Հոդված 2. Օրենսգրքի 8-րդ հոդվածում՝
Հոդված 2. Օրենսգրքի 8-րդ հոդվածում՝
1) 5-րդ մասի առաջին և երկրորդ պարբերությունների «5 օրվա» բառերը փոխարինել «10 օրվա» բառերով.
2) 5-րդ մասի չորրորդ պարբերությունը «ներկայացման կարգը» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև հայտարարագրում ներառված՝ հրապարակման ոչ ենթակա տվյալների ցանկը» բառերով.
3) 6-րդ մասը «համացանցային կայքում» բառերից հետո լրացնել «՝ բաց տվյալների ձևաչափով» բառերով.
4) 7-րդ մասի առաջին նախադասությունը «ըստ գտնվելու վայրի ընտրողների» բառերից հետո լրացնել «, նախընտրած վայրի ընտրողների» բառերով, իսկ երկրորդ նախադասությունը «ըստ գտնվելու վայրի ընտրողների,» բառերից հետո՝ «նախընտրած վայրի ընտրողների,» բառերով.
5) 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«8. Ընտրողները սույն օրենսգրքով սահմանված կարգով տեղեկացվում են ընտրական հանձնաժողովների կազմերի, գտնվելու վայրերի, աշխատաժամերի, ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունների վերաբերյալ դիմումներ տալու ժամկետների, թեկնածուների առաջադրման և գրանցման ժամկետների, քվեարկության օրվա, տեղի, ժամանակի, քվեարկության և ընտրությունների արդյունքների մասին:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրություն նշանակելու վերաբերյալ հրամանագիրն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում ընտրություն նշանակվելու վերջնաժամկետի ավարտից հետո՝ եռօրյա ժամկետում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում հրապարակում է ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում՝ նաև այն համայնքների ցանկը, որտեղ անցկացվելու են ընտրությունները:
Սույն մասով սահմանված ժամկետներում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանրային տեսալսողական հեռարձակողի և հանրային լսողական հեռարձակողի եթերով հրապարակում է տեղեկատվություն ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունների վերաբերյալ դիմումներ ներկայացնելու ժամկետների, թեկնածուների առաջադրման և գրանցման ժամկետների, ինչպես նաև քվեարկության օրվա և ժամանակի մասին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանրային տեսալսողական հեռարձակողի և հանրային լսողական հեռարձակողի եթերով ընտրողների համար հրապարակում է նաև տեղեկատվություն իրենց ընտրական տեղամասի համարի և տեղամասային կենտրոնի հասցեի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու միջոցի և ձևի մասին:».
6) 9-րդ մասի երկրորդ պարբերության «հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով» բառերը փոխարինել «հանրային տեսալսողական հեռարձակողի և հանրային լսողական հեռարձակողի ուղիղ եթերով» բառերով.
7) 11-րդ մասը «հանձնարարությամբ» բառից հետո լրացնել «, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի գրավոր հանձնարարությամբ» բառերով.
8) 11.1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11.1. Ազգային ժողովի ընտրությունների, ինչպես նաև համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրությունների ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով անցկացված մրցույթի արդյունքով ընտրված մասնագիտացված կազմակերպությունն իրականացնում է ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի, քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նիստերի տեսանկարահանում և միաժամանակյա համացանցային հեռարձակում՝ ուղիղ ժամանակային ռեժիմում՝ հատուկ ստեղծված կայքի (կայքերի) միջոցով: Հեռարձակման ժամանակ տեսագրության վրա պետք է տեսանելի լինեն իրական ժամանակը և տեղամասային կենտրոնի համարը, իսկ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նիստերի դեպքում՝ իրական ժամանակը և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի համարը։
Տեսանկարահանումը պետք է իրականացվի անշարժ տեսախցիկների միջոցով: Տեսախցիկների տեսադաշտում պետք է լինեն քվեատուփը, ընտրողների գրանցման, քվեարկության ծրարների ու քվեաթերթիկների հատկացման և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացները: Տեսանկարահանումը և համացանցային հեռարձակումը պետք է իրականացվեն սույն օրենսգրքով սահմանված՝ քվեարկության գաղտնիության սկզբունքի պահպանմամբ:
Սահմանված կարգով ընտրված մասնագիտացված կազմակերպությունը նաև տեսաձայնագրում և հեռարձակում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների արդյունքների ամփոփման նիստերը և վերահաշվարկը։ Հեռարձակման ժամանակ տեսագրության վրա պետք է տեսանելի լինեն իրական ժամանակը և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի համարը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մասնագիտացված կազմակերպության հետ կնքում է համապատասխան պայմանագիր, որով սահմանվում են նաև սույն մասով նախատեսված կարգով ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի, քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նիստերի և վերահաշվարկի տեսանկարահանման (տեսաձայնագրման) և միաժամանակյա համացանցային հեռարձակման կարգն ու պայմանները, ինչպես նաև տեղամասերի ցանկը։
Տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողը և ընտրական հանձնաժողովները պարտավոր են աջակցել մասնագիտացված կազմակերպությանը տեսանկարահանման (տեսաձայնագրման) և համացանցային հեռարձակման գործընթացը կազմակերպելու հարցում, սակայն պատասխանատվություն չեն կրում գործընթացի կազմակերպման և դրա որակի համար:
Մասնագիտացված կազմակերպության կողմից ընտրական տեղամասում և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում իրականացված տեսանկարահանված (տեսաձայնագրված) նյութերը հասանելի են մնում մասնագիտացված կազմակերպության հատուկ ստեղծած կայքում մինչև ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումը։ Կազմակերպության հետ կնքված պայմանագրով կարող է նախատեսվել ավելի երկար ժամկետ: Տեսանկարահանված (տեսաձայնագրված) նյութերի պատճենները գրավոր դիմումի հիման վրա կարող են տրամադրվել ընտրական հանձնաժողովներին, ընտրություններին մասնակցող թեկնածուներին, կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) և դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպություններին ընտրական իրավունքի պաշտպանության շրջանակներում՝ պատճենահանման ինքնարժեքի վճարման պայմանով: Դիմումը կարող է ներկայացվել Կենտրոնական ընտրական հանձնաժողով մինչև ընտրական հանձնաժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշման վիճարկման համար սահմանված ժամկետի ավարտը, իսկ այդ որոշման վիճարկման դեպքում` մինչև վերջնական դատական ակտի ընդունումը: Դիմումը պետք է ներառի ընտրության անվանումը և համապատասխանաբար այն ընտրական տեղամասի համարը կամ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի համարը, որի տեսանկարահանված (տեսաձայնագրված) նյութերից պահանջվում է պատճենը, և դիմումի հետ պետք է ներկայացվի մասնագիտացված կազմակերպության սահմանած պահանջները բավարարող էլեկտրոնային կրիչ։
Տեսանկարահանված (տեսաձայնագրված) նյութերն արխիվացվում և պահպանվում են քվեարկությունից հետո` հինգ տարի ժամկետով: Տեսանկարահանված (տեսաձայնագրված) նյութերն արտահանելու, իրավասու մարմին հանձնելու և արխիվացնելու կարգը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։».
9) 13-րդ մասն ուժը կորցրած ճանաչել: