Հոդված 23. Օրենսգրքի 28-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 23. Օրենսգրքի 28-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 28. Նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրը
1. Թեկնածուները, ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) իրենց նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրը ներկայացնում են վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն նախընտրական քարոզչությունն սկսվելուց հետո` 10-րդ օրը, Ազգային ժողովի, համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների հերթական ընտրությունների ժամանակ՝ նաև 20-րդ օրը, ինչպես նաև ընտրությունների արդյունքների ամփոփման համար՝ սույն օրենսգրքով սահմանված ժամկետից ոչ ուշ, քան 3 օր առաջ:
Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլ անցկացվելու դեպքում երկրորդ փուլին մասնակցող կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրը ներկայացնում է վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն՝ ընտրությունների արդյունքների ամփոփման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետից ոչ ուշ, քան 3 օր առաջ:
Հայտարարագրին կցվում են սույն օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասում նշված, ինչպես նաև նախընտրական քարոզչության նպատակով կատարված և հայտարարագրման ենթակա այլ ծախսերը հիմնավորող փաստաթղթերը (պայմանագիր, հանձնման-ընդունման ակտ, հաշիվ-ապրանքագիր, վճարման անդորրագիր և այլն)։ Նախընտրական ժողովներ, ընտրողների հետ հանդիպումներ և նախընտրական քարոզչության հետ կապված այլ միջոցառումներ անցկացնելու նպատակով դահլիճների, տարածքների և ընտրական շտաբների կոմունալ ծախսերը, ինչպես նաև նախընտրական քարոզչության նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցների վառելիքի հետ կապված ծախսերը համարվում են հայտարարագրման ոչ ենթակա ծախսեր:
2. Հայտարարագրի էլեկտրոնային ձևը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Հայտարարագրի ձևը ներառում է նաև ուղեցույց հայտարարագիրը կազմելու և ներկայացնելու կարգի ու ժամկետների մասին:
3. Հայտարարագրում նշվում են`
1) նախընտրական հիմնադրամ կատարված մուծումների ամսաթիվը, մուծման գումարի չափը և մուծումներ կատարած անձանց անունը, ազգանունը կամ անվանումը,
2) սույն օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված յուրաքանչյուր աշխատանքի, ծառայության, ապրանք ձեռք բերելու համար կատարված ծախսերը, դրանց կատարման ժամկետը, ծախսերի կատարումը հաստատող փաստաթղթերի տվյալները,
3) սույն օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված յուրաքանչյուր աշխատանքի, ծառայության, ապրանք ձեռք բերելու համար կատարվելիք ծախսերը, որոնց վճարումն իրականացվելու է հայտարարագիրը ներկայացնելու՝ սույն օրենսգրքով սահմանված ժամկետից հետո` հայտարարագրին կցելով ծախսերի կատարման անհրաժեշտությունը հավաստող փաստաթղթեր,
4) հիմնադրամում մնացած գումարի չափը:
4. Հայտարարագրերը ներկայացվելուց հետո` եռօրյա ժամկետում, տեղադրվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:»։