Հոդված 31. Օրենսգրքի 43-րդ հոդվածում՝
Հոդված 31. Օրենսգրքի 43-րդ հոդվածում՝
1) վերնագիրը «կարգը» բառից հետո լրացնել «և հանձնաժողովի անդամների պարտադիր ատեստավորումը» բառերով.
2) 1-ին մասը «կազմված է» բառերից հետո լրացնել «ոչ ավելի, քան» բառերով.
3) 2-րդ մասի «պակաս լինի երկուսից» բառերը փոխարինել «պակաս լինի երեքից» բառերով.
4) 8-րդ մասի «որակավորման վկայականներ ստացած անձանցից» բառերը փոխարինել «որակավորման վկայականներ ստացած քաղաքացիներից» բառերով.
5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-8.3-րդ մասերով.
«8.1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամները ենթակա են ամենամյա պարտադիր ատեստավորման, որն անցկացվում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների ստուգման նպատակով։ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների ատեստավորումն անցկացվում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի անմիջական մասնակցությամբ։ Ատեստավորման անցկացման նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ձևավորում է ատեստավորման հանձնաժողով: Ատեստավորման ժամանակացույցը, ատեստավորման հանձնաժողովի կազմը, աշխատակարգը, ձևավորման և ատեստավորում անցկացնելու կարգը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամը ենթակա է ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամանակացույցին համապատասխան, բայց ոչ ուշ, քան եռամսյա ժամկետում:
Ատեստավորման ենթակա ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամները ոչ ուշ, քան ատեստավորումից մեկ ամիս առաջ տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին:
8.2. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների ատեստավորումն անցկացվում է ստուգարքի և հարցազրույցի միջոցով ատեստավորման հանձնաժողովի կողմից: Ստուգարքի և հարցազրույցի հարցերը կազմում է ատեստավորման հանձնաժողովը։
Ատեստավորման հանձնաժողովն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների ատեստավորման արդյունքներով ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.
1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.
2) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:
Ատեստավորման հանձնաժողովի քվեարկության արդյունքով ընդունված է համարվում այն որոշումը, որն ստացել է հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները: Սույն մասի 1-ին և 2-րդ կետերում նշված որոշումները կարող են ընդունվել ատեստավորման հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ի մասնակցությամբ։
8.3. Ատեստավորման մասնակցած ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի այն անդամները, որոնց վերաբերյալ կայացվել է սույն հոդվածի 8.2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված որոշումը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամանակացույցին համապատասխան, բայց ոչ ուշ, քան որոշումն ընդունվելուց հետո՝ եռամսյա ժամկետում, կրկին անցնում են ատեստավորում: Կրկնակի ատեստավորման արդյունքներով ատեստավորման հանձնաժողովի զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին որոշում ընդունվելուց հետո՝ եռօրյա ժամկետում, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից։»։