Հոդված 11.11. Փաստահավաք հանձնաժողովի անդամի ընտրության կարգը
Հոդված 11.11. Փաստահավաք հանձնաժողովի անդամի ընտրության կարգը
1. Փաստահավաք հանձնաժողովի կազմում թեկնածուների ներգրավումն իրականացվում է երկու փուլով:
2. Առաջին փուլի ընթացքում թեկնածուներին ներգրավելու նպատակով Փաստահավաք հանձնաժողովի անդամների ընտրությունից առնվազն 30 օր առաջ Հանրային խորհրդի գործունեությունն ապահովող քարտուղարության օժանդակությամբ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և Կառավարության պաշտոնական համացանցային կայքում հրապարակվում է մրցույթի հայտարարություն, որի շրջանակում սույն օրենքի 11.10-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ոչ առևտրային կազմակերպությունները առաջադրում են սույն օրենքի 11.10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին համապատասխանող թեկնածուին: Փաստահավաք հանձնաժողովում ընտրվելու նպատակով ոչ առևտրային կազմակերպությունների կողմից թեկնածուների ներկայացման կարգը, ներկայացվող փաստաթղթերի ցանկը, դրանց ներկայացման և ուսումնասիրման կարգը սահմանում է Կառավարությունը:
3. Առաջին փուլի ընթացքում սահմանված ժամկետում անհրաժեշտ փաստաթղթերը Հանրային խորհրդի գործունեությունն ապահովող քարտուղարության կողմից ուսումնասիրվելուց հետո սույն օրենքի 11.10-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխանող ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացրած՝ սույն օրենքի 11.10-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխանող անձինք ներառվում են Փաստահավաք հանձնաժողովի անդամների թեկնածուների շարքում:
4. Երկրորդ փուլում գնահատվում է թեկնածուի համապատասխանությունը սահմանված պահանջներին: Երկրորդ փուլի ընթացքում առաջին փուլը հաղթահարած թեկնածուները հրավիրվում են բանավոր հարցազրույցի: Հարցազրույցն անցկացվում է Հանրային խորհրդի՝ այդ նպատակով հրավիրված նիստում: Հարցազրույցը կարող է անցկացվել Հանրային խորհրդի կողմից մեկից ավելի նիստերի գումարման միջոցով: Հարցազրույցի անցկացման նպատակով գումարվող Հանրային խորհրդի նիստի ողջ ընթացքը տեսաձայնագրվում է, որը Փաստահավաք հանձնաժողովի անդամի թեկնածուի գրավոր համաձայնությամբ և Հանրային խորհրդի որոշմամբ կարող է տրամադրվել այլ անձանց՝ վերջիններիս պահանջով: Հանրային խորհրդի յուրաքանչյուր անդամ ազատ է թեկնածուին ուղղելու հարցադրումներ: Թեկնածուների ընտրության ընթացքում հաշվի են առնվում առաջադրված թեկնածուի փորձառությունը, ծավալած մասնագիտական գործունեությունը, նրա կողմից կամ մասնակցությամբ իրականացված ծրագրերի, հրապարակված աշխատանքների, կատարված հետազոտությունների բնույթը, քանակը, ճանաչվածության աստիճանը, սեռերի հավասար ներկայացվածության և Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերից ու համայնքներից ներգրավվածության ապահովման անհրաժեշտությունը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ:
5. Փաստահավաք հանձնաժողովը ձևավորվելուց հետո Փաստահավաք հանձնաժողովի անդամներն իրենց կազմից ձայների մեծամասնությամբ ընտրում են Փաստահավաք հանձնաժողովի նախագահին: