգործության հետևանքները, ճառագայթային հիվանդությունը, ալերգիկ հիվանդությունները, երբ փորձաքննվողի աշխատունակությունը խիստ նվազած է, առկա է ախտահարված օրգանի կամ համակարգի գործառույթի խիստ արտահայտված խանգարում, ստացած բուժումից նկատելի արդյունք չկա կամ ժառանգական անգիոայտուցը:
«Բ» կետին են վերաբերում թունավորումների, ԷՄԴ-ի սուր կամ քրոնիկական ներգործության հետևանքները, ճառագայթային հիվանդությունը, ալերգիկ հիվանդությունները, երբ փորձաքննվողի աշխատունակությունը նվազած է, առկա է ախտահարված օրգանի կամ համակարգի գործառույթի չափավոր արտահայտված խանգարումով, ստացած բուժումը արդյունավետ է:
«Գ» կետին են վերաբերում տարած սուր թունավորումների, ԷՄԴ-ի և ճառագայթային ներգործության սուր հետևանքների, ալերգիկ հիվանդությունների ստացիոնար բուժում չպահանջող վիճակները, երբ փորձաքննվողի աշխատունակությունը պահպանված է, առկա է ախտահարված օրգանի կամ համակարգի գործառույթի ժամանակավոր խանգարումով, ստացած բուժումը արդյունավետ է:
«Դ» կետին են վերաբերում ստացիոնար բուժում չպահանջող, սուր հիվանդություններից հետո բարեհաջող ելքով վիճակները` առանց օրգանի կամ համակարգի գործառույթի խանգարման:
ՌՆ, ԻՃ այլ աղբյուրների հետ աշխատող և տարեկան թույլատրելի չափը 5 անգամ գերազանցող ճառագայթային չափաքանակ ստացած զինծառայողներն ուղեգրվում են ստացիոնար հետազոտման: Ճառագայթային հիվանդություն տարած անձանց փորձաքննության ժամանակ նկատի են առնվում ոչ միայն պերիֆերիկ արյան բաղադրության փոփոխությունները, այլև հիվանդության կլինիկական մյուս դրսևորումները: I աստիճանի ճառագայթային հիվանդություն տարած ժամկետային պարտադիր ծառայության շարքային կազմի զինծառայողների և II աստիճանի սուր ճառագայթային հիվանդություն տարած և աննշան մնացորդային երևույթների առկայության դեպքում հինգերորդ սյունակով փորձաքննվողների համար կիրառվում է «գ» կետը:
Էլեկտրամագնիսական դաշտի II-III աստիճանի քրոնիկական ներգործության համախտանիշի կրկնության դեպքում (նույնիսկ հիվանդության բարենպաստ ելքի պայմաններում) զինծառայողները ճանաչվում են ոչ պիտանի` էլեկտրամագնիսական դաշտեր ստեղծող աղբյուրների հետ աշխատելու համար: Առանց որևէ հետևանքի սուր ճառագայթային հիվանդություն տարած անձինք «դ» կետի համաձայն ճանաչվում են պիտանի զինվորական ծառայության համար, սակայն ոչ պիտանի ՌՆ և Իճ այլ աղբյուրներով աշխատելու համար:
Ալերգիկ հիվանդություններով անձանց փորձաքննության ժամանակ հաշվի է առնվում ալերգիկ դրսևորումների հաճախականությունը, ալերգենների բնույթը, տարած բարդությունները, տարած համակարգային դրսևորումների առկայությունը (անաֆիլակտիկ շոկ, անգիոայտուց (անոթայտուց), շիճուկային հիվանդություն և այլն), ստացված բուժումը, բուժման արդյունավետությունը: Փորձաքննության որոշումը կայացվում է ալերգոլոգիական բաժանմունքներից ներկայացված ակտերի և այլ բժշկական փաստաթղթերի (բժշկական անձնագիր, էպիկրիզներ, ամբուլատոր քարտ, հիվանդության պատմագրեր, լուսանկարներ և այլն) ուսումնասիրության և համադրման արդյունքում: Փորձաքննության ժամանակ տարած ախտաբանական վիճակը որպես համակարգային դրսևորում գնահատելիս անհրաժեշտ է հաշվի առնել արձանագրված անհետաձգելի բուժօգնության ցուցաբերման անհրաժեշտությունը, ցուցաբերած բուժօգնության, ստացված բուժման ծավալը, տևողությունը, բուժման արդյունքը և այլն: Անձնական գործում (հիվանդության պատմագրում) պետք է կցել փորձաքննությանը ներկայացվող ալերգիկ եղնջացան ունեցող կամ անգիոայտուցի (անոթայտուցի) դրսևորումներով անձանց հիվանդությունը հաստատող լուսանկարները` կատարված հետազոտման ընթացքում: Հետազոտման ժամանակ զինակոչիկի ակտում ալերգոլոգիական կլինիկայի կողմից պետք է նշվի պրոֆպատվաստումների նկատմամբ հակացուցումների առկայությունը կամ բացակայությունը:
«Բ» կետով են փորձաքննվում նաև՝
1) քրոնիկական ընթացքով, բուժմանը դժվար ենթարկվող, հաճախակի կրկնվող, ամիսը 3 անգամ և ավել, համակարգային դրսևորումներով կամ անգիոայտուցով (անոթայտուցով) ուղեկցվող, ալերգիկ հիվանդություններով անձինք (հաստատված ակտերով, բժշկական փաստաթղթերով (բժշկական անձնագիր, էպիկրիզներ, հիվանդության պատմագրեր և այլն)).
2) ովքեր տառապում են խրոնիկական ռեցիդիվող, ամիսը երեք և ավելի անգամ կրկնվող, բուժմանը դժվար ենթարկվող եղնջացանով.
3) ովքեր տառապում են դեղորայքային ալերգիայով, եթե դեղորայքը մշտապես կիրառվում զինված ուժերում բուժական միջոցառումների ժամանակ և չի կարող փոխարինվել այլ դեղորայքով.
4) ովքեր տառապում են սննդային ալերգիայով (հաստատված ստացիոնար պայմաններում իրականացված բժշկական հետազոտություններով), եթե ալերգեն հանդիսացող սնունդը մշտապես կիրառվում է զինված ուժերի սննդային ռացիոնում:
«Գ» կետով են փորձաքննվում նաև՝
1) առանց բարդությունների դեղորայքային, սննդային և ինսեկտային ալերգիա ունեցող անձինք.
2) միջին ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո խիստ արտահայտված խոլինէրգիկ եղնջացանով անձինք:
«Դ» կետով են փորձաքննվում նաև՝
1) անհայտ պատճառներից սուր ալերգիկ երևույթներ տարած անձինք, որոնց մոտ ալերգիկ երևույթները մեկ տարվա ընթացքում ի հայտ են եկել 2-3 անգամից ոչ ավելի, հեշտությամբ անցնում է բուժման կուրսից հետո, չեն ուղեկցվում բարդություններով.
2) նախկինում անգիոայտուց (անոթայտուց) տարած անձինք, եթե անգիոայտուցի (անոթայտուցի) վերաբերյալ տվյալները փորձաքննական տեսանկյունից բավարար չեն, բացակայում են հիվանդության վերաբերյալ փաստերը, կամ եթե տարած անգիոայտուցի (անոթայտուցի) վաղեմության ժամկետը 1 տարի և ավելի է, բացակայում են տվյալներ ռեցիդիվների և ստացված բուժման վերաբերյալ: Անհրաժեշտության դեպքում ծառայության ընթացքում նրանք պետք է ապահովվեն հակաալերգիկ պատրաստուկներով, ինչպես նաև առաջին ինքնաօգնության միջոցներով: Նրանց արգելվում է ծառայության ընթացքում ուղարկել այնպիսի վայրեր, որտեղ մասնագիտացված բժշկական օգնությունը կարող է ուշանալ 30 րոպեից ավել.
3) դեղորայքային ալերգիա ունեցող անձինք, ում մոտ հայտնաբերվել է մինչև 2 դեղորայքի նկատմամբ դրական ռեակցիա, դեղամիջոցները խիստ անհրաժեշտ չեն զինված ուժերում բուժում անցկացնելու համար կամ հնարավոր է փոխարինել համարժեք դեղորայքով: Նմանատիպ դեպքերում բժշկական գրքույկում պարտադիր կատարվում է համապատասխան գրառում, այնուհետև զինծառայողը զորամասում վերցվում է դիսպանսեր հսկողության.
4) ալերգենի նկատմամբ թույլ դրական ռեակցիա ունեցողները:
(22-րդ հոդվածը լրաց., փոփ. 01.06.23 N 899-Ն)